Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/10

Այս էջը հաստատված է

օտագործման հաճախությունից և քանակից: Սուլֆանիլամիդային պատրաստուկներից նախկինում, երբ դրանք շատ էին կիրառվում, Ա-ական հակազդեցություններն ավելի հաճախակի էին: Հակաբիոտիկների, հիմնականում պենիցիլինի, լայն տարածման հետ կապված՝ ավելի հաճախակի են Ա-ական բարդությունները՝ նույնիսկ փոքր չափաքանակից: Ուստի անհրաժեշտ է հիշել, որ առանց բժշկի նշանակման ցանկացած դեղանյութ վտանգավոր է օգտագործել:

3. Կենցաղային ալերգեններից են գորգերի, հագուստի, անկողնու սպիտակեղենի փոշին, խոնավ սենյակների պատերի սնկերը, միջատների (փայտոջիլ, խավարասեր ևն) մասնիկները: Նույն խմբին են պատկանում նաև, այսպես կոչված, վերնամաշկային ալերգենները՝ մազերը, բուրդը, կենդանիների թեփը: Երբեմն դաֆնիան (ձկների կերը) նույնպես կարող է ալերգեն լինել: Վերջին տարիներին ավելացել են կենցաղային քիմ. պատրաստուկներից՝ հատկապես լվացափոշիներից առաջացած Ա-ական հակազդեցությունները: Կենցաղային ալերգեններն ավելի հաճախ առաջացնում են շնչուղիների Ա-ական հիվանդություններ (բրոնխային հեղձուկ, Ա-ական հարբուխ):

4. Ծաղկափոշու ալերգեններ: Ա-ական հիվանդություններ են (հարբուխ, շաղկապենաբորբ ևն) առաջացնում նաև օրգանիզմ թափանցած որոշ բույսերի (հաճախ քամու միջոցով փոշոտվող) ծաղկափոշիները:

5. Սննդային ալերգեններ կարող են լինել համարյա բոլոր սննդամթերքները: Սակայն ավելի հաճախ Ա. են առաջացնում կաթը, ձուն, միսը, ձուկը, լոլիկը, ցիտրուսները, շոկոլադը, ելակը, մորին: Ստամոքսաղիքային համակարգի միջոցով ալերգեններն օրգանիզմ թափանցելիս առաջացնում են սննդային Ա.: Իսկ երբ ստամոքսաղիքային համակարգի Ա-ական ախտահարումներն առաջանում են ալերգենն այլ ճանապարհով օրգանիզմ թափանցելիս, անվանում են ստամոքսաղիքային Ա.: Օրինակ՝ շնչուղիների լորձաթաղանթի միջոցով օրգանիզմ թափանցած ալերգենը ստամոքսաղիքային համակարգի ցանկացած բաժնում կարող է առաջացնել Ա-ական հակազդեցություն: Սննդային Ա. առաջանում է շատ արագ: Օրինակ՝ կաթից անմիջապես կարող է առաջանալ փսխում, լուծ, ավելի ուշ՝ եղնջացան, տենդ: Սննդային Ա. սովորաբար առաջանում է ստամոքսաղիքային համակարգի ֆունկցիայի խանգարումից: Երեխաների Ա-ի առաջացմանը նպաստում է նաև գերսնուցումը: Նրանց սննդային ալերգենները հաճախ առաջացնում են բորբոքահեղուկալորձենաբորբային նախատրամադրվածություն: Որոշակի սննդամթերքների նկատմամբ օրգանիզմի անհանդուրժողականությունը միշտ չէ, որ կապված է Ա-ական հակազդեցությունների հետ: Այն կարող է պայմանավորված լինել մարսող. հյութում որոշ ֆերմենտների անբավարարությամբ, որն առաջացնում է սննդային Ա-ին նման մարսողության խանգարում:

6. Արդ. ալերգեններ: Քիմ. արդ-յան բուռն զարգացումը հանգեցրել է արդ-յան մեջ և կենցաղում տարբեր նյութերի քանակի ավելացմանը, որոնց հետ շփվում են մարդիկ: Դրանցով էլ պայմանավորված են տարբեր բնույթի Ա-ական հակազդեցությունները, հիմնականում մաշկի ախտահարումները, Ա-ական մասնագիտ. մաշկաբորբերը: Արդ. ալերգեններ կարող են լինել բևեկնախեժը, հանքային յուղերը, նիկելը, քրոմը, մկնդեղը, կուպրը, աղաղանյութերը, ազոնավթոլային և այլ ներկանյութերը, լաքերը, միջատասնկասպանները, բակելիտ (խեժ), ֆորմալին, միզանյութ, էպօքսիդային խեժեր պարունակող նյութերը, պնդացնող նյութերը, լվացանյութերը, ամինաբենզոլները, քինոլինի, քլորբենզոլի ածանցյալները և շատ ուրիշ նյութեր: Վարսավիրանոցներում և կոսմետիկ. սրահներում ալերգեններ կարող են լինել մազերի, հոնքերի, թարթիչների ներկանյութերը, օծանելիքները, մազերի հեղուկները, լուսանկարչական լաբորատորիաներում՝ մեթոլը, հիդրոքինոնը, բրոմի միացությունները:

7. Ալերգենների հատուկ խումբ են ֆիզ. գործոնները (տաքը, սառը), մեխ. գրգիռները: Պարզվել է, որ հաճախ այդ գործոնների ազդեցության հետևանքով օրգանիզմում առաջացած որոշակի նյութեր դառնում են ալերգեններ: Ի պատասխան օրգանիզմ ներթափանցած ալերգենների՝ առաջանում են Ա-ական առանձնահատուկ և ոչ առանձնահատուկ հակազդեցություններ: Առանձնահատուկ հակազդեցությանը նախորդում է գաղտնի շրջանը, երբ ալերգենն 1-ին անգամ օրգանիզմ թափանցելիս առաջացնում է գերզգայնություն, որը տեղի է ունենում հակամարմնի (սպիտակուցային նյութեր, որոնք առաջանում են միայն տվյալ ալերգենն օրգանիզմ ներթափանցելիս) արտադրության կամ տվյալ ալերգենի հետ փոխազդող լիմֆոցիտների ի հայտ գալու հետևանքով: Եթե այդ պահին ալերգենը հեռացվի օրգանիզմից, ապա հիվանդագին երևույթներ չեն նկատվի: Ալերգենի կրկնվելու դեպքում օրգանիզմը դրա նկատմամբ դառնում է գերզգայուն, և առաջանում է Ա-ական հակազդեցություն: Արդյունքում տեղի են ունենում մի շարք կենսաքիմ. գործընթացներ, արտադրվում են քիմ. նյութեր (հիստամին, սերոտոնին ևն), որոնք ախտահարում են բջիջները, հյուսվածքները և օրգանները: Նման դեպքերում օրգանիզմի գերզգայնացումն առանձնահատուկ է, որն առաջանում է նախկինում զգայնացման վիճակ առաջացրած ալերգենի նկատմամբ:

Ոչ առանձնահատուկ Ա-ական հակազդեցություններն առաջանում են ալերգենի հետ անմիջական շփումից, առանց նախորդող գերզգայնացման: Օրգանիզմ թափանցելով՝ ալերգենն առաջացնում է բջիջները, հյուսվածքները և օրգաններն ախտահարող նյութեր: Ոչ առանձնահատուկ հակազդեցություններից է իդիոսինկրազիան՝ օրգանիզմի անհանդուրժողականությունը որոշ սննդամթերքների և դեղանյութերի նկատմամբ:

Մարդկանց հիմնականում բնորոշ են առանձնահատուկ Ա-ական հակազդեցությունները: Ըստ ժամանակի՝ Ա-ական հակազդեցությունները լինում են արագ և դանդաղ: Արագ են մաշկային և համակարգերի (շնչառ., մարսող. ևն) Ա-ական հակազդեցությունները (մաշկային բշտիկներ, բրոնխակծկանք, ստամոքսաղիքային համակարգի գործունեության խանգարում ևն), որոնք առաջանում են առանձնահատուկ ալերգենի ազդեցությունից 15-20 ր հետո:

Արագ Ա-ական հակազդեցություններից են անաֆիլաքսային շոկը, պոլինոզները, եղնջացանը, բրոնխային հեղձուկը, շիճուկային հիվանդությունը, Կվինկեի այտուցը: Ոչ գերզգայուն մարդկանց մոտ շիճուկային հիվանդությունն առաջանում է շիճուկ կամ գամմա-գլոբուլին ներարկելուց 2-12 օր հետո, իսկ կրկնակի անգամ շիճուկ ներարկելիս՝ ավելի շուտ: Ախտանշաններից են մաշկի ցանը, քորը, ավշային հանգույցների թեթևակի մեծացումը, ջերմաստիճանի բարձրացումը ևն: Կվինկեի այտուցը մաշկի, ենթամաշկային բջջանքի և լորձաթաղանթների անցողիկ սահմանափակ այտուց է, որը կարող է առաջանալ ցանկացած ալերգենն օրգանիզմ ներթափանցելիս: Հաճախ առաջանում է դեմքի վրա, բայց կարող է լինել նաև բերանի, կոկորդի (տես Կրուպ), ստամոքսաղիքային համակարգի լորձաթաղանթների այտուց: Հանդիպում են նաև ոչ Ա-ական՝ Կվինկեի ժառանգ. այտուցի դեպքեր: Դանդաղ հակազդեցություններն առաջանում են մի քանի ժ, երբեմն՝ օրվա ընթացքում: Դրանցից են