տում լուրջ ներդրում ունի Ռեյմոնդ Դամադյանը: Սնկաբան Լևոն Լևոնյանը կարևոր աշխատանքներ է կատարել գյուղատնտեսական մշակաբույսերի սնկային հիվանդությունների դեմ պայքարելու ասպարեզում: Էլեկտրատեխնիկայի բնագավառում հայտնի գիտնականներ են Վլադիմիր Կարապետովը, Վիլյամ Պողոսյանը, ռադիոֆիզիկայի բնագավառում՝ Հրաչ (Չառլզ) Փափազը, հիդրոդինամիկայի բնագավառում՝ Պոլ Կարապետյանը, օվկիանոսագետ Ռիչարդ Պուլությանը: Գևորգ Չիլինգարյանի (1955-ից՝ ԱՄՆ-ում հրատարակվող «Նավթային գիտությունները և ճարտարագիտությունը» միջազգային ամսագրի գլխավոր խմբագիր) աշխատանքները վերաբերում են երկրաբանության, Միհրան Աղբաբյանի, Արմեն Տեր-Կյուրեղյանի աշխատանքները՝ սեյսմոլոգիայի և սեյսմակայուն շինարարության հարցերին: Մեծ է նաև հայ ճարտարագետների և գյուտարարների թիվը. Սարգիս Թերզյանը գյուտերի հեղինակ է ռադիոէլեկտրոնիկայի, Հարություն Գլճյանը՝ էներգետիկայի բնագավառներում: Հոգեբանության բնագավառում հայտնի է Սան Դիեգոյի Կալիֆոռնիայի համալսարանի Տրամադրության կենտրոնի տնօրեն, հոգեբանության դոկտոր, պրոֆեսոր Հակոբ Ակիսկալը:
Մշակութային առաջընթացի և ազգային գիտակցության հաստատման մեջ շոշափելի ավանդ է ներդրել ամերիկահայ հասարակական գիտությունը: Բանասեր-պատմաբան Ավետիս Սանճյանն ուսումնասիրել է հին հայկական գաղութները և հրապարակել նյութեր ժամանակակից սփյուռքի հոգևոր կյանքի տարբեր հարցերի շուրջ: Պատմաբաններ Հ. Թիրյաքյանը, Հրանտ Արմենը, Հարություն Քյուրդյանը, Սիրարփի Տեր-Ներսիսյանը, Ռիչարդ (Տիգրան) Հովհաննիսյանը, Նինա Գարսոյանը, Ռոբերտ Միրաքը, Ռոնալդ Սյունին, Գևորգ Բարդակչյանը, Ջեյմս Թաշչյանը, Ռուբինա Փիրումյանը, Վահագն Տատրյանը, Վարդան Գրիգորյանը (Նյու Յորքի հանրային գրադարանի նախագահ, ապա՝ Բոստոնի համալսարանի ռեկտոր), Տիգրան Գույումջյանը, Մարջըրի Հովսեփյանը, Լուիզ Նալբանդյանը և ուրիշներ հետազոտում են հայ ժողովրդի թե՛ անցյալի և թե՛ արդի կացության, այդ թվում և սփյուռքի հանգուցային հարցերը: Արշիլ Գորկու կյանքի և գործի ուսումնասիրությանն են նվիրված նրա քրոջ որդու՝ արվեստաբան Կառլեն Մուրադյանի բազմաթիվ գրքերն ու հրապարակումները: Գրականության պատմության մեջ լուրջ պրպտումներ է կատարել Ջեյմս Էթմեքչյանը:
Ամերիկահայ հասարակագիտության և քաղաքագիտության բնագավառում հայտնի անուններ են Ջորջ Դոքմեջյանը (1963-67-ին՝ Կալիֆոռնիայի նահանգային ժողովի անդամ, 1967-79-ին՝ նահանգային սենատոր, 1979-88-ին՝ Կալիֆոռնիայի ընդհանուր դատախազ, 1982-91-ին՝ Կալիֆոռնիայի նահանգապետ), Լուրեն Թերզյանը, Արամ Ենգոյանը, Հրայր Դոքմեջյանը, Ռիչարդ Բիշիկչյանը և ուրիշներ:
Զինվորական բարձր աստիճանի հասած ամերիկահայերից հիշատակության են արժանի գեներալ Հայկ Շեքերջյանը, ծովակալ Ռոբերտ Իգնատիոսյանը:
ԱՄՆ-ում գործում են հայ գիտնականների մասնագիտական կազմակերպություններ: Մի շարք համալսարաններում և քոլեջներում հիմնվել են հայագիտական դասընթացներ ու ամբիոններ, որտեղ հայ և օտար հայագետ-մասնագետների կողմից կազմակերպվում են հայոց լեզվի (դասական և արդի), գրականության, պատմության, ազգային հոգևոր և աշխարհիկ երաժշտության, մշակույթի, արվեստի, ճարտարապետության պատմության և հայկական ուսումնասիրությունների առանձին դասընթացներ, թերավարտ (Undergraduate) և շրջանավարտ (Graduate) ծրագրերին առնչվող այլ դասընթացներ, շնորհվում են արվեստի պսակավորի (B.A.), գիտությանը պսակավորի (B.S.), ինչպես նաև՝ արվեստի մագիստրոսի (M.A.) և փիլիսոփայության դոկտորի (Ph.D.) գիտական աստիճաններ: Բարձրագույն ուսումնական այդպիսի հաստատություններից են Հարվարդի, Կալիֆոռնիայի, Միչիգանի, Կոլումբիայի, Թաֆթսի, Բոստոնի, Մասսաչուսեթսի, Փենսիլվանիայի, Քոնեքթիքութի, Քլիվլենդի համալսարանները:
Հայագիտությունն ԱՄՆ-ում զարգանում է նաև հայկական ոաումնասիրությունների և հետազոտությունների կենտրոններում, որոնց նպատակն է օտարության մեջ խթանել հայոց պատմությանը, լեզվին, գրականությանը, մշակույթին, արվեստին, կրոնին, կրթությանը, ազգային, ընկերային, տնտեսական ու քաղաքական կյանքին առնչվող նյութերի ոաումնասիրությունը, հրատարակությունն ու տարածումը: Հայագիտական բարձրագույն ուսումնական հաստատությունները և հետազոտական կենտրոններն ունեն զգալի տպաքանակով լույս տեսնող իրենց երկլեզու (անգլերեն, հայերեն) պարբերական հրատարակությունները:
Հայագիտական ոաումնասիրությունների և հետազոտությունների ազգային ընկերակցություն (National Association for Armenian Studies and Research, NAASR), հիմնվել է 1955-ին, Բելմոնդում՝ 60 հայ մտավորականների և Հարվարդի համալսարանի պրոֆեսորների նախաձեռնությամբ: Կենտրոնը՝ Քեմբրիջ: ԱՄՆ-ի մի շարք համալսարաններում (Բոստոն, Նյու Յորք, Լոս Անջելես, Դետրոյտ, Ֆիլադելֆիա, Ֆրեզնո) օժանդակում է հայագիտական ամբիոններին ու դասընթացներին, ձեռք է բերում հայ ժողովրդի պատմությանն ու մշակույթին նվիրված հայերեն և օտար գրականություն, տարածում