ներդրում էին Ն. Կրավկովի աշխատանքները:
Վ. Պաշուտինը, Ա. Ֆոխտը և ուր. հիմք դրեցին ընդհանուր և փորձարար. ախտաբանության (ախտաբան. ֆիզիոլոգիա), որն ուսումնասիրում է ախտաբան. գործընթացների ծագման ու զարգացման օրինաչափությունները:
19-րդ դ. 2-րդ կեսին թերապիայից (ներքին բժշկություն, որն սկզբում ընդգրկում էր ամբողջ Բ., բացի վիրաբուժությունից և մանկաբարձությունից) սկզբնավորվել են նոր գիտագործն. բնագավառներ: Օրինակ՝ մանկաբուժությունը, որը, որպես գործն. բժշկության ճյուղ, նախկինում նույնպես գոյություն ուներ, ձևավորվել է որպես ինքնուրույն գիտակարգ, ներկայացվել ամբիոններով, կլինիկաներով, ընկերություններով: Մանկաբուժության ականավոր ներկայացուցիչը Ռուսաստանում եղել է Ն. Ֆիլատովը:
Նյարդախտաբանությունը և հոգեբուժությունը փոխակերպվում են գիտակարգերի՝ նյարդային համակարգի անատոմիայի և ֆիզիոլոգիայի ուսումնասիրման բնագավառում ձեռք բերված հաջողությունների և Ֆ. Պինելյի, ժ. Շարկոյի (Ֆրանսիա), Ա. Կոժևնիկովի, Ս. Կորսակովի, Վ. Բեխտերևի ու տարբեր երկրների շատ ուրիշ գիտնականների կլինիկ. գործունեության հիման վրա:
Կլինիկ. Բ-յան հետ մեկտեղ զարգացել է նաև կանխարգելիչ Բ.: Անգլ. բժիշկ Է. Զեները հայտնաբերել է հակածաղկային վակցինան (1796), որի կիրառումը հնարավորություն է տվել ծաղկապատվաստման միջոցով հետագայում արմատապես կանխել այդ հիվանդությունը (տես Ծաղիկ բնական): 19-րդ դ. վիեննացի բժիշկ Ի. Ջեմելվեյսը (1818-65) հաստատել է, որ ծննդաբեր. տենդի պատճառը բժշկի ձեռքերի և գործիքների միջոցով վարակի փոխանցումն է: Նա առաջարկել է վարակազերծման մեթոդը, որի կիրառման շնորհիվ խիստ կրճատվել է ծննդկանների մահացությունը:
Լ. Պաստյորի (1822-95) աշխատանքները, որոնցով հաստատվել է վարակիչ հիվանդությունների մանրէային բնույթը, «մանրէաբանության դարաշրջանի» սկիզբն են հանդիսացել: Հիմնվելով նրա հետազոտությունների վրա՝ անգլ. վիրաբույժ Ջ. Լիստերը (1827-1912) առաջարկել է վերքերի բուժման հականեխության մեթոդը (տես Հականեխություն, աննեխություն), որի կիրառումը հնարավորություն է տվել վնասվածքների և վիրահատությունների ժամանակ խիստ նվազեցնել բարդությունների թիվը: Գերմ. բժիշկ Ռ. Կոխի (1813-1910) և նրա աշակերտների հայտնագործությունները հանգեցրել են Բ-յան մեջ պատճառագիտ. ուղղության տարածմանը, բժիշկներն սկսել են փնտրել հիվանդությունների մանրէային պատճառը: Մանրէաբանությունը և համաճարակաբանությունը զարգացել են շատ երկրներում, հայտնաբերվել են տարբեր վարակիչ հիվանդությունների հարուցիչները և փոխանցողները: Ռ. Կոխի մշակած հոսող գոլորշիով մանրէազերծման մեթոդը լաբորատորիայից տեղափոխվել է վիրաբուժ. կլինիկա և նպաստել աննեխության զարգացմանը: «Ծխախոտի խայտաբղետ հիվանդության» նկարագրությամբ (1892) Դ. Իվանովսկին դրել է վիրուսաբանության զարգացման հիմքը: Բակտերիաբանության բնագավառում հաջողվել է բացահայտել մարդու հիվանդության առաջացման գործում մանրէհարուցիչի դերը: Ի. Մեչնիկովի գործունեության հետ են կապված վարակ. գործընթացում օրգանիզմի նշանակության և հիվանդության հանդեպ անընկալության (տես Իմունիտետ) առաջացման պատճառի ուսումնասիրությունները: Գերմ. գիտնականներ Է. Բերինգը և Պ. Էռլիխը մշակել են իմունիտետի քիմ. տեսությունը և դրել շճաբանության (ուսմունք արյան շիճուկի հատկությունների մասին) հիմքը (տես Շիճուկներ):
Բնագիտության հաջողությունները հաստատել են հիգիենայի բնագավառում հետազոտության փորձարար. մեթոդների օգտագործումը, 19-րդ դ. 2-րդ կեսին հիգիենայի ամբիոնների և լաբորատորիաների կազմակերպումը: Գերմանիայում Մ. Պետենկոֆերի (1818-1901), Ռուսաստանում Ա. Դոբրոսլավինի, Ֆ. էրիսմանի աշխատանքներով մշակվել են հիգիենայի գիտ. հիմքերը:
Արդ. հեղաշրջումը, քաղաքների աճը, 18-րդ դ. բուրժ. հեղափոխությունը պայմանավորել են սոցիալ. խնդիրների մշակումը և հաս. հիգիենայի զարգացումը: 19-րդ դ. կեսերին սկսել են կուտակվել նյութեր, որոնք ապացուցել են հատկապես բանվորների առողջության կապը աշխատանքային և կենցաղային պայմանների հետ:
Բժշկագիտության զարգացումը 20-րդ դարում: Բ. արհեստից գիտության վերածելու 1-ին որոշիչ քայլերն արտասահմանում կատարվել են 19-20-րդ դդ.՝ բնական գիտությունների նվաճումների և տեխ. առաջընթացի ազդեցությամբ: Ռենտգենյան ճառագայթների հայտնագործումը (Վ. Ռենտգեն, 1895-97) ռենտգենախտորոշման սկիզբն է դրել, առանց որի անհնար է պատկերացնել հիվանդի խորացված հետազոտությունը: Բնական ռադիոակտիվության հայտնագործումը և միջուկային ֆիզիկայի բնագավառում դրան հաջորդած հետազոտությունները պայմանավորել են ռադիոկենսաբանության զարգացումը: Վերջինս ուսումնասիրում է կենդանի օրգանիզմների վրա իոնացնող ճառագայթների ազդեցությունը, որն էլ հանգեցրել է ճառագայթային հիգիենայի զարգացմանը և ռադիոակտիվ իզոտոպների կիրառմանը: Դա իր հերթին հնարավորություն է տվել մշակել նշակիր ատումներով հետազոտման մեթոդը, ռադիումը և ռադիոակտիվ մյուս պատրաստուկներն սկսել են հաջողությամբ կիրառվել ոչ միայն ախտորոշիչ, այլև բուժիչ նպատակներով (տես Ճառագայթաբուժություն):
Սրտի անռիթմության և մի շարք այլ հիվանդությունների հետազոտման (ախտորոշման հնարավորություններն ընդլայնող) մեթոդ է դարձել էլեկտրասրտագրությունը, որը գործն. կլինիկայում ներդրվել է հոլանդ. ֆիզիոլոգ Վ. Էյնթհովենի և ռուս ֆիզիոլոգ Ա. Սամոյլովի աշխատանքներից հետո:
20-րդ դ. 2-րդ կեսին Բ-յան զարգացման համար կարևոր էր կիբեռնետիկ. մեթոդների ներդրումը. ի հայտ եկան օրգանների և համակարգերի ֆունկցիաների գրանցման սկզբունքորեն նոր (ընկալող, հաղորդող և գրանցող) սարքեր (օրինակ՝ սրտի և մյուս օրգանների աշխատանքի մասին հաղորդումն իրականացվում է նույնիսկ տիեզեր. հեռավորությունից): Արհեստ. երիկամի, սրտի, թոքերի տեսքով արհեստ. սարքերը փոխարինում են այդ օրգաններին (օրինակ՝ վիրահատության ժամանակ), էլեկտրախթանումը հնարավորություն է տալիս ղեկավարել հիվանդ սրտի ռիթմը, միզապարկի ֆունկցիան ևն: Էլեկտրոնային մանրադիտակի շնորհիվ հնարավոր է դարձել դիտվող օբյեկտը խոշորացնել տասնյակհազարավոր անգամներ, ինչը թույլ է տալիս ուսումնասիրել բջջի կառուցվածքը և փոփոխությունները: Ակտիվորեն զարգանում է բժշկ. կիբեռնետիկան (տես Կիբեռնետիկա բժշկական): Ախտորոշման բնագավառում հատուկ նշանակություն է ձեռք բերել էլեկտրոնային-հաշվող. տեխնիկան: Ստեղծվել են վիրահատության ժամանակ նարկոզի, շնչառության և զարկերակային ճնշման մակարդակի ավտոմատ կարգավորման համակարգեր, ակտիվորեն կառավարվող պրոթեզներ ևն: Գիտատեխ. առաջընթացը լուրջ ազդեցություն է թողել նաև Բ-յան նոր ճյուղերի ձևավորման վրա: Օրինակ՝ 20-րդ դ. ավիացիայի զարգացման հետ մեկտեղ սկզբնավորվել է ավիացիոն Բ. : Տիեզերանավերում մարդու թռիչքները