Էջ:Հայ Սփյուռք հանրագիտարան 2003.djvu/592

Այս էջը սրբագրված է

Բժիկյանը, Ս. Սարոյանը, Բ. Ֆատելևիչը և ուրիշներ: Բեմադրություններից են՝ Սունդուկյանի «Պեպո», Պարոնյանի «Պաղտասար աղբար», Գոգոլի «Ռևիզոր» ևն: Թատրոնր փակվել է 1936-ին:

1931-38-ին Ազով-Սևծովյան երկրամասի հայկական պետական թատրոնը և 1936-ից կից գործող Բանվոր-երիտասարդական թատրոնը սպասարկել են նաև ղրիմահայությանը: Ու-ում տարբեր թատրոններ է ղեկավարել ռեժիսոր Ա. Բարսեղյանը: Կիևի կինոստուդիայում ստեղծագործել են Ս. Փարաջանովը, Ռ. Բալայանը, կինոօպերատոր Ս. Շահբազյանը և ուրիշներ:


ՏՊԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Լվովի հայկական տպարան, գործել է 1616-18-ին, Լվովի հայկական Ս. Աստվածածին եկեղեցու մոտ գտնվող մի տան մեջ՝ այժմյան Վիրմենսկի (Հայկական) փողոցում՝ Հովհաննես Քարմատանենցի նախաձեռնությամբ: Դա հայկական երրորդ տպարանն էր՝ Հակոբ Մեղապարտի և Աբգար Թոխաթեցու տպարաններից հետո: Այստեղ տպագրվել են մի Սաղմոսարան (1616), «Աղօթք հասարակաց քրիստոնեիցը» (հայատառ ղփչաղերեն, 1618). պահպանվել են մեկական օրինակ, Սաղմոսարանը գտնվում է Վենետիկի Մխիթարյան մատենադարանում, Աղոթագիրքը՝ Լեյդենի համալսարանի գրադարանում, ինչպես նաև հայերեն բժշկարան (չի պահպանվել): 1670-80-ական թթ. լվովահայերը Հռոմից բերել են հայերեն նորաձույլ տառեր, սակայն դրանցով տպագրված որևէ գիրք չի հայտնաբերվել: Հակառեֆորմացիայի շրջանում ապարանը փակել են լեհ կաթոլիկ-եզվիտները:


ՄԱՄՈՒԼ

Ու-ում հայկական մամուլ հրատարակվել է միայն XX դ.: Տարբեր տարիներ լույս են տեսել 4 թերթ (հայերեն) և 1 հանդես (ռուսերեն):

«Արմյանե ի վոյնա», ամենամսյա հանդես: Հրատարակվել է Օդեսայում՝ ռուսերեն: 1916-17-ին: Տպագրել է հոդվածներ Հայկական հարցի, հայ կամավորական շարժման մասին, թղթակցություններ՝ Կովկասյան ռազմաճակատից, արծարծել է հայ փախստականների խնդիրները ևն: Հրատարակել է նաև Հայաստանին նվիրված գեղարվեստական ստեղծագործություններ: Հանդեսին աշխատակցել են ճանաչված ռուս և հայ գրողներ, գրականագետներ, հասարակական գործիչներ Յուրի Վեսելովսկին, Սերգեյ Գորոդեցկին, Ալհքսեյ Ջիվելեգովը, Ալեքսանդր Ծատուրյանը, Գ. Չալգուշյանը, Մարիետա Շահինյանը և ուրիշներ: Լույս է տեսել ընդամենը 12 համար: Խմբագիր՝ Ա. Հունանով:

«Հոսանք», գրական և հասարակական-քաղաքական թերթ: Հրատարակվել է (հեկտոգրաֆիկ եղանակով) 1918-19-ին, Օդեսայում: Խմբագիր՝ Է. Բաղդասարյան:

«Արագած», ամսաթերթ: Լույս է տեսնում 1994-ից, Կիևում (հայերեն, ուկրաիներեն): Լուսաբանում է հայ համայնքի առօրյան, անդրադառնում Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին, հետաքրքրություն արթնացնում մայրենի լեզվի, ազգային մշակույթի արժեքների նկատմամբ:

Հրատարակվել են նաև «Աստղ» (Օդեսա, 1920), «Կոմունիստ» (Կիև, 1919) և «Սոցարշավ» (Խարկով, 1933-35) թերթերը՝ անկանոն պարբերականությամբ:

Գրկ. Բարսեղյան Բ,, Լեհահայության մշակութային կյանքը և գրականությունը XIV-XIX դարերում, Ե., 1992: Меликсет-Бек Л.М., Древняя Русь и армяне, Сборник трудов Института языка АН Арм. ССР, т. 1, Е., 1946; Хачикян Л.С., Армянские колонии на Украине в XVI-XVII вв.г Великая дружба, Е., 1954; Исторические связи и дружба украинского и армянского народов, Е., 1961, Киев, 1968, Е., 1971 (сборники); Григорян В.Р., История армянских колоний Украины и Польши (Армяне в Подолии), Е., 1980.

Արամ Սարգսյան, Բելլա Բարսեղյան

ՂՐԻՄ, Ղրիմի Ինքնավար Հանրապետություն: Պատմաաշխարհագրական մարզ համանուն թերակղզում՝ Սև ծովի հյուսիսային մասում: 1954-ից՝ Ուկրաինայի կազմում: Տարածքը՝ 27 հզ. կմ²: Բնակչությունը՝ 2,3 մլն (2001): Մայրաքաղաքը՝ Սիմֆերոպոլ (344 հզ.): Հայերի թիվը շուրջ 20 հզ.:

Ղ-ի հետ հայերի առնչությունները սկիզբ են առնում Տիգրան Բ Մեծի և Միհրդատ Եվպատորի ժամանակներից (մ.թ.ա. I դ.): VIII դ. սկզբին Խերսոնես աքսորված հայազգի բյուզանդական իշխան Վարդանը տեղի ապստամբների օգնությամբ 711-ին տապալել է Հուստինիանոս II-ին և հռչակվել Բյուզանդիայի կայսր: X դ. Խերսոնեսի իշխանավորներից էր հայազգի Կալոկիրը, որի օգնությամբ Բյուզանդիան փոր-