ներ, բժիշկներ, հաշվապահներ, ճարտարագետներ ևն), պետական ծառայողներ (1960-ական թթ. երեք հայեր եղել են Մոնտեվիդեոյի քաղաքային խորհրդի, երկուսը՝ երկրի դատական իշխանության անդամ), ինչպես նաև մշակույթի գործիչներ:
Համայնքը ղեկավարում և պաշտոնապես ներկայացնում է Հայաստանյայց առաքելական եկեղեցու կենտրոնական վարչական խորհուրդը: Գործում են մեկ առաքելական, մեկ կաթոլիկ և երկու ավետարանական եկեղեցիներ, երկու ամենօրյա վարժարան, հայ ազգային կուսակցությունների (ՀՀԴ, ՍԴՀԿ, ՌԱԿ) տեղական կազմակերպությունները՝ իրենց միություններով ու ակումբներով, հայրենակցական, բարեգործական, մշակութային և երիտասարդական միություններ: Կան հայկական պարախմբեր, երգչախմբեր, նվագախմբեր և թատերախումբ: Եթեր է արձակվում հայկական երեք ռադիոժամ: Լույս է տեսնում «Հայ ընտանիք» պարբերաթերթը:
Ուրուգվահայությունն իր մասնակցությունն է ունեցել հայրենանվեր գործերին, դեռևս Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին, արձագանքելով Ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ Զ Չորեքչյանի կոչին, կազմակերպել է հանգանակություն «Սասունցի Դավիթ» տանկային շարասյուն համար: 1988-ի Սպիտակի երկրաշարժից հետո ստեղծել է Հայաստանի օգնության ազգային հանձնախումբ: 1992-ին հիմնել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ու-ի հանձնախումբը: Գաղութում գործող մտավորականներից հիշատակելի են Հակոբ եպս. Գըլընճյանը (աստվածաբանություն), Հարություն ծ. վրդ. Թեքեյանը (բառարանագրություն), Դանիել Կարամանուկյանը և Ալբերտո Դիվրեջյանը (պատմություն), Հովհաննես Բոդուկյանը (գրականություն), Պետրոս Քյորօղլյանը (իրավագիտություն): Մարզական կյանքում աչքի են ընկնում Ու-ի շախմատի բազմակի չեմպիոն Մանվել Տինավորյանը և ծանրամարտիկ Խերման Թոզճյանը:
Ու. առաջին երկիրն է, որ 1965-ին պաշտոնապես ճանաչել է Թուրքիայում հայերի ցեղասպանության փաստը՝ ապրիլի 24-ը հայտարարելով «Հայ նահատակների հիշատակի օր»: 1971-ին Մոնտեվիդեոյի կենտրոնական հրապարակներից մեկը, որտեղ կանգնեցված է Մեծ եղեռնի զոհերին նվիրված հուշարձան-կոթող, կոչվել է Արմենիա, իսկ 1972-ին ծովեզրյա մի պողոտա՝ Ռամբլա-Արմենիա: «Արմենիա» անունը կրող հրապարակ կա նաև Պիրիապոլիս ծովեզրյա քաղաքում:
1987-ին Ու-ի կառավարությունը Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության հիմնադրման 100-ամյա հոբելյանի առթիվ թողարկել է հատուկ փոստային դրոշմանիշ:
ԵԿԵՂԵՑԻ
Հայաստանյայց առաքելական եկեղեցու Ուրուգվայի թեմը կազմավորվել է 1983-ին՝ Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա Պալճյանի կոնդակով: Առաջնորդանիստը Մոնտեվիդեոյի Ս. Ներսես Շնորհալի եկեղեցին է: 1938-1982-ին ուրուգվահայ համայնքը Արգենտինայի, Բրազիյիայի և Չիլիի հայ համայնքների հետ ընդգրկված էր Հարավային Ամերիկայի հայրապետական պատվիրակության կազմում (կենտրոնը՝ Բուենոս Այրես): Առաջին հայրապետական պատվիրակն էր Գարեգին արք. Խաչատուրյանը (1938-51, 1951-61-ին Կ. Պոլսի հայոց պատրիարք): 1983-ին Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա Պալճյանի կոնդակով Հարավային Ամերիկայի հայրապետական պատվիրակությունը բաժանվել է երեք առանձին (Արգենտինայի, Բրազիլիայի, Ուրուգվայի) թեմերի: 1984-ին Ուրուգվահայոց թեմի առաջին առաջնորդ է նշանակվել Հակոբ ծ. վրդ. (1990-ից՝ եպիսկոպոս) Գըլընճյանը, որը պաշտոնավորում է մինչև օրս:
Համայնքում ներկայումս գործող միակ հայ առաքելական եկեղեցին 1964-ին համագաղութային հանգանակությամբ Մոնտեվիդեոյում կառուցված Ս. Ներսես Շնորհալի առաջնորդանիստ եկեղեցին է (օծվել է 1965-ին):
Մոնտեվիդեոյում գործում են նաև մեկ կաթոլիկ և երկու ավետարանական եկեղեցիներ: