ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՅԱՆՔ
Ու-ի հայ համայնքն ընդգրկված է հրկրի հասարակական, քաղաքական և տնտեսական գործընթացներում, հայերից շատերն իրենց գործնական ունակությունների շնորհիվ մեծ հեղինակություն են վայելում:
2001-ի վերջին ստեղծվել է Ու-ի հայերի միությունը (նախագահ՝ Ու-ի Գերագույն ռադայի պատգամավոր, Ու-ի վաստակավոր շինարար, ակադեմիկոս Նվեր Մխիթարյան): Միության ղեկավարության կազմում ընդգրկված են երկրի հայ համայնքների նախագահները:
2002-ի խորհրդարանական ընտրություններում Ու-ի Գերագույն ռադայի պատգամավոր են ընտրվել 5 հայեր՝ «Հանուն միասնական Ուկրաինայի» բլոկի ներկայացուցիչներ Նվեր Մխիթարյանը, Վալերի Հակոբյանը, Նիկոլայ Բուդաղյանցը, Օլեգ Քարատամովը և Ու-ի սոցիալիստական կուսակցության անդամ Սերգեյ Կիրոյանցը:
Կիևի հայկական միավորում, կազմավորվել է 1989-ին՝ Ու-ի գրողների միության վարչության պատասխանատու քարտուղար ու թարգմանիչ Ալեքսանդր Բոժկոյի, Դերենիկ Երեմյանի և Ռաֆիկ Կարապետյանի նախաձեռնությամբ: Հիմնական խնդիրը հայ մշակույթն ու ազգային ավանդույթները հայրենիքից հեռու ապրող հայրենակիցներին և հյուրընկալող ժողովրդին ներկայացնելն է: Միավորումը ղեկավարում է վարչությունը, որն ունի բաժիններ, որոնք զբաղվում են լուսավորության, արվեստի, երիտասարդության հետ տարվող աշխատանքների ու վարչատնտեսական հարցերով: Միավորմանը կից գործում է հայկական կիրակնօրյա դպրոց:
Կիևի հայկական միավորմանը զգալի օգնություն են ցույց տալիս ուկրաինացի գրողներ Վիկտոր Կոչևսկին, Ալեքսանդր Բոժկոն և ուրիշներ:
ՄՇԱԿՈՒՅԹ
Հայ-ուկրաինական մշակութային կապերն առավել սերտ են եղել գրականության, ճարտարապետության, կերպարվեստի և երաժշտության ոլորտներում:
Գրականություն: Հայ-ուկրաինական գրական կապերը հաստատվել են XIX դ. 2-րդ կեսին: Հայաստանում ապրել է ուկրաինացի գրող Ա. Նավրոցկին, որը զբաղվել է հայ գրականության ուսումնասիրությամբ: Հայ գրականությունից ուկրաիներեն առաջին թարգմանությունները (1897-ից սկսած) կատարել է Պ. Գրաբովսկին. թարգմանել է Ռ. Պատկանյանի, Մ. Շահազիզի, Հ. Թումանյանի, Հ. Հովհաննիսյանի, Ա.Ծատուրյանի, Ա. Իսահակյանի ստեղծագործություններից:
Հայ ընթերցողն ուկրաինական գրականությանը ծանոթացել է XIX դ. 70-ական թթ., երբ «Բազմավեպ» հանդեսում Ք. Քուշներյանը հրատարակել է (1878) Տ. Շևչենկոյի մի քանի բանաստեղծությունների իր թարգմանություններն ու մի ընդարձակ ակնարկ՝ նրա կյանքի ու ստեղծագործության մասին: Տ. Շևչենկոյի, Ի. Ֆրանկոյի և ուկրաինացի այլ գրողների ստեղծագործությունները հայ մամուլում տպագրվել են նաև հետագայում: Հայ-ուկրաինական գրական կապերի զարգացմանը մեծապես նպաստել է Պ. Տիչինան: 1920-ական թթ. նա սկսել է ուսումնասիրել հայոց լեզուն, թարգմանել է Հ. Հովհաննիսյանի, Հ. Թումանյանի, Ա. Իսահակյանի, Ա. Ծատուրյանի, Հ. Հակոբյանի, Ե. Չարենցի և այլոց բանաստեղծություններից: Հետագայում ուկրաինական ընթերցողի ուշադրությանն է ներկայացրել հայ դասական ու ժամանակակից չափածոյի, արձակի ու դրամատուրգիայի մի շարք ստեղծագործություններ: 1939-ին Տիչինայի խմբագրությամբ ուկրաիներեն լույս է տեսել «Սասունցի Դավիթ» էպոսը: Նույն տարում Գ. Սարյանի թարգմանությամբ Երևանում հրատարակվել է «Կոբզարը»: 1930-ական թթ. հայերեն հրատարակվել են Ի. Կուլիկի պատմվածքների ժողովածուն, Յու. Յանովսկու «Հեծյալները» վեպը:
XX դ. 2-րդ կեսից ուկրաիներեն հրատարակվել են Խ. Աբովյանի, Հ. Թումանյանի, Ա. Իսահակյանի, Ա. Շիրվանզադեի, Ե. Չարենցի, Ս. Զորյանի, Ն. Զարյանի, Դ. Դեմիրճյանի, Հ. Քոչարի, Վ. Անանյանի, Գ. Սևունցի, Գ. Սարյանի, Աղավնու, Ա. Պապայանի, Խ. Գյուլնազարյանի, Ս. Այվազյանի, Ա. Խնկոյանի, Մ. Կորյունի, Ա. Դարբնու, Գ. Էմինի, Ս. Կապուտիկյանի, Պ. Սևակի, Վ. Պետրոսյանի, Հ. Մաթևոսյանի, Մ. Գալշոյանի որոշ ստեղծագործություններ:
Ու-ում հայ գրականության տարածմանը նպաստել են Մ. Ռիլսկին, Լ. Պերվոմայսկին, Վ. Կոչևսկին: Հայաստանում հրատարակվել են Վ. Սկովորոդայի, Ի. Ֆրանկոյի, L. Ուկրաինկայի, Պ. Տիչինայի, Ա. Կոռնեյչուկի, Մ. Ռիլսկու, Օ. Գոնչարի, Ն. Ռիբակի, Մ. Ստելմախի, L. Պերվոմայսկու, Վ. Կոչևսկու, Յու. Դոլդ-Միխայլիկի, Վ. Սուխոդոլսկու, Մ. Զարուդնիի, Պ. Վորոնկոյի, Օ. Իվանենկոյի, Ի. Դրաչի և ուրիշների ստեղծագործությունները:
Հայ-ուկրաինական գրական կապերի զարգացմանը մեծ չափով նպաստել են հայ գրականության տասնօրյակը Ու-ում (1973) և ուկրաինական գրականության տասնօրյա-