Էջ:Հայ Սփյուռք հանրագիտարան 2003.djvu/607

Այս էջը սրբագրված է

ՈՒՐՈՒԳՎԱՅ

Ուրուգվայի Արևելյան Հանրապետություն, պետություն Հարավային Ամերիկայում: Տարածքը՝ 176,2 հզ. կմ²: Բնակչությունը՝ 3,3 մլն (1998): Մայրաքաղաքը՝ Մոնտեվիդեո (1,4 մլն): Հայերի թիվը՝ շուրջ 15 հզ.:

Դիվանագիտական հարաբերություններ Հայաստանի Հանրապետության և Ուրուգվայի Արևելյան Հանրապետության միջև հաստատվել են 1992-ին:

Հայերն Ու-ում սկսել են հաստատվել XIX դարից: 1835-ին հիշվում է առաջին ներգաղթողը՝ Խուան Ակուստին Աքսարյանը, իսկ 1850-ին՝ երեք կալվածքների տեր Մարիա Պելինճյանը: Մոնտեվիդեո եկած առաջին հայ տարագիրներից են վասպուրականցի Մանուկ Ազարյանը (1890-ին), խարբերդցի Հովհաննես Մրջենիկյանը (1900-ին). մինչև 1900-ը Ու. է գաղթել 15 հայ:

1912-ից սկսած՝ երկրի մայրաքաղաք են եկել զգալի թվով մարաշցիներ, քեսաբցիներ, այնթապցիներ, զեյթունցիներ, կեսարացիներ, յոզդաթցիներ: Ու-ում հաստատված առաջին հայերն զբաղվել են առավելապես դերձակությամբ, կոշկակարությամբ և մանր առևտրով:

Ուրուգվահայ գաղութն սկսել է կազմավորվել 1920-ական թթ., երբ Մեծ եղեռնից փրկված և Մերձավոր Արևելքի երկրներում ապաստանած հայ գաղթականների ստվար խմբեր հաստատվել են Ու-ում: 1923-ին 35 հոգուց բաղկացած նախաձեռնող խումբը հիմնել է ուրուգվահայության առաջին ազգային կառույցը՝ Գաղութային միությունը: Ընտրվել է միության վարչություն (5 հոգուց), որի կազմի մեջ մտել են նոր ձևավորվող համայնքի աչքի ընկնող գործիչներ Կարապետ Զատիկյանը (ատենապետ), Արամ Ղուկասյանը, Հովհաննես Աթեչյանը, Ծերուն Գոլթուկյանը, Երվանդ Քարամանյանը: Նույն թվականին Մոնտեվիդեոյի Սերրո կոչվող թաղամասում հայերը գնել են մի տուն, որը ծառայել է որպես եկեղեցի և դպրոց: Այդ ժամանակաշրջանում տեղի հայության թիվը կազմել է մոտ 3 հզ.: Գաղութն ավելի է ստվարացել 1926-ին, երբ սկսվել է հայ գաղթականների երկրորդ ստվար հոսքը Ու.: Գաղութային մարմինը Ու-ի կառավարության որոշմամբ պաշտոնապես ճանաչվել է 1930-ի հուլիսի 9-ին՝ Հայ գաղութային ընդհանուր միություն (Ունիոն Խեներալ Արմենիանա) անվանումով: 1931-ին, գաղութի մարդահամարի տվյալներով, Ու-ում բնակվել է 4 հզ. հայ:

1930-ական թթ. Մոնտեվիդեոյում հիմնվել են բազմաթիվ հայրենակցական, բարեսիրական և երիտասարդական կազմակերպություններ, գործունեություն են ծավալել հայ ազգային կուսակցությունների տեղական կազմակերպությունները: Բարելավվել է գաղութի տնտեսական վիճակը: 1940-ական թթ. սկզբին Ու-ի մայրաքաղաքում բնակվել է շուրջ 1200 հայ ընտանիք (մոտ 6 հզ. մարդ)՝ գաղթած Արևմտյան Հայաստանի տարբեր քաղաքներից ու բնակավայրերից:

Ներկայումս (2003) ուրուգվահայության թիվը մոտ 15 հզ. է: Կենտրոնացած են Մոնտեվիդեոյում: Սակավաթիվ հայ ընտանիքներ կան նաև Պիրիապոլիս քաղաքում: Հայերի հիմնական մասը զբաղվում է մանր առևտրով և արհեստներով: Կան մի քանի խոշոր ձեռնարկատերեր (կոշիկի գործարանատերեր, մեծաքանակ առևտրով զբաղվողներ ևն), որակյալ մասնագետներ (իրավաբան-