Ֆ-ում թողարկվել են երգչախմբի ձայնասկավառակներ: Խումբը մի քանի հոգևոր խմբերգերով մասնակցել է Ա. Վեռնոյի հայտնի «Մայրիկ» ֆիլմին:
«Սայաթ-Նովա», երգչախումբ, հիմնվել է 1992-ին, Նիսում: Խմբավար՝ Խաչիկ Յըլմազյան: Երգացանկն ընդգրկում է հայկական ժողովրդական խմբերգեր, հայ ժամանակակից և դասական կոմպոզիտորների ստեղծագործություններ: Ապահովում է քառաձայն պատարագի երգեցողությունը Նիսի Ս. Աստվածածին եկեղեցում:
Պարարվեստ: Ֆ-ի հայաշատ վայրերում մեծ թիվ են կազմել պարային խմբերը, որոնք գործել են համայնքի պատմության գրեթե ամբողջ ընթացքում՝ վայելելով բարձր ժողովրդականություն:
1920-ական թթ. ելույթ են ունեցել առաջին հայ պարողները՝ Ա. Օհանյանը, Պ. Թաշջյանը: 1933-ին Վերսալում պարի դպրոց է հիմնել Հ. Ավնան (Հովնաթանյան): 1947-ին Սորբոնում կազմակերպված աշխարհի պարերի մրցույթում իսպանական պարը ներկայացրել է Ա. Վարգասը (Տյույմենճյան): 1950-ական թթ. Փարիզում պարի խումբ է ունեցել Կ. Կանտին (Գանթարճյան): Փարիզի Օպերա կոմիկում և Գրանդ օպերայում են աշխատել Ռեժան Օհան Լիլիան Գար (Հովհաննիսյան) քույրերը: Կովկասյան պարերով հանդես է եկել Ա. Թարոնը: Բալետմայստեր Ժ. Պասմաճյանը Լիոնում հիմնել է «Կալինկա» ռուսական պարախումբը, Ժ. Մանդիլյանը՝ «Հայկական կովկասյան պարախումբը», Մ. Եղիայանը՝ բալետի դպրոց: Վերջինս 1993-ին Ավինյոնում ներկայացրել է «Քարաստանի երգը» կոմպոզիցիան: Ֆրանսիական բալետում հանդես են եկել պարողներ Ք. Մաքդոնալդը, Մ. Մալխազունին, Գ. Մոմճյանը, Ա. Ավետիսյանը, Է. Բոլիկյանը և ուրիշներ:
Ներկայումս պարախմբերի մեջ իր բարձր արվեստով նշանավոր է Փարիզի «Նավասարդը», որը հյուրախաղերով շրջագայել է բազմաթիվ երկրներում:
Կինո: Դեռևս 1912-ին թատրոնի նշանավոր դերասան Մ. Մաքսուդյանը նկարահանվել է ֆրանսիական կինոյում («Էլիզաբեթ, Անգլիայի թագուհի», «Ադրիեն Լեկուվրյոր» ևն): Նույն շրջանում գործել է նաև օպերատոր Կ. Մերոբյանը: 1920-ական թթ. մի շարք ֆիլմերում նկարահանվել են դերասաններ Ա. Շահխաթունին, Լ. Հարութը, Տ. Նշանյանը, Հ. Սվաճյանը, Սաշա Փիթոևը և ուրիշներ:
1950-ական թթ. ֆրանսիական կինոյի հայտնի գործիչներից է ռեժիսոր Անրի Վեռնոյը («Սարսափ քաղաքում», «Մայրիկ» ևն), որի ֆիլմերում խաղացել են ֆրանսիացի ճանաչված (Ֆ. Ֆեռնանդել, Ժ. Գաբեն, Ժան-Պոլ Բելմոնդո, Ա. Դելոն) և հայ դերասաններ (Ռոզի Վարդ, Գ. Տերվիշյան, Ա. Ջանիկ և ուրիշներ): Անրի Վեռնոյը պարգևատրվել է «Պատվո լեգեոնի ասպետ», «Պատվո լեգեոնի հրամանատար» շքանշաններով, իսկ «Մայրիկ» ֆիլմի համար արժանացել է «Սեզար» մրցանակի: 1950-60-ական թթ. հարուստ կինոկենսագրություն են ստեղծել դերասաններ Է. Թամիզը, Շ. Ժերարը (Աճեմյան), Ի. Վենսանը, Մ. Արդանը (Գազազյան), Շ. Ազնավուրը: Ռեժիսոր Սերժ Մալումյանի «Ֆրանսիան՝ դիտված երկնքից» 23 մասանոց ֆիլմն արժանացել է երկու «Օսկարի»: Կինոնկարներ են ստեղծել նաև Առլեն Փափազյանը, Ք. Զարիֆյանը, Ժ. Քիլեջյանը, Ս. Ավետիքյանը (ֆիլմերը ցուցադրվել են նաև Երևանում, 1996-ին): Իրենց գործունեությամբ աչքի են ընկել նաև դերասաններ Պ. Բեբեքյանը, Ժ. Ամիրյանը, Հերմինե Կարագյոզը, Ա. Աշչյանը, երաժիշտներ Ժ. Հելյանը, Ա. Էքյանը, օպերատոր Ժ. Բադալը, դիմահարդարներ Հ. Առաքելյանը, Ա. Կարապետյանը, հնչյունային օպերատոր Մարտիկյանը, կոմպոզիտորներ Ժ. Կառվարենցը, Ա. Սեզյանը, Ժ. Թորիկյանը և ուրիշներ:
Ֆ-ում հայտնի են կինոբեմադրիչներ Ալեն Թերզյանը (Ֆ-ի ֆիլմարտադրիչների միության նախագահ), Ռոբերտ Գեդիկյանը, Ժակ Քեբադյանը, Արբի Հովհաննիսյանը, դերասաններ Ռ. Վարդը, Ալիս Սափրիչը, Գրեգուար Ասլանը, Ժակի Ներսիսյանը, Իզաբել Սադոյանը:
1927-ին Փարիզում հիմնադրվել է Արմենֆիլմ կինոստուդիան, որտեղ Ա. Շահխաթունին նկարահանել է «Անդրանիկ» ֆիլմը: Հայկական թեմայով կինոնկարներ են