(կենտրոնական վարչության հովանու ներքո) և Պատանեկան կազմակերպության (Պատանեկան վարիչ մարմնի հովանու ներքո): ՀԵԴ կազմակերպում է օլիմպիական խաղեր, դասախոսություններ, քաղաքական հավաքներ, երգի երեկոներ, ունի երիտասարդական ամառային ճամբարներ Բոստոնի (Քեմփ Հայաստան՝ Արևելյան ԱՄՆ-ի լավագույն ճամբարներից մեկը) և Լոս Անջելեսի մերձակայքում: Հրատարակում է «Հայդուկ» պարբերաթերթը ընդհատումներով:
Հայկական արվեստի ընկերակցություն, հիմնվել է 1934-ին, Լոս Անջելեսում: Նպատակը հայ արվեստագետներին հովանավորելն է, նրանց առաջադիմությանն օժանդակելը: Կազմակերպում է տարեկան մրցույթներ, մրցանակներ շնորհում արվեստի տարբեր բնագավառներում աչքի ընկածներին, օգնում կարիքավոր ուսանողներին:
Ամերիկահայ առաջադիմական միություն, մշակութային կազմակերպություն: Հիմնվել է 1938-ին, Նյու Յորքում՝ ՀՕԿ-ի, Հայ Կարմիր խաչի և Ամերիկայի հայ աշխատավորական միության համատեղ ժողովի որոշմամբ: Նպատակն էր զարգացնել կապերը ամերիկյան ժողովրդի հետ, հանրությանը ներկայացնել Հայաստանի մշակույթը: Ուներ մասնաճյուղեր ԱՍՆ-ի մի շարք քաղաքներում: Միության ամենամյա համագումարում ընտրվել է կենտրոնական վարչություն: Հրատարակելէ «Լրաբեր» շաբաթաթերթը:
Ամերիկահայ ազգային խորհուրդ, հիմնվել է 1942-ին, Նյու Յորքում՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի (1939-45) ընթացքում Հայաստանին զորավիգ կանգնելու նպատակով: Կազմի մեջ ընդգրկվել են Ամերիկահայ առաջադիմական միությունը, ՍԴՀԿ-ն, ՌԱԿ-ը (մինչև 1950-ը) և հայրենակցական միություններ: Ամերիկահայ ազգային խորհրդի նախաձեռնությամբ 1947-ին Նյու Յորքում հրավիրվել է Հայկական համաշխարհային կոնգրես: Նպատակն էր Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ստեղծված պայմաններում վերստին արծարծել Թուրքիայի բռնագրաված հայկական տարածքների վերադարձման հարցը՝ կապված հայերի ներգաղթի կազմակերպման հետ, ինչպես նաև զարկ տալ սփյուռք-հայրենիք կապերի ընդլայնմանը: Մասնակցել է 715 պատգամավոր՝ 22 երկրից, որոնք ներկայացրել են սփյուռքահայ 70 կենտրոնական կազմակերպություններ, 275 մասնաճյուղ, 31 եկեղեցի: Կոնգրեսում ելույթով հանդես է եկել ամերիկյան սենատոր Չառլզ Ու. Թոբին: Կոնգրեսը որոշում էր կայացրել խնդրել ամերիկյան կառավարությանը ՄԱԿ-ի օրակարգի մեջ մտցնել հայկական հողային պահանջների հարցը: Որոշումը մնացել է թղթի վրա, քանի որ սկսված «սառը պատերազմի» պայմաններում Թուրքիայից ամեն մի հողային պահանջ դիտվում էր որպես «կոմունիզմի ծավալում»:
Հայրենազուրկ հայերի օգնության ամերիկյան ազգային կոմիտե (ԱՆՉԱ, American National Committee to Aid Homeless Armenians, ANCHA), հիմնվել է 1948-ին, Սան Ֆրանցիսկոյում՝ Ջորջ Մարտիկյանի և Սուրեն Սարոյանի նախաձեռնությամբ: Տնօրինել է 1940-70-ական թթ. Եվրոպայից, Հայաստանից և Մերձավոր Արևելքի երկրներից հայերի արտագաղթը ԱՄՆ, Կանադա և Ավսարալիա: Սկզբնական շրջանում զբաղվել է Արևմտյան Գերմանիայում հայտնված հայ ռազմագերիների ԱՄՆ տեղափոխմամբ: Հետագայում նպաստել է Հայաստանից և Մերձավոր Արևելքի երկրներից (հատկապես 1956-ի Սուեզի միջադեպի և 1975-76-ի լիբանանյան քաղաքացիական պատերազմի ժամանակ) հայերի արտագաղթին ԱՍՆ, Կանադա, Ավստրալիա: Կազմակերպությունը կենտրոններ ուներ Բեյրութում, Միլանում, Աթենքում, Բրյուսելում, Ժնևում: Կոմիտեի գործունեությունը դադարել է 1979-ին՝ Ջ. Մարտիկյանի մահից հետո:
Լոս Անջելեսի Արարատ տուն, հայ տարեցների տուն: Հիմնվել է 1949-ին, Միշըն Հիլզում (Լոս Անջելեսի մերձակայք): Այստեղ կացարան և խնամք է ստանում 65 և