Էջ:Հայ Սփյուռք հանրագիտարան 2003.djvu/616

Այս էջը սրբագրված է

ՖՐԱՆՍԻԱ

Ֆրանսիայի Հանրապետություն, պետություն Արևմտյան Եվրոպայում: Տարածքը՝ 549,2 հզ. կմ²: Բնակչությունը՝ 58,4 մլն (1999): Մայրաքաղաքը՝ Փարիզ (2,1 մլն): Հայերի թիվը՝ շուրջ 450 հզ.:

Դիվանագիտական հարաբերություններ Հայաստանի Հանրապետության և Ֆրանսիայի Հանրապետության միջև հաստատվել են 1992-ին:

Հայերը սկսել են Ֆ. այցելել վաղ միջնադարում: Աղբյուրները հիշատակում են Սիմոն եպիսկոպոսին, որը 591-ին հյուրընկալվել է Տուր քաղաքի մայր եկեղեցում: Տարասկոնի Սեն Մարթա եկեղեցում պահպանվել է լատիներեն մի արձանագրություն, որի մեջ զետեղված է եղել հայոց այբուբենը՝ առանց о և ֆ տառերի, ինչը վկայում է մինչև XIII դ. հայերի այնտեղ գտնվելու մասին: IX դ. վերջին - X դ. սկզբին կազմված Սեն Ժերոմի ձեռագիր մատյանների ժողովածուն պարունակում է հայ-լատիներեն մի զրուցարան: Հայտնի է, որ Տալարի Ս. Գրիգոր (V դ.), Օվեռնի Ժերմինի դը Պրե (IX դ.) և Պիտիվյեի Ս. Գրիգոր (X դ.) եկեղեցիները կառուցել են հայ ճարտարապետները: Ֆրանսիական վարքագրության մեջ տեղ են գտել հայ սուրբեր, ուխտավորներ, նահատակներ ու քարոզիչներ, նրանց կերպարներն արծարծվել են հին ֆրանսերենով գրված միջնադարյան մատյաններում (մինչև XIV դ.):

Ֆրանսիացիների և հայերի միջև ռազմական և առևտրական հարաբերությունները զարգացել են XI-XIV դդ.՝ խաչակրաց արշավանքների և Կիլիկիայի հայկական թագավորության ժամանակաշրջանում, մասնավորապես Լուսինյան թագավորների օրոք, երբ բազմաթիվ ռազմական և ամուսնական դաշինքներ են կնքվել հայ և ֆրանկ ազնվականների միջև: Մոնպելյեի արխիվներում պահպանվել են երկու արքայական հրովարտակներ, համաձայն որոնց՝ Կիլի-