սկիզբ առած, իր չափերով աննախադեպ զանգվածային արտագաղթը նպաստել է Ռուսաստանի Դաշնության տարածքում հայ բնակչության թվի զգալի աճին: Շուրջ 1 մլն արտագաղթածների մեծ մասը բնակություն է հաստատել ՌԴ Կրասնոդարի, Ստավրոպոլի երկրամասերում, Ռոստովի մարզում, Մոսկվայում, Մոսկվայի մարզում և այլ շրջաններում:
ԽՍՀՄ փլուզումից հետո նորանկախ պետությունները որդեգրել են նոր քաղաքականություն ազգային փոքրամասնությունների հանդեպ: Հայկական համայնքներ են ձևավորվել բոլոր հայաբնակ վայրերում, վերաբացվել կամ հիմնվել են հայկական եկեղեցիներ, կրթական, մշակութային և այլ կազմակերպություններ, սկսել են հրատարակել պարբերականներ, հիմնականում՝ տեղական լեզուներով: Ինչպես Արևելքի երկրներից Արևմուտք տեղափոխված, այնպես էլ Հայաստանից Ռուսաստանում, Ուկրաինայում, Բելառուսում և այլուր հաստատված հայերը նպաստել են ազգային կյանքի աշխուժացմանը, նոր համայնքներ հիմնել այդ երկրների շրջաններում:
Խորհրդային Միությունում հայերը զգալի դեր են խաղացել երկրի քաղաքական, մտավոր և հոգևոր կյանքի ամենատարբեր բնագավառներում: Այդ ավանդույթը ներկայումս հաջողությամբ շարունակում է նորանկախ երկրների հայությունը:
Սփյուռքի կազմակերպական կառուցվածքը: Սփյուռքահայության հավաքական և նպատակաուղղված ազգային գործունեությունն իրականացվում է բազմաթիվ և բազմապիսի կազմակերպությունների միջոցով, որոնցում հարկ է տարբերակել համասփյուռքյան (գրեթե բոլոր համայնքներում գործող) և զուտ տեղական բնույթի կազմակերպություններ:
Սփյուռքի բոլոր համայնքներում գործող ազգային հաստատությունների շարքում հատկապես կարևոր է Հայ առաքելական եկեղեցու դերը, որի հետևորդն է սփյուռքահայերի գերակշիռ մեծամասնությունը: Սառը պատերազմի տարիներին, երբ քաղաքական-գաղափարաբանական առճակատման մեջ ներքաշվեց նաև Հայ առաքելական եկեղեցին, սփյուռքի որոշ թեմեր Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության ազդեցությամբ դադարեցին ճանաչել Ս. Էջմիածնի վարչական գերագույն իշխանությունը և անցան Մեծի Տանն Կիլիկիո (Անթիլիաս, Լիբանան) կաթողիկոսության ենթակայության տակ: Դա բացասաբար է անդրադարձել թե Հայ եկեղեցու և թե ողջ սփյուռքահայության միասնության վրա` հրատապ դարձնելով Հայ առաքելական եկեղեցու վերամիավորման անհրաժեշտությունը: Սփյուռքահայ համայնքների մեծ մասում գործում են նաև հայ կաթոլիկ և ավետարանական եկեղեցիներ:
Համասփյուռքյան կազմակերպություններից են Սոցիալ-դեմոկրատ հնչակյան (ՍԴՀԿ), Հայ հեղափոխական դաշնակցություն (ՀՀԴ), Ռամկավար-ազատական (ՌԱԿ) ազգային քաղաքական կուսակցությունները, Նոր սերունդ, Համազգային, Թեքեյան մշակութային միությունները, Հայ երիտասարդաց ընկերակցություն, Հայ մարմնակրթական ընդհանուր միություն, Հայ մարմնամարզական միություն երիտասարդական կազմակերպությունները: Տասնամյակներ շարունակ նշանակալի էր նաև հայրենակցական միությունների գործունեությունը: Սփյուռքի պայմաններում կենսական մեծ նշանակություն ունեն բարեգործական կազմակերպություններն ու հիմնադրամները` Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ), Հայ օգնության միությունը (ՀՕՄ), Հայ օգնության ֆոնդը (ՀՕՖ), Հովարդ Կարագյոզյան հաստատությունը, Գալուստ Կյուլպենկյան հիմնարկությունը ևն:
Այս առումով որոշակի առանձնահատկություններ են բնորոշ հետխորհրդային տարածքի նորանկախ պետությունների հայ համայնքներին, որտեղ նշված համասփյուռքյան կազմակերպությունները տեղական մասնաճյուղեր չունեն: Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ նշված կազմակերպությունները ստեղծվել են կամ մինչև Առաջին համաշխարհային պատերազմը` արևմտահայությանն օժանդակելու նպատակով (ՀԲԸՄ, ՀՕՄ) կամ հենց սփյուռքահայերի կողմից` 1920-1940-ական թթ.: Խորհրդային Միության քաղաքականությունն ազգային փոքրամասնությունների նկատմամբ բացառում էր այդ կազմակերպությունների գոյությունը երկրում: Այդ իսկ պատճառով տեղի հայությունը մշակում և գործադրում է համայնքային կառույցների ուրույն ձևեր ու տեսակներ` ձգտելով ստեղծել համահամայնքային ներկայացուցչական մարմիններ:
Սփյուռքի բոլոր համայնքներում, համասփյուռքյան կազմակերպություններից զատ, գոյություն ունեն նաև բազմաթիվ այլ մշակութային, կրթական երիտասարդական-մարզական, կանանց, մասնագիտական ևն միություններ, որոնց գործունեության դաշտը սահմանափակված է մեկ երկրով կամ նույնիսկ մեկ քաղաքով (Ռուսաստանի հայերի միություն, Ֆրանսահայ բժիշկների միություն, Կանադայի հայ առևտրականների միություն և այլն):
Հայ սփյուռքում տակավին չեն ստեղծվել ընտրովի ներկայացուցչական մարմիններ, որոնք իրավասու լինեին հանդես գալու ամբողջ սփյուռքահայության, տվյալ երկրի կամ նույնիսկ տվյալ քաղաքի հայության անունից: Նման մարմիններ ստեղծելու, սփյուռքահայերի ազգային գործունեությունը համադրելու