ֆրանսահայերը կռվել են ֆրանսիական բանակի շարքերում, ստեղծվել են հայ կամավորական ջոկատներ, Սորբոնի համալսարանում սովորող հայ ուսանողներից կազմված վաշտը, Արևելյան կամ Հայկական լեգեոնը: Կազմակերպվել են նաև հանգանակություններ՝ հօգուտ վիրավորների. Փարիզի Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցում կա Ֆ-ի համար 1914-18-ի պատերազմում զոհված հայ կամավորների հուշատախտակ, իսկ մուտքի մոտ՝ ֆրանսահայ կամավորի հուշարձան (1926):
Պատերազմից հետո հայության ճակատագիրը հատվել է Փարիզի՝ որպես համաշխարհային դիվանագիտության և քաղաքական աղերսների միջազգային կենտրոնի հետ: Այստեղ է հրավիրվել Փարիզի հաշտության կոնֆերանսը (1919-20), կնքվել 1920-ի Սևրի (Փարիզի արվարձան) պայմանագիրը, որով դե ֆակտո ճանաչվել է Հայաստանի Հանրապետությունը (1918-20): Այստեղ են իրենց գործունեությունը ծավալել հայկական պատվիրակությունները՝ Ազգային պատվիրակությունը Պողոս Նուբար փաշայի գլխավորությամբ (1924-42-ին գործել է որպես «Հայ գաղթականների կոմիտե») և Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը Ավետիս Ահարոնյանի գլխավորությամբ (գործել է մինչև 1965-ը, երբ ստեղծվել է Հայ դատի պաշտպանության կոմիտեն): Փարիզում է կենտրոնացել հայ քաղաքական միտքը՝ իր հիմնական հոսանքներով (դաշնակցական, հնչակյան, ռամկավար, համայնավար): 1922-42-ին այստեղ է գտնվել ՀԲԸՄ կենտրոնական վարչությունը:
1920-ական թթ., երբ Մեծ եղեռնից փրկված արևմտահայ գաղթականների հազարավոր ընտանիքներ և որբեր հաստատվել են Ֆ-ում, համայնքը ստվարացել է: Գաղթական հայերն առանցք են ընտրել Մարսել-Փարիզ երկաթուղին՝ տարածվելով նրա երկայնքով մեկ՝ զույգ կողմերից: Դա պայմանավորված էր Առաջին համաշխարհային պատերազմից հետո այդ գծի վրա ընկած Մարսելի, Ռոն Ալպյան և Փարիզի շրջաններում աշխատուժի մեծ կարիքով և երկաթուղային տրանսպորտի առկայությամբ, որով աստիճանաբար կատարվել են ժողովրդագրական ներքին տեղաշարժերը՝ գյուղերից ու փոքր քաղաքներից դեպի ավելի խոշորները՝ հիմնականում կենտրոնանալով Մարսելում, Լիոնում և Փարիզում: Ֆ-ում հայտնված հայերը հիմնականում թուրքական յաթաղանից մազապուրծ հայ գյուղացիներ էին, որոնք գործարան կամ հանքախորշ էին մտել առանց տարրական մասնագիտական որակավորման և բանվորություն էին անում ամենածանր արտադրությունների մեջ՝ տեղացիների համեմատ շատ ավելի ցածր օրավարձով: Թեև 1929-33-ի տնտեսական ճգնաժամն առաջին հերթին հարվածել է հենց այս զանգվածին՝ իբրև օտարականների և որակավորում չունեցողների (ֆրանսահայությունը հազարներով լրացրել է գործազուրկների բանակը), նույն այս զանգվածն արդեն 1930-ական թթ. կեսից, հաղթահարելով անորոշության և քաղաքացիություն չունենալու դառնությունը, կարողացել է ձեռք բերել որոշ տնտեսական և իրավական կայունություն:
1920-ական թթ. սկզբին Ֆ-ում բնակվել է շուրջ 50-60 հզ. հայ, որոնց սոցիալական կազմը բազմատարր էր. զգալի թիվ են կազմել արդյունաբերական բանվորները, արհեստավորները, առևտրականները, կային և մտավորականներ, գիտության և մշակույթի գործիչներ: Իրենց գործունեությունն են շարունակել մինչև պատերազմը ստեղծված հայանպաստ կազմակերպությունները, ստեղծվել են նորերը՝ Հայկական ուսմանց ընկերությունը, Ֆրանսահայ Կապույտ խաչր, Հայ աղքատախնամ ընկերակցությունը, Հայ բժշկական միությունը, Հայ գաղթականների օգնության կոմիտեն, Ազգային միությունը, ՀՕԿ-ի, ՀՄԸՄ-ի Ֆ-ի մասնաճյուղերը, Հայ նախկին ռազմիկների միությունը, Հայ նախկին սպաների միությունը, Հայ արվեստագետների «Անի» խմբակցությունը, Հայ արիների միությունը, Նուպարյան մատենադարանը (1928) ևն: Գործել են հայ ազգային կուսակցությունների տեղական կազմակերպությունները, 1924-ին կազմակերպվել է Ֆ-ի կոմունիստական կուսակցության հայկական հատվածը:
Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ֆրանսահայերն ակտիվորեն մասնակցել են ֆաշիզմի դեմ ծավալված Դիմադրության շարժմանը, ստեղծել ընդհատակյա Հայ ազգային ճակատը: Դիմադրության շարժման ականավոր մասնակիցներից էր Միսաք Մանուշյանը: Փարիզի շրջանում գործող նրա ղեկավարած չորս ինտերնացիոնալ ջոկատները («Ստալինգրադ», «Դիկտոր Հյուգո», «Ազատություն», «Չապաև») նյութական և մարդկային մեծ