թյան որոշ բնագավառներ: Կաֆան դարձել է հայ գրչության և մանրանկարչության խոշոր կենտրոններից մեկը, պահպանվել են XIV-XVIII դդ. այստեղ ստեղծված ավելի քան 100 ձեռագիր մատյաններ:
1778-ին Ղ-ից Ռուսաստան տեղահանված շուրջ 13 հզ. հայերից 6 հզ-ը եղել են կաֆահայեր: Վերաբնակեցումից խուսափել են մոտ 700 հայեր: Ղ. Ռուսաստանին միացնելուց հետո Կաֆայի հայ գաղութը սկսել է աստիճանաբար վերականգնվել: Ռուսաստանի կայսր Պավել I-ի 1799-ի հոկտեմբերի 29-ի հրամանագրով Թեոդոսիայում կանգուն մնացած 22 հայկական եկեղեցիներից 4-ը, այդ թվում՝ Ս. Սարգիս և Միքայել ու Գաբրիել Հրեշտակապետաց եկեղեցիները, վերադարձվել են հայերին՝ «Հայկական սլոբոդա» հիմնելու համար: XIX դ. Թուրքիայից և Նոր Նախիջևանից Ղ. անցած հայ գաղթականության որոշ մասը հաստատվել է նաև Թեոդոսիայում, գլխավորապես՝ հայկական թաղամասում:
XIX-XX դդ. տեղի հայերի տնտեսական գործունեությունը դրսևորվել է արտաքին և ներքին առևտրում, առևտրական նավագնացության, ձկնորսության և ձկնարդյունաբերության, արհեստների, արդյունագործության և այլ ոլորտներում: XIX դ. 50-70-ական թթ. հասարակական մշակութային կյանքը գաղութում վերստին վերելք է ապրել, դրանում մեծ էր Հովհաննես և Գաբրիել Այվազովսկի եղբայրների ավանդը: 1858-ին Նոր Նախիջևանի ու Բեսարաբիայի հայկական թեմի առաջնորդ Գաբրիել արք. Այվազովսկին, հայ ժողովրդի արևելահայ և արևմտահայ հատվածների հետ ավելի սերտ շփումներ հաստատելու նպատակով, թեմի կենտրոնը Քիշնևից փոխադրել է Թեոդոսիա: 1860-ից այստեղ է հրատարակել Փարիզի «Մասյաց աղավնի» հանդեսը: 1858-ին հիմնադրել է Խալիբյան ուսումնարանը, 1860-ին ուսումնարանին կից հիմնել է տպարան, որի հրատարակած հարյուրավոր գրքերի զգալի մասը եղել են դասագրքեր:
Մշակութային կյանքի նշանակալի երևույթ էր 1880-ական թթ. Թեոդոսիայում Հ. Այվազովսկու թանգարանի հիմնադրումը: Թեոդոսիայի նրա տունը հայերի համար եղել է յուրօրինակ ուխտատեղի: Իր թանգարանը Այվազովսկին նվիրել է Թեոդոսիա քաղաքին: Հայ մեծ ծովանկարիչը նյութապես օգնել է քաղաքի հայկական եկեղեցիների նորոգմանը, անձամբ նկարազարդել դրանցից մի քանիսը: 1899-ին Թեոդոսիայի Ս. Սարգիս եկեղեցուն նա կտակել է Սուդակի հովտում գտնվող իր կալվածքի պատկառելի մասը, որի վաճառքից ստացված 50 հզ. ռուբլու տոկոսները մինչև 1920-ը ծախսվել են եկեղեցու և նրա ծխական դպրոցի կարիքների համար: Նկարչի նախաձեռնությամբ և միջոցներով 3 հայկական աղբյուրների (Քափանակ, Մելիքյան, Կուսական) ջուրը 1888-ի սեպտեմբերի 18-ին 10 վերստ երկարությամբ ձգվող խողովակներով հասցվել է Թեոդոսիա և քաղաքի բնակչությանն ապահովել խմելու ջրով: Թեոդոսիայի ջրմուղի բացման կապակցությամբ «Բազմավեպ» ամսագիրը 1888-ին (էջ 44) գրել է. «Մեծանուն նկարչին կարծես ի վերուստ ճակատագիրը շնորհել է, որ նա ջրով անմահացնի իր անունը, ամենքը հիացած են նրա ծովանկարներով, իսկ հիմա էլ՝ Թեոդոսիա հասցրած խմելու համեղ ջրով»: Թեոդոսիայի այդ աղբյուրը Նիկոլայ ցարի առաջարկությամբ կոչվել է Այվազյան: Հ. Այվազովսկին գործուն մասնակցություն է ցուցաբերել երկաթուղու կառուցման, նավահանգստի նորոգման և այլ գործերում:
Խորհրդային տարիներին, Ղ-ի հայկական մյուս գաղթավայրերի նման, Թեոդոսիայի հայության ազգային-մշակութային կյանքն անկում է ապրել: 1944-ին տեղի հայերը նույնպես տեղահանվել են: 1990-ից սկսվել է քաղաքի հայ համայնքի վերստեղծման գործընթացը: Ներկայումս համայնքում գործում են կիրակնօրյա հայկական դպրոց, եկեղեցի, Ղրիմահայոց ընկերության տեղական բաժանմունքը:
Կազարատ հայկական բերդապահ գյուղաքաղաքը հիմնադրվել է XIV դ. սկզբին: Տեղի հայ իշխանների գլխավորությամբ այստեղ պահվել է հայկական զորք՝ Սուրխաթը և Կաֆա տանող ուղիները թաթարական ասպատակություններից պաշապանելու