Էջ:Հայ Սփյուռք հանրագիտարան 2003.djvu/91

Այս էջը սրբագրված է

ՄԱՄՈՒԼ

Ա-ում հայ մամուլի սկզբնավորումը և հետագա զարգացումը կապված է գերազանցապես Վիեննայի Մխիթարյան միաբանության գործունեության հետ: XIX-XX դդ. հրատարակվել են 10 անուն հայերեն պարբերականներ (բոլորն էլ՝ Վիեննայում): Առաջինը՝ «Ծանոթությունը վաճառագիտության» շաբաթաթերթը, լույս է տեսել 1819-ին (միայն մեկ համար՝ 1812-ից գործող Մխիթարյան միաբանության տպարանում):

Այնուհետև լույս է տեսել «Եվրոպա» շաբաթաթերթը, 1858-62-ին՝ «Տոմար ընտանեկան» տարեգիրքը, 1887-ից՝ «Հանդես ամսօրյա» հանդեսը: 1970-ական թթ., երբ վերստին աշխուժացել է ավստրիահայ համայնքի ազգային կյանքը, Հայ ուսանողական և երիտասարդական միությունը հրատարակել է «Արարատ» ամսագիրը և «Պարբերաթերթ» լրագիրը (երկուսն էլ՝ հայերեն, գերմաներեն), որոնք, սակայն, կարճ կյանք են ունեցել: 1984-87-ին լույս է տեսել «Հրայրք» մշակութային հայկական շաբաթաթերթը (խմբագիր՝ Հրայր Սիսական Կարապետյան): Եվրո-հայկական ընկերության հրաաարակած «Մենք» ամսաթերթի միայն երեք համար է լույս տեսել: Ներկայումս (2003) լույս է տեսնում ՀՄԸՄ Ա-ի մասնաճյուղի «Գաղութի տեղեկատու» պարբերաթերթը (հայերեն, գերմաներեն), 1981-ից՝ Ավստրո-հայկական մշակութային ընկերության «OAK Journal» գերմաներեն պարբերականը:

«Եվրոպա», քաղաքական, գեղարվեստական և ուսումնական շաբաթաթերթ, ապա՝ երկշաբաթաթերթ: Լույս է տեսել 1847-63-ին, Վիեննայում: Խմբագրական մարմինը կազմված է եղել Մխիթարյան միաբանության անդամներից: Վերջին շրջանում թերթը խմբագրել է Վարդան Ըստակարյանը: Տպագրել է նյութեր եվրոպական երկրների արդյունաբերության, առևտրի, գիտության մասին, ուսումնական, գրական-գեղարվեստական գործեր, լուրեր հայկական գաղթավայրերից, ինչպես նաև միաբանության անդամների հեղինակած հողվածներ հայ ժողովրդի պատմության մասին ևն:

«Հանդես ամսօրյա», հայագիտական հանդես: Վիեննայի Մխիթարյան միաբանության պաշտոնական հրատարակություն: Լույս է տեսնում 1887-ից: Մինչև 1914-ը՝ ամենամսյա, հետագա տարիներին լույս է տեսել անկանոն պարբերականությամբ: Հիմնադիր՝ Ա. Այտընյան, խմբագիրներ՝ Ղ. Հովնանյան, Գ. Գալեմքյարյան, Գ. Մենևիշյան, Հ. Տաշյան, Ղ. Հովնանյան, Վ. Մելքիսեդեկյան, Թ.Կետիկյան, Հ. Համբարյան, Ն. Ակինյան, Ս. Մատիկյան, Հ. Ոսկյան, Պ. Տեր-Պողոսյան, Օ. Սեքուլյան, Մ. Թախպյան, Պ. Գոճանյան:

Իր գոյության 115 տարիների ընթացքում հանդեսի էջերում հրատարակվել են բազմաթիվ աշխատություններ նվիրված հայ ժողովրդի պատմության, բանասիրության, լեզվաբանության, միջնադարյան հայ մատենագրության, ազգագրության, հայ գաղթավայրերի պատմության և հայագիտության այլ բնագավառների հարցերին, ինչպես նաև բնագրեր՝ հայ հին և միջնադարյան ձեռագրերից: Բացի միաբանության անդամներից, հանդեսին աշխատակցել են նաև հայագետներ Հայաստանից, Ռուսաստանից, եվրոպական երկրներից: Հանդեսում հրապարակված նյութերի զգալի մասը միաբանությունը լույս է ընծայել առանձին գրքերով՝ «Ազգային մատենադարան» մատենաշարով: «Հանդես ամսօրյա»-ի միջոցով են այլազգի հայագետները ծանոթանում հայ գիտնականների աշխատություններին:

Գրկ. Ա կ ի ն յ ա ն Ն., Ակնարկ մը Վիեննական Մխիթարման միաբանութեան գրական գործունեութեան վրա, Վնն., 1912: Ա բ ր ա հ ա մ յ ա ն Ա. Գ., Համառոտ ուրվագիծ հայ գաղթավայրերի պատմության, հ. 2, Ե., 1967: Համառոտ ակնարկ վիեննահայ գաղութի պաամութեան վերայ, Վնն., 1972: Ընդհանուր գրացուցակ Մխիթարեան գրավաճառանոցի, 1776-1972, Վնն., 1972:

Գրիգոր Հալաճյան (Ավստրիա)