ման, հայերի նկատմամբ կիրառված տնտեսական և կրոնական անհանդուրժողականության պատճառով, ինչպես նաև Լեհաստանի վերաբաժանման հետևանքով Լվովի հայ համայնքն անկում է ապրել: 1782-ին Լվովում մնացել էր շուրջ 200 տուն հայ: Լվովը գրաված ավստրիացիները 1787-ին վերացրել են հայկական ինքնավարությունը: Շարունակել է գոյատևել միայն հայ կաթոլիկ արքեպիսկոպոսությունը: Լեհաստանի անկախության վերականգնումը (1918) էական ազդեցություն չի ունեցել Լվովի հայ համայնքի համար: 1939-ին Լվովը միացվել է Խորհրդային Ուկրաինային: XVIII-XIX դդ. Լվովում են գործել հայ պատմաբաններ Յան Տոմաշ Յուզեֆովիչը (1663-1729), Կղեմենս Խոդիկևիչը (1715-97), քանդակագործ Տ. Բարոնչը (1842-1905), արվեստաբան Յան Բոլոզ Անտոնևիչը (1858-1922) և ուրիշներ: 1930-ական թթ. Լվովի հայերը հրատարակել են լեհերեն պարբերականներ: Հայկական եկեղեցիներն ու այլ կազմակերպություններն իրենց գործունեությունը դադարեցրել են Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ:
Լվովի հայկական թաղամասը գտնվում էր հին քաղաքի հյուսիս-արևելքում՝ Կրակովյան դարպասների և կենտրոնի՝ Ռընեկ կոչվող հրապարակի միջև՝ ընդգրկված Հայկական (Ներքին և Վերին), Սկարբկովյան (այժմ՝ Լեսյա Ուկրաինկայի), Կրակովյան փողոցներով: XIV-XV դդ. բնակելի տները 3-4-հարկանի էին (երբեմն՝ միջնահարկով): Պատերազմների և հաճախակի հրդեհների պատճառով թաղամասը կառուցապատվել է քարաշեն տներով, որոնց բնորոշ են հայկական ճարտարապետության ավանդների առանձնահատկություններ:
Լվովի գաղթավայրը եղել է Լեհաստանի և Հարավարևելյան Եվրոպայի հայության ճանաչված հոգևոր կենտրոն: XV-XVI դդ. Լվովի արվարձաններում գործել են 5-ից ավելի, իսկ քաղաքի կենտրոնում՝ 4 հայկական եկեղեցիներ՝ Ս. Աստվածածնի Վերափոխման, Ս. Աննա եկեղեցին՝ իր վանքով, Ս. Հակոբ և Ս. Խաչ եկեղեցիները: XII դ. վերջին գոյություն ունեցող փայտաշեն, ապա աղյուսաշեն եկեղեցու տեղում կառուցվել է (շինարարությունն ավարտվել է 1363-ին) Օձունի եկեղեցին հիշեցնող մայր տաճարը, որը դարձել է աթոռանիստ եկեղեցի: 1381-ին մեծ հրդեհի ժամանակ մայր եկեղեցին այրվել է. վերակառուցվել է Անիի մայր տաճարի նմանակությամբ (աշխատանքներն ավարտվել են 1437-ին): 1364-ից Լվովը Հայ առաքելական եկեղեցու եպիսկոպոսության կենտրոնն էր, իսկ լեհահայերի կաթոլիկացումից հետո՝ Հայ կաթողիկե արքեպիսկոպոսության կենտրոնը:
Հայերն ունեցել են դպրոցներ, գրադարաններ, տպարան (գործել է 1616-18-ին): 1666-1783-ին գործել է Լվովի պապական հայկական սեմինարիումը՝ բարձրագույն ուսումնական հաստատություն, որը պատրաստում էր հոգևորականներ Հայ կաթողիկե եկեղեցու համար: Լվովում տարբեր ժամանակաշրջաններում ապրել և ստեղծագործել են ժամանակագիր Սիմեոն Լեհացին, պատմաբան Սադոկ Բարոնչը, բանաստեղծ Մինաս Թոխաթեցին, մշակույթի և գիտության այլ գործիչներ:
1988-ից Լվովում գործում է հայկական մշակութային «Աղբյուր» ընկերությունը (նախագահ՝ Ա. Աբրահամյան): Նպատակն է Լվովի հայ մշակութային ժառանգության պահպանումը, հայ և ուկրաինական ժողովուրդների բարեկամության ամրապնդումը:
Խարկովում հայեր հաստատվել են դեռևս միջին դարեյաւմ: Հայերի թիվը հատկապես ավելացել է Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, Մեծ եղեռնից հետո՝ Արևմտյան Հայաստանից գաղթածների (հիմնականում՝ խոտորջուրցիներ) հաշվին: 1920-ական թթ. Խարկովում ապրել է ավելի քան 3 հզ. հայ: Քաղաքի կենտրոնում է «Հայկական» նրբանցքը, որտեղ սկզբնապես բնակություն են հաստատել հայերը, Խոլոդնայա գորա թաղամասում ցայսօր պահպանվում է երկու հայկական եկեղեցիներից մեկը: Խարկովում եղել է հայկական դպրոց: 1930-ական թթ. կաթի տեխնիկումում դասավանդումը տարվել է նաև հայերեն: 1922-ին գործել է հայկական ակումբ, որն ունեցել է երաժշտական, թատերական, ինքնագործ ևն խմբեր: Խարկովում ելույթներ են ունեցել արվեստի հայ նշանավոր գործիչներ (Վ. Փափազյան, Շ. Տալյան և ուրիշներ): Տարբեր տարիների այստեղ աշխատել են Ա. Բակունցը, պետական-կուսակցական գործիչ Յակով Զարոբյանը, բժիշկներ Վարդապետով եղբայրները, ատամնաբույժ Է. Գուլանյանը, գրականագետ Հ. Սալախյանը, լրագրող Ա. Կակոսյանը, կոմպոզիտոր Ա. Հեքիմյանը և ուրիշներ: 1926-ին Խարկովում հիմնադրվել է Արևելագետների համաուկրաինական գիտական ասոցիացիան, որը մեծ աշխատանք է կատարել հայոց պատմությունը և մշա-