Էջ:Հայ Սփյուռք հանրագիտարան 2003.djvu/96

Այս էջը սրբագրված է

Լոպեսի ազգային, Արծրունի և Պահչեճյան վարժարանները: 1988-92-ին գործել է նաև Վահե Չըննոզյան հայկական ուսուցչանոցը:

1992-ից Դել Սալվադոր համալսարանի արևելագիտության ֆակուլտետում գործում է հայագիտական մշտական ամբիոն, Բուենոս Այրեսի պետական համալսարանում և Քենեդի համալսարանում հայագիտական ազատ (ոչ մշտական) ամբիոն, իսկ ճարտարապետության ֆակուլտետում դասավանդվում է հայկական ճարտարապետության դասընթաց: Գաղութի մշակութային կյանքը ներկայացնում են Արգենտինահայ մշակութային միությունը, Համազգային, Թեքեյան և Նոր սերունդ մշակութային միությունները, «Ժորժ Սարգիսյան» և «Մհեր Մկրտչյան» թատերախմբերը, «Մասիս», «Գայանե», «Նաիրի» պարախմբերը, «Արաքս», «Կոմիտաս», «Շնորհալի», «Արևագալ», «Ալագյազ», «Ս. Գրիգոր Լուսավորիչ» և «Մաշտոց» երգչախմբերը, զանազան նվագախմբեր: Հրատարակվում են «Արմենիա», «Սարտարապատ», «Նոր Հաճըն», «Նոր Սևան», «Generacion 3», «Արարատ» և «Dibet» պարբերականները: Բուենոս Այրեսում լույս է տեսել «Արգենտինահայ ուղեցույց» տեղեկատվական ծավալուն հատորը (հեղինակ և հրատարակիչ՝ Լուսիա Դերեբյան): Գործում է հայկական հինգ ռադիոժամ: Բուենոս Այրեսի հրապարակներից մեկը կոչվում է Հայաստան (կան նաև փողոցներ այդ անվամբ), մեկ ուրիշը՝ Արարատ, որտեղ կանգնեցված է Մեծ եղեռնի նահատակներին նվիրված հուշակոթող: Քաղաքի Պալերմո թաղամասի Արմենիա փողոցում (այստեղ են կենտրոնացած համայնքի ազգային հաստատությունների մեծ մասը) 1998-ին կառուցվել է Սարդարապատի հերոսամարտի հուշարձան-կոթող (տեր և տիկին Մեծատուրյանների նվիրատվությամբ):

Կորդովայում (Կորդոբա) հայերը հաստատվել են 1910-ական թթ.: 1925-ից այստեղ գործում է Հայ առաքելական Եկեղեցու հոգաբարձությունը՝ Կորդովահայ գաղութային միություն անունով: Կորդովայում են հիմնվել Ա-ի առաջին՝ Ս. Գևորգ (1926) հայկական եկեղեցին և մեկ ավետարանական ժողովարան: Ներկայումս հայերի թիվը Կորդովայում շուրջ 5 հզ. է: Գործում են Սահակ-Մեսրոպ ազգային ամենօրյա վարժարանը (նախակրթարան մոտ 100 աշակերտով), Մանուել Պելկրանո երկրորդական վարժարանը, եկեղեցուն կից կիրակնօրյա դպրոց, նաև ՀԲԸՄ Կորդովայի մասնաճյուղը, ՀՀԴ «Անդրանիկ» ակումբը (այստեղ է գտնվում ազգային հերոս Արամ Երկանյանի աճյունը), «Սասուն» պարախումբը, մարզական, երիտասարդական կազմակերպություններ: Հրատարակվում է «Հայ» պարբերաթերթը (անձնական): Կորդովայում կա Հայաստանի Հանրապետության անունը կրող հրապարակ: Քաղաքի փողոցներից մեկը կոչվում է Արմենիա, մեկ ուրիշը՝ Զորավար Անդրանիկ:

Մար դել Պլատայում հայերը հաստատվել են 1950-ական թթ. վերջին: Նրանց թիվը շուրջ 500 է: Կարճատև գործել է Հայ կենտրոնի տեղական վարչական խորհուրդը: 1980-ական թթ. վերջին համայնքի կյանքը վերստին աշխուժացել է, 1987-ին կազմվել է Մար դել Պլատայի հայրենակցական միությունը, որը կատարում է համայնքի վարչության դերը: Գործում է մեկ ռադիոժամ:

Ռոսարիոյում հայերը հաստատվել են 1920-30-ական թթ.: Նրանց թիվը շուրջ 500 է: Մինչև 1990-ական թթ. գործել է Հայ կենտրոնի Ռոսարիոյի վարչական խորհուրդը, 1990-ական թթ-ից՝ նաև ՀՕՄ-ի մասնաճյուղ: