Մուրատ-Ռափայելլան: Մխիթարյան միաբանները, ստանալով ֆրանսիական կառավարության համաձայնությունը, 1929-ին վարժարանը Սամուել-Մուրատ անունով բացել են Փարիզում: Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին փակվել է, վերաբացվել 1946-ին: 1848-1870-ին այստեղ կիրառվել է ֆրանսիական միջնակարգ դպրոցի ծրագիրը (ուսման տևողությունը վեց տարի), ընդունվել են նախակրթարանն ավարտածները: Այնուհետև գործել է ժամանակակից ֆրանսիական լիցեյի ծրագրով: Շրջանավարտներն ստացել են բակալավրի աստիճան և իրավունք՝ առանց քննության ընդունվելու համալսարան: 1991-95-ին վարժարանում գործել է երկօրյա մանկապարտեզ, դասավանդվել են հայոց լեզու և կրոն: Փակվել է 1995-ին՝ նյութական դժվարությունների պատճառով:
Հայկազյան վարժարան, ամենօրյա հայկական դպրոց՝ Փարիզի Գոնել արվարձանում: Հիմնադրել են 1855-ին Մուրատյան վարժարանից հեռացած, կաթոլիկությունից հրաժարված վարդապետներ Ս. Թեոդորյանը, Ա. Գալֆայանը, Գ. Այվազովսկին: Մինչև 1857-ը կոչվել է «Արևելյան բազմալեզու ճեմարան»: Նպատակն էր հայ երեխաներին հաղորդակից դարձնել եվրոպական, մասնավորապես ֆրանսիական մշակույթին և միաժամանակ հայ համայնքների համար պատրաստել կրթված մարդիկ, ուսուցիչներ: 1856-ին վարժարանն ունեցել է երկու դասարան, 1858-ին՝ չորս: Սովորել են 10-15 տարեկան երեխաներ: Դասավանդվել են հայոց լեզու և պատմություն, Հայաստանի աշխարհագրություն, մատենագիտություն, կրոն, ֆրանսերեն, անգլերեն, լատիներեն, քիմիա, կենդանաբանություն, իրավագիտություն, փիլիսոփայություն, գծագրություն, նկարչություն, երաժշտություն, մարմնամարզություն: Բացի հայագիտական առարկաներից ու լեզուներից, ուսուցումն ընթացել է ֆրանսերենով: Հայկազյան վարժարանում սովորել են նաև ֆրանսիացիներ: Փակվել է 1859-ին:
Դպրոցասեր տիկնանց վարժարան, ամենօրյա դպրոց, հիմնվել է 1879-ին, Կ. Պոլսում՝ հայ մտավորական կանանց նախաձեռնությամբ և հանրության նյութական օժանդակությամբ՝ Արևմտյան Հայաստանի հայաբնակ վայրերի վարժարանների համար ուսուցչուհիներ պատրաստելու նպատակով: 1896-ին փակվել է և վերաբացվել 1908-ին: Մեծ եղեռնից հետո դարձել է որբանոց: 1922-ին տեղափոխվել է նախ Սալոնիկ (Հունաստան), ապա՝ Մարսել: 1928-ից հաստատվել է Փարիզի Ռենսի արվարձանում՝ արդիական հարմարություններ ունեցող շենքում (գնվել է ՀԲԸՄ բարերար Տիգրան Քելեկյանի միջոցներով): Մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմի սկիզբը (1939) վարժարանին կից գործել են կարուձևի արհեստանոցներ, մեքենագրության, սղագրության, հիվանդապահության բաժիններ: 1948-ից ֆրանսիական կառավարությունն այն ճանաչել է որպես երկրորդական (միջնակարգ) վարժարան: Առաջնորդվում է ֆրանսիական դպրոցների պետական ծրագրով: Հայոց պատմությունն ու Հայաստանի աշխարհագրությունը դասավանդվում են հայերենով: Ունի երգչախումբ: Պահվում է ՀԲԸՄ-ի, Տիկնանց խնամակալության միության և այլ հայ բարեգործական կազմակերպությունների միջոցներով, ինչպես նաև անհատների նվիրատվություններով: Մինչև 1960-ական թթ. իգական միակ գիշերօթիկ վարժարանն էր սփյուռքում (ներկայումս՝ երկսեռ): 1995-ին աշակերտների թիվը՝ 220, ոաուցիչներինը՝ 23:
Հայկազյան վարժարան, մեկօրյա վարժարան: Հիմնվել է 1936-ին, Լիոնում: Գործել է նաև Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին: 1942-ին ունեցել է 72, 1963-ին՝ 100, 1996-ին՝ 30 աշակերտ: Դասավանդվում են հայոց լեզու, պատմություն, կրոն, եկեղեցական երգեցողություն:
Սուրբ Մեսրոպ, ամենօրյա վարժարան: Հիմնվել է 1978-ին՝ Ալֆորվիլի հայկական եկեղեցու հովանավորությամբ: Նախապես գործել է որպես մանկապարտեզ: 1991-ից ունեցել է նախակրթարանի բաժին: 1994-ին աշակերտների թիվը 121 (80-ը՝ մանկապարտեզում, 41-ը՝ նախակրթարանում), ուսուցիչներինը՝ 8 (3-ը՝ հայ), 1997-ին աշակերտների թիվը՝ 161 (81-ը՝ մանկապարտեզում, 80-ը՝ նախակրթարանում), ուսուցիչներինը՝ 17:
Համազգային ամենօրյա վարժարան, լիցեյ: Հիմնվել է 1980-ին, Մարսելում՝ Համազգային մշակութային միության նախաձեռնությամբ և նյութական օժանդակությամբ: Նախապես գործել է որպես մանկապարտեզ: Ունի 13 դասարան (մանկապարտեզ, նախակրթական, երկրորդական, լիցեյ): 1994-ին աշակերտների թիվը՝ 180: Վարժարանին կից գործում է ծնողական միությունը: Վարժարանում երեխաները ստանում են լիարժեք երկլեզվյան կրթություն՝ տարրականից մինչև ավարտական դասարան:
Մարգարյան-Փափազյան վարժարան, ամենօրյա վարժարան: Հիմնվել է 1987-ին, Լիոնում՝ Նորվան եպս. Զաքարյանի նախաձեռնությամբ, Ազգային միության գործակցությամբ և Արփինե ու Մարգար Մարգարյանների նյութական օժանդակությամբ: Վարժարանն ստացել է պետական հովանավորություն: Առաջնորդվում է ֆրանսիական դպրոցների պետական ծրագրով: Ուսուցումը ֆրանսերեն է, մայրենի լեզվով ավանդվում են հայոց պատմություն, կրոն: Ունի 6 դասարան (3-ը՝ մանկապարտեզ, 3-ը՝