համար: Գործել են մի քանի հայկական եկեղեցիներ, ստեղծվել են հայերեն ձեռագրեր: Հիմնահատակ ավերվել է, հավանաբար, 1475-ին՝ թուրք-թաթարական ուժերի կողմից Կաֆայի վրա կատարված տևական հարձակումների ժամանակ:
Կերչ (Պանտիկապեոն) քաղաքում հայկական համայնք է եղել ջենովացիների առևտրական գաղութատիրության ժամանակ, երբ հայերը էական դեր են խաղացել Հյուսիսային Կովկասի, մանավանդ Չերքեզիայի հետ կատարվող առևտրում: XV-XVIII դդ. Չերքեզկայի հետ առևտրական շփումների սերտացման հետևանքով նշանակալից թվով ղրիմահայեր հաստատվել են այստեղ: Ռուսաստանին միանալուց հետո Կերչում հայերի թիվն աստիճանաբար ավելացել է և XX դ. սկզբին հասել շուրջ 1600-ի:
XIX դ. Կերչը դարձել է Ռուսական կայսրության առևտրական կարևոր կենտրոններից մեկը, և տեղի հայերի միջոցով իրականացվել է Ազովի ծովի ավազանի երկրների և արտասահմանի հետ կատարվող առևտրի նկատելի բաժինը: Նշանակալի թվով հայեր աշխատել են քաղաքի արդյունաբերական ձեռնարկություններում, նավահանգսաում: XIX-XX դդ. համայնքում գործել են հայկական եկեղեցի, ծխական դպրոց, հոգաբարձություն:
1990-ից սկսվել է 1944-ին արտաքսված հայերի վերադարձը Կերչ: Ներկայումս գործում են կիրակնօրյա հայկական դպրոց, Ղրիմահայոց ընկերության տեղական բաժանմունքը:
Ղարասուբազար (Կարասուբազար, Ղարասու, Բելոգորսկ) քաղաքում (հիմնվել է XIII դ.) ջենովացիների գաղութատիրության սկզբնական շրջանում արդեն եղել է հայ համայնք: XIV-XV դդ. հայ բնակչությունն այնքան է ստվարացել, որ առևտրի ու արհեստների կողքին կարևոր նշանակություն է ստացել երկրագործությունը: XIII-XVIII դդ. այստեղ գործել են հայկական երկու՝ առաքելական և կաթոլիկ համայնքներ: Թերակղզում քաղաքի տնտեսական դերի բարձրացումը նպաստել է նրա բնակչության, այդ թվում նաև հայերի ավելացմանը: Հայերն ունեին մի քանի եկեղեցի, Ղարախաչ անունով թաղամաս, XVII դ. 30-40-ական թթ-ից մի առանձին թաղամաս էլ զբաղեցրել են պարսկահայերը: Ղարասուբազարը XVII-XVIII դդ. ղրիմահայ խոշոր գաղութներից էր, Ղ-ի ներքին և արտաքին առևտրի ճանաչված կենտրոն: Քաղաքի առևտրի ծանրակշիռ մասը կատարել են հայերը, որոնք տեղական ապրանքների արտահանումն ապահովելուն զուգընթաց դրսից ներմուծել են անհրաժեշտ իրեր: Տեղի հայերի կյանքում էական դեր են խաղացել նաև արհեստագործությունը, այգեգործությունը, անասնապահությունը և հացահատիկի մշակումը: XVIII դ. 30-ական թթ. քաղաքում գործել է հայերին պատկանող 50 ջրաղաց:
1778-ին Ղարասուբազարից Ռուսաստան են վերաբնակեցրել 3 հզ. առաքելական և 1200 կաթոլիկ հայերի: Թերակղզին Ռուսաստանին միանալուց հետո գաղութի վերականգնման առաջին քայլը կատարել է հայ կաթոլիկ համայնքը՝ 1790-ին Եկատերինոսլավից վերադառնալով Ղարասուբազար: XIX դ. հայերն այստեղ բնակչության թվով երկրորդն էին թաթարներից հետո: 1897-ին հայերի թիվը կազմել է շուրջ 3 հզ.:
1790-1870-ին քաղաքում գործել է հայ կաթոլիկ դատարանը, որը հայերեն լեզվով, ազգային օրենքներով և սովորույթներով կարգավորել ու լուծել է համայնքի ներքին կյանքի՝ առևտրի, շինարարության, հարկերի ու մաքսերի գանձման և առհասարակ գործադիր մարմնի իրավասությանը վերապահվող տարատեսակ հարցեր:
Ղարասուբազարում է նստել Ղրիմի հայ առաքելական եկեղեցու հոգևոր իշխանությունը: 1816-1920-ին գործել է ծխական դպրոց: Այս քաղաքում են ծնվել և նախնական կրթություն ստացել երգահաններ Անդրեաս Քաղցածյանը և Քրիստափոր (Խաչատուր) Կարա-Մուրզան:
XIX-XX դդ. տեղի հայերը շարունակել են կարևոր դեր խաղալ քաղաքային առևտրում: 1867-ին միայն կաթոլիկ հայերին քաղաքում պատկան ել են 43 կրպակ ու խանութ, շուրջ 120 հայեր եղել են 1-ին և 3-րդ գիլդիաների անդամներ:
Մինչև 1920-ը Ղարասուբազարը եղել է Ղ-ի առաքելական և կաթոլիկ հայերի տնտեսական, մշակութային և եկեղեցական կյանքի կենտրոններից մեկը: Խորհրդային տարիներին հայկական կյանքն աստիճանաբար մարել է: 1944-ի հունիսին տեղի հայերի աքսորը վերջ է դրել դարավոր գաղթավայրի գոյությանը:
Յալթայում հայերը հաստատվել են XIII դ., զբաղվել են բանջարաբուծությամբ, նավաշինությամբ, ծովային մերձափնյա առևտրով: XVI դ. էական մասնակցություն են ունեցել նախորդ դարում երկրաշարժից հիմնահատակ քանդված քաղաքի վերականգնմանը: Ռուսաստանին միանալուց հետո Յալթայում ապրող հայերի թիվն աճել է և XIX դ. վերջին հասել մոտ 1000-ի: XIX-XX դդ. հայերը հիմնականում զբաղվել են բանջարաբուծությամբ, ծխախոտագործությամբ, մասամբ՝ նաև մանր առևտրով:
1908-ին սկսվել և 1916-ին ավարտվել է Յալթայի Ս. Հռիփսիմե հայկական եկեղեցու շինարարությունը (ճարտարապետ՝ Գ. Տեր-Միքելյան): Այստեղ երկար տարիներ ապրել ու ստեղծագործել են նշանավոր երգահան Ալեքսանդր Սպենդիարյանը և ականավոր գեղանկարիչ Վարդգես Սուրենյանցը: Վերջինս մահացել և թաղված է այստեղ: