ՈՒԿՐԱԻՆԱ
Պետություն Արևելյան Եվրոպայում: Տարածքը՝ 603,7 հզ. կմ²: Բնակչությունը՝ 49,5 մլն (2000): Մայրաքաղաքը՝ Կիև (2,6 մլն): Հայերի թիվը՝ շուրջ 130 հզ.:
Դիվանագիտական հարաբերություններ Հայաստանի Հանրապետության և Ուկրաինայի միջև հաստատվել են 1992-ին:
Ժամանակակից Ու-ի տարածքում հայերը բնակություն են հաստատել դեռևս վաղ միջնադարում: Պատմական աղբյուրները տեղեկություններ են պահպանել Կիևյան Ռուսիայում X-XI դդ. հաստատված հայերի մասին: Մասնավորապես հայտնի է, որ 986-ին, երբ հայազգի զորավար Վարդ Փոկասը բյուզանդական գահը գրավելու նպատակով ապստամբություն է բարձրացրել Բյուզանդիայի հայազգի կայսր Բարսեղ II-ի դեմ, վերջինս օգնություն է խնդրել Ռուսիայի մեծ իշխան Վլադիմիր Սվյատոսլավիչից, որը դրա դիմաց պահանջել է կայսեր քրոջ՝ արքայադուստր Աննայի ձեռքը: Բարսեղ II-ը համաձայնել է այդ պահանջին, պայմանով, որ Ռուսիան քրիստոնեություն ընդունի: Ռուսական զորքի օժանդակությամբ ջախջախելով Փոկասին՝ Բարսեղ II-ն իր քրոջը կնության է տվել Վլադիմիրին: Վերջինս, պայմանագրի համաձայն, 988-ին մկրտվել է, ապա Բյուզանդիայի եկեղեցականների օգնությամբ քրիստոնեությունը տարածել նաև ողջ Ռուսիայում: Հայտնի է, որ Աննան եկեղեցիներ կառուցելու համար Բյուզանդիայից Կիև է հրավիրել բազմաթիվ հայ վարպետների: XI դ. Կիևում կառուցված եկեղեցական տաճարների ճարտարապետական ոճի մեջ ակնհայտ է հայկական ոճի ազդեցությունը:
Ս. Սոֆիայի տաճարում (1087) այժմ էլ պահպանվում է Կիևյան մեծ իշխան Յարոսլավ Իմաստունի (1019-54) դամբարանի մարմարե տապանը, որի կափարիչի խաչի շուրջ փորագրված են հայկական զարդաքանդակներ և արձանագրություններ (այժմ ընթեռնելի են միայն առանձին տառեր): XI-XII դդ. կազմավորված Կիևի հայ համայնքի (թեև փոքրաթիվ) գոյությունը փաստում է քաղաքի մոտակայքում կառուցված Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին: Այդ է վկայում նաև Կիև-Պեչորյան «Պատերիկ» ժողովածուում գրառված «Ժիտիե... Ագապի-