Էջ:Հայ Սփյուռք հանրագիտարան 2003.djvu/604

Այս էջը սրբագրված է

ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Ղրիմահայերը զբաղվել են նաև գիտական խնդիրներով, նրանց ուշադրության կենտրոնում են գտնվել ժամանակի գիտության որոշ ճյուղերի՝ փիլիսոփայության, աստվածաբանության, տոմարագիտության, բժշկագիտության, պատմագիտության և հռետորական արվեստի զարգացման հարցերը: Գաղութում գրված որոշ ձեռագրեր նվիրված են գիտության այս կամ այն բնագավառին: Հայերը հատկապես առաջադիմել էին բժշկության ասպարեզում, նրանք էին հիմնականում թաթար խաների պալատական բժիշկները:


ՄՇԱԿՈՒՅԹ

Ղրիմահայ գաղութում զարգացում են ապրել հայ մշակույթի շատ ճյուղեր՝ գրչություն, գրականություն, մանրանկարչություն, ճարտարապետություն, երաժշտություն ևն: Մշակույթի զարգացումն ամենից առաջ պայմանավորվել է ղրիմահայության տնտեսական զարգացման մակարդակով և Հայաստանի ու հայաշատ կենտրոնների հետ ունեցած մշտական փոխառնչություններով: Տարբեր ժողովուրդների մշակույթների խառնարան հանդիսացող Ղ-ում հայ մշակույթը իր կարևոր դրսևորումներով պահպանել էր ազգային դիմագիծը, միաժամանակ ազդեցություն գործել տեղի մյուս ժողովուրդների մշակույթի այս կամ այն բնագավառի վրա:

Գրչություն: Ղ-ի հայ գրչության կենտրոններում ստեղծվել են բազմաթիվ ձեռագրեր, որոնց մեծ մասը ծաղկազարդված է բարձրարվեստ մանրանկարներով: Ղ. հայտնի էր իր մանրանկարչության դպրոցով, որը կրում էր կիլիկյան մանրանկարչության ազդեցությունը: Ղ-ի գրչության նշանավոր կենտրոններ Կաֆայում և Սուրխաթում աշխատել են գրիչ-ծաղկողներ Գրիգոր Սուքիասյանցը, Առաքելը, Նատերը՝ իր Ավետիս և Ստեփանոս որդիներով և թոռներով (որոնցից Հովհաննեսը զբաղվել է նաև երաժշտությամբ): Հայտնի էին նաև Թադևոս Ավրամենցը, Քրիստոսատուրը, Օգսենտը, Նիկողայոս Ծաղկարարը, Դավիթ Երեցը, Հովակիմը և ուրիշներ: Նշանավոր նկարիչներից էին Խասպեկ Երեց Կաֆայեցին, Նաղաշ Էոլպեն, որոնք ստեղծագործել են նախորդների լավագույն ավանդույթներով: Միայն Երևանի Մատենադարանում պահվում են Ղ-ում ստեղծված շուրջ 300 հայերեն ձեռագրեր (այդ թվում՝ նաև Խասպեկի և Նիկողայոս Ծաղկարարի նկարազարդումներով): Մատենադարանում պահվող հայերեն ամենափոքր ձեռագիրը, որը կոչվում է «Տոնացույց», լուցկու տուփից էլ փոքր է և կշռում է 19 գրամ, գրվել է 1434-ին, Կաֆայում: Տպագրական տեխնիկայի երևան գալով՝ մանրանկարչությունն իր տեղը զիջել է փորագրությանը, հաստոցային գեղանկարչությանը:

Գրականություն: XVII դ. Ղ-ում, ինչպես և մայր հայրենիքում, սկսվել է հայ գրականության աշխարհականացումն ու զարթոնքը, ինչն իր արտացոլումն է գտել տաղասացների ստեղծագործություններում: Բանաստեղծ-տաղասացները նպաստել են մայրենի գեղարվեստական խոսքի զարգացմանը, նրանց ստեղծագործության մեջ աչքի ընկնող տեղ է գրավել աշխարհիկ թեմատիկան՝ պանդխտության, մարդկային և բնության սիրո երգերը, երգիծանքը: Դա ինքնին առնչվել է այն աշխարհիկ միջավայրի հետ, որտեղ նրանք ապրել և ստեղնագործել են: Միջնադարյան հայ բանաստեղծության մեջ լուրջ ներդրում են տաղասացներ Խասպեկ Երեցի, Խև, Սիմեոն, Վարդան, Ստեփանոս և Վրթանես Կաֆայեցիների,