Էջ:Հայ Սփյուռք հանրագիտարան 2003.djvu/638

Այս էջը սրբագրված է

սերեն է թարգմանել Ղևոնդի «Պատմությունը» (1856): Ընտրվել է Փարիզի արևելյան գիտական ընկերության անդամ:

Գրականագետ Կարապետ (Շառլ) Տետեյանը (ծ. 1910) 1949-ից եղել է Սորբոնի համալսարանի համեմատական գրականության ամբիոնի վարիչ, 1979-ից՝ պատվավոր պրոֆեսոր: «Պատերազմ մարդկանց ցավի մեջ» (1971, ֆրանսերեն) աշխատության մեջ նա անդրադարձել է Ֆ. Վերֆելի «Մուսա լեռան քառասուն օրը» վեպին և Հայոց ցեղասպանությանը: Եղել է ֆրանսիական «Կլարտե» («Clarte») հանրագիտարանի գլխավոր խմբագիրը: Արժանացել է ֆրանսիական ակադեմիայի «Մեծ մրցանակին», ինչպես նաև «Ֆրանսիական միտք» և «Ֆրանսիական ճառագայթ» մրցանակներին:

Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, աստղագետ Հակոբ Թերզյանը (ծ. 1927) երկար տարիներ եղել է Լիոնի աստղադիտարանի փոխտնօրեն: Հայտնաբերել է 12 գնդաձև աստղակույտ, որոնք կոչվել են իր անունով: Միջազգային աստղագիտական միության (1964), Ֆ-ի աստղագետների ազգային միության (1964) անդամ է: Արժանացել է Ֆ-ի աստղագետների միության Հենրի Ռեյի (1977), Ֆ-ի կրթության նախարարության (1979, 1994) մրցանակներին, Ֆ-ի ԳԱ պսակավոր դափնեկրի տիտղոսին (1988):

Ֆրանսահայ հայտնի գիտնականներից է մաթեմատիկական գիտությունների թեկնածու, պատմաբան, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, ԵՊՀ պատվավոր դոկտոր Արմեն (Կլոդ) Մութաֆյանը (ծ. 1942): Նրա պատմագիտական ուսումնասիրությունները նվիրված են Կիլիկիայի հայկական պետության պատմության և մշակույթի («Կիլիկիան՝ կայսրությունների խաչմերուկում», ֆրանսերեն, հ. 1-2, Փարիզ, 1988), Արցախի պատմության հիմնախնդիրներին: Համահեղինակ է Ֆ-ում հրատարակված Հայաստանի պատմությանը և մշակույթին նվիրված մի շարք աշխատությունների: Մութաֆյանի ղեկավար մասնակցությամբ կազմակերպվել են պատմական ցուցահանդեսներ (Կիլիկիայի հայկական թագավորություն, Փարիզ, 1993, Հայաստանը Արևելքի և Արևմուտքի միջև, 1996), որոնք մեծապես նպաստել են հայոց պատմությունն ու մշակույթը Եվրոպայի հասարակայնությանը ներկայացնելու գործին:

Պաստյորի ինստիտուտի գիտնական, լաբորատորիայի վարիչ, բժիշկ Արա Հովհաննիսյանի (ծ. 1948) գիտական հետազոտություններն ու հայտնագործությունները վերաբերում են ՁԻԱՀ-ի (ձեռքբերովի իմունաանբավարարության համախտանիշ) բուժմանը:

Երկրի գիտության զարգացմանը իրենց նպաստն են բերել նաև քարտեզագիր, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Զատիկ Խանզատյանը, պատմաբան-բանասեր Նիկողայոս Ադոնցը, պատմաբաններ Անահիտ Տեր-Մինասյանը, Կլեր Մուրադյանը, լեզվաբաններ Նիկ Մալումյանը, Անահիտ Տոնապետյանը, ֆիզիկոս, Ֆ-ի ԳԱ անդամ Ռոժե Պարանը (1978-ից՝ Պոլիտեխնիկական վարժարանի պրոֆեսոր), էլեկտրաքիմիկոս Ժան Հալաջյանը, կենսաքիմիկոս պրոֆեսոր Ալեքսանդր Բաղդյանցը, ճարտարագետ-մաթեմատիկոս, գյուտարար Պոլ Նամիյանը, Ֆ-ի դեղագործության ազգային ակադեմիայի թղթակից, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, Փարիզի դեղագործական ֆակուլտետի դասախոս, պրոֆեսոր Սերժ Գրգյաշարյանը, Ֆ-ի փորձագետ խորհրդատու, բժիշկների միության նախագահ Էդուարդ Ադամյանը (1996-ին պարգևատրվել է «Պատվո լեգեոնի ասպետ» շքանշանով), հոգեբույժ Էդուարդ Զարիֆյանը և ուրիշներ:

Հայագիտության զարգացման գործում մեծ ավանդ ունեն ֆրանսիացի հայագետներ Ժ. Մենարը, Շ. Մերսիեն, Ժ-Ա. Սեն Մարտենը, Լըվայան դը Ֆլորիվալը, Էդուարդ Դյուլորիեն, Օգյուստ Կարիերը, Ֆրեդերիկ Մակլերը, Ֆրեդերիկ Ֆեյդին, Ժան Միշել Թիերին, Նիկոլ Թիերին և ուրիշներ:

Հայ լեզվաբանությանն առանձնահատուկ ծառայություն է մատուցել Անտուան Մեյեն: Նրա «Դասական հայերենի համեմատական քերականության ուրվագիծը» (ֆրանսերեն, 1903) հայերենի համեմատական քերականության առաջին ու միակ ամբողջական շարադրանքն է: Հայագիտության զարգացմանը մեծապես նպաստում է ֆրանսիացի արևելագետ-հայագետ Ժան-Պիեռ Մահեն: Արևելյան կենդանի լեզուների դպրոցում երկար տարիներ եղել է հայագիտության ամբիոնի վարիչ: 1977-ից՝ «Ռևյու դեզ էթյուդ արմենիեն» հայագիտական հանդեսի գլխավոր խմբագիր: Զբաղվում է հայերեն հին ձեռագրերի՝ գրաբարից ֆրանսերեն թարգմանությամբ, միջնադարյան Հայաստանի պատմության, հայ գրականության հարցերով:

1798-ին Փարիզի Արևելյան կենդանի լեզուների դպրոցում (այժմ՝ Արևելյան լեզուների և քաղաքակրթության ազգային հիմնարկ, ԻՆԱԼԳՈ) հիմնվել են հայերենի դասընթացներ, իսկ 1810-ին՝ հայագիտության ամբիոն, որի վարիչներն են եղել Շահան-Հակոբ Ջրպետյանը (1810-27), Լըվայան դը Ֆլորիվալը (1827-62), Էդուարդ Գյուլորիեն (1862-81), Օգյուստ Կարիերը (1881-1902), Անտուան Մեյեն (1902-06), Ֆրեդերիկ Մակլերը (1906-37), Ժորժ Դյումեզիլը (1937-49), Ֆրեդերիկ Ֆեյդին (1947-77), Ժան-Պիեռ Մահեն (1977-88), Տիգրան Գույումջյանը (1988-91), 1991-ից՝ Անահիտ Տոնապետյանը: Ներկայումս (2003) դասավանդվում են արևելահայերեն և