միություն է, որը խնդիր ունի ներկայացնել հայ արվեստը բարձր պրոֆեսիոնալ մակարդակով: Ակումբը համագործակցում է զանազան մշակութային կազմակերպությունների հետ, վաստակած միջոցներով նյութական օգնություն ցույց տալիս խոստումնալից հայ աշակերտներին:
Ֆրանսահայ մշակութային միություն, ստեղծվել է 1949-ին, Փարիզում: Կենտրոնական վարչությունը գտնվում է Փարիզում, շրջանային վարչություններ ունի Մարսելում, Լիոնում, մասնաճյուղեր՝ Ֆ-ի շուրջ 20 հայաշատ քաղաքներում: Երկու տարին մեկ գումարվում է միության համագումարը, որը նրա գերագույն մարմինն է: Կազմակերպում է միջոցառումներ՝ նվիրված հայ մշակույթի և գրականության նշանավոր գործիչներին, հայ ժողովրդի պատմության նշանակալի իրադարձություններին, ցուցահանդեսներ, հայ մշակույթի օրեր, կինոփառատոներ, Հայաստանի Հանրապետության գեղարվեստական խմբերի ու մենակատարների հյուրախաղեր Ֆ-ում (վերջին տարիներին նաև եվրոպական այլ երկրներում՝ Մեծ Բրիտանիա, Բելգիա, Գերմանիա) ևն: Միությունը շոշափելի ավանդ է ներդրել հայրենիքի հետ կապերի ամրապնդման և ընդլայնման գործում: Նրա ջանքերով Հայաստան են բերվել Արշակ Չոպանյանի, Զապել Եսայանի, Սիամանթոյի, քաղաքական գործիչ Արտակ Դարբինյանի արխիվները, Կոմիտասի արխիվի մի մասը, Էդգար Շահինի գրքային նկարազարդումները: Նրա աջակցությամբ Հայաստանի ազգային պատկերասրահը ձեռք է բերել Հ. Այվազովսկու 40 նկարները և քանդակագործ Հ. Գյուրջյանի 300-ից ավելի աշխատանքները: Միության նախագահներ են եղել քարտեզագետ Զ. Խանզատյանը (պատվավոր նախագահ), պրոֆեսոր Հ. Սվաճյանը, լրագրող Ա. Ալիքսանյանը, Ս. Թաթիկյանը, Ս. Պերպերյանը և ուրիշներ, 1996-ից' ժորժ Սարյանը: Հրատարակում է «Թրեդ դ՚Ունյոն» («Միության դիմագիծ») պաշտոնաթերթը:
Երկիր և մշակույթ, կազմակերպություն, ստեղծվել է 1977-ին, Փարիզում: Հիմնադիր-նախագահ՝ պատմաբան Գեղամ Գևոնյան (1997): Նպատակն է վերականգնել ու պահպանել հայկական ճարտարապետական հուշարձանները, նպաստել սփյուռք-հայրենիք կապերի ընդլայնմանը: Կազմակերպությունը հնագիտական պեղումներ է կազմակերպում պատմական Հայաստանի տարբեր շրջաններում: Աշխատանքներ են կատարվել Ս. Թադեի վանքում (Իրան), Քեսաբում (Սիրիա), Ամբերդում (Հայաստան): 1988-ի Սպիտակի երկրաշարժից հետո մեծ օգնություն է ցույց տվել տուժած հայրենակիցներին, մշակել է ծրագիր աղետի գոտու վերակառուցմանն օժանդակելու նպատակով, մասնակցել Սպիտակի շրջանի Գոգարան գյուղի վերականգնման աշխատանքներին: Մասնաճյուղեր ունի Ֆ-ի քաղաքներում (Լիոն, Մարսել), ԱՍՆ-ում (Կալիֆոռնիա), Մեծ Բրիտանիայում, Բելգիայում, Հայաստանում (Երևան): 1995-ին Փարիզում կազմակերպել է լուսանկարչական ցուցահանդես՝ «Հայերի ցեղասպանությունը՝ 1915-16», որը ցուցադրվել է նաև Լիոնում, Թուլուզում, Սեն Շամոնում, Գրենոբլում:
«Ազատագրություն» խմբակցություն, բարեսիրական կազմակերպություն, հիմնվել է 1983-ին, Մարսելում՝ ատամնաբույժ Անդրանիկ Հակոբյանի նախաձեռնությամբ: Նպատակն է ֆրանսիական հասարակայնությանը ծանոթացնել հայ ժողովրդի քաղաքական իրավունքներին, համագործակցել Հայաստանի հետ բժշկական, տնտեսական, մշակութային բնագավառներում: 1997-ին կազմակերպությունը Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում բացել է հայ-ֆրանսիական ատամնաբուժական և ատամնատեխնիկական ուսուցման կենտրոն:
«Ազնավուրը Հայաստանին», բարեգործական կազմակերպություն, ստեղծվել է 1988-ի դեկտեմբերին, Փարիզում՝ Շառլ Ազնավուրի նախաձեռնությամբ: Այդ գործին իր նպաստն է բերել Ազնավուրի մենեջեր Լևոն Սայանը: 1993-ին կազմակերպությունը բացել է իր գրասենյակը Երևանում: Եվրահամայնքի հետ գործակցող այս մարդասիրական կառույցի նպատակն է կազմակերպել բազմակողմանի օգնություն աղետյալ Հայաստանին: Մասնաճյուղեր ունի Գորիսում և Վանաձորում: Երևանի Էրեբունի բժշկական կենտրոնում նորոգել է բաժանմունքներ, Արմավիր քաղաքում բացել է մանկական սննդի գործարան, Լուսակերտում, Գեղասարում, Գոգարանում կառուցել է մշակութային կենտրոններ, իրականացնում է աղետի գոտու դպրոցների օգնության ծրագիր: Ունի բարեգործական դեղատներ: Հովանավորում է հաշմանդամ երեխաների ձմեռային ճամբարը Ծաղկաձորում:
«ՏՕՏ Արմենի», բարեգործական կազմակերպություն, հիմնվել է 1988-ի դեկտեմբերի 7-ին՝ Փարիզի և շրջակայքի Կրոնական ընկերակցության նախաձեռնությամբ՝ Սպիտակի երկրաշարժից տուժած հայրենակիցներին օգնելու նպատակով: Ունեցել է իր վարչական խորհուրդը (նախագահ՝ Գյուտ արք. Նագգաշյան): Հայաստան է ուղարկել մեծ քանակությամբ դեղորայք, սննդամթերք, հագուստ: Սպիտակում կառուցել է մանկապարտեզ, 4 բնակելի շենք, նորոգել բժշկական բաժանմունքներ: «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆ-ի մասնաճյուղի ստեղծումից հետո, 1994-ի մարտի 31-ից, կազմակերպությունը դադարել է գործելուց:
Հայ գործարարների ֆորում, միջազգային կազմակերպության Փա-