Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/113

Այս էջը հաստատված է

(5-րդ դ. վերջ և 6-րդ դ. սկիզբ) մի քանի երկերում շոշափվել են մարդակազմության, կենսաբանության, դեղագիտության, հիգիենայի և բժշկ. բարոյագիտության հարցերը: «Վերլուծութիւն «Ներածութեանն Պորփիւրի» աշխատությունը վկայում է Հայաստանում կատարված դիահերձումների մասին: Անաևիա Շիրակացին իր 667-ին կազմած «Քննիկոնում» տեղ է տվել նաև բժշկագիտ. երկերին: Նա զբաղվել է նաև բուսաբուժության հարցերով, նկարագրել է համասփյուռ կոչվող բույսի (Lichinis Լ.) բուժիչ հատկությունները, որի պաշտամունք է եղել Հայաստանի որոշ շրջաններում:

Բ-յան զարգացման համար հատկապես նպաստավոր պայմաններ են ստեղծվել 10-11-րդ դդ., Անիի Բագրատունյաց թագավորության ժամանակ: Անիում, Հաղպատում և Սանահինում հիմնվել են բարձրագույն դպրոցներ՝ միջնադարյան համալսարաններ, որտեղ ուսումնասիրել են նաև բժշկություն: Այդ շրջանի բժշկ. պատկերացումներն առավել ամբողջությամբ արտացոլված են Գրիգոր Մագիստրոսի աշխատություններում: Նա քաջածանոթ էր հիվանդությունների մահճաբուժությանը, դեղագիտությանը և հատկապես բուսաբուժությանը: Ստեղծվել են նաև ախտաբանության, թերապիայի և դեղագործության հարցերի վերաբերյալ աշխատություններ, այսպես կոչված, բժշկարաններ: Գագիկ Ա թագավորի (989-1020) օրոք գրված «Բժշկարանը» (հեղինակն անհայտ է) հետագայում խմբագրվել է Կիլիկյան Հայաստանում՝ Հեթում թագավորի օրոք, հարստացվել 2 բաժնով և ստացել «Գագիկ-Հեթումյան բժշկարան» անվանումը: Վերջինս մեծ ազդեցություն է գործել Հայաստանի միջնադարյան բժշկության հետագա զարգացման վրա:

Բ-յան, հատկապես մարդակազմության, առաջընթացին նպաստել է դիահերձումների և կենդանահատումների ազատությունը, որի մասին վկայում են գրավոր աղբյուրները:

Կիլիկյան Հայաստանի և նրա բժշկ. դպրոցի հետ է կապված միջնադարյան հայ բժշկության հիմնադիր, բժշկապետ Մխիթար Հերացու գիտ. ու բժշկ. բեղմնավոր գործունեությունը: Նա գրել է մարդակազմությանը, կենսաբանությանը, ախտաբանությանը, դեղագիտությանը վերաբերող աշխատություններ, որոնցից միայն առանձին հատվածներ («Վասն շինուածոյ և յորինուածոյ աչացն», «Վասն փոշտանկի, որ է ձվանքն», «Վասն քարանց», «Որոտացոյց և շարժացոյց») են մնացել հետագա ժամանակների բժիշկների երկերում և մասամբ տեղ գտել «Գագիկ-Հեթումյան բժշկարանում»: 12-րդ դ. 80-ական թթ. Գրիգոր Տղա կաթողիկոսի խրախուսանքով և օժանդակությամբ Մխիթար Հերացին ձեռնամուխ է եղել «Ջերմանց մխիթարութիւն» գրքի (հրտ. 1832) շարադրմանը: Նա մեծ աշխատանք է կատարել նաև հայ. բժշկ. տերմինների ստեղծման ուղղությամբ: Նրա՝ ջերմերի հարուցիչ-գործոնների վերաբերյալ տեսակետը մոտ է անտիկ աշխարհի բժշկության հիմնադիր Հիպոկրատի տեսակետին: Հայ բժշկապետը մեծ նշանակություն էր տալիս ինչպես արտաքին միջավայրի անբարենպաստ գործոններին, այնպես էլ ներքին ազդակներին (հոգեկան ապրումներ, անքնություն, ընդհանուր հյուծում): Հերացու կարծիքով, արյան և մարմնի մյուս հեղուկների մեջ գոյություն ունեցող «բորբոսն» է, որ առաջ է բերում «բորբոսային» տենդ: Տենդը «միօրյա», «բորբոսային» և «հալևմաշ» խմբերի բաժանելիս նա առաջնորդվել է հումորալ տեսության սկզբունքներով: Սակայն հայ բժշկապետն առանձնացրել է «միօրյա» տենդերը, որոնք չեն տեղավորվում հումորալ ախտաբանության շրջանակներում, և դրանց ախտածնությունը բացատրելու համար դիմել է հին հեղինակների պնևմատիկ տեսությանը: «Միօրյա» տենդերի խմբում նա նկարագրել է նաև ալերգ. հիվանդությունների մի քանի ձևեր (ֆիզ., քիմ., սննդային, նյարդահոգեկան):

«Բորբոսային տենդեր» բաժնում Մխիթար Հերացին նկարագրել է դողէրոցքը, տիֆային և արյունավարակական հիվանդությունները, ժանտախտը, բնական ծաղիկը, կարմրուկը, բորբոսային տենդի, հատկապես տիֆի, վարակիչ լինելը:

«Հալևմաշ» տենդերը, որոնք համապատասխանում են պալարախտի (տուբերկուլոզ) տարբեր կլինիկ. ձևերին (թոքախտ, ոսկրախտ ևն), ըստ Մխիթար ՀԵրացու, առաջանում են հոգեկան ծանր ապրումների, գերհոգնածության, վատ սննդի, կլիմայական անբարենպաստ պայմանների հետևանքով, որոնց այսօր էլ բժշկությունը մեծ նշանակություն է տալիս:

Տենդային հիվանդությունների Մխիթար Հերացու դասակարգումը հենվում է ոչ միայն ախտաբան. ու պատճառագիտ. սկզբունքների, այլև կլինիկ. ուսումնասիրության, հիվանդի մանրակրկիտ հետազոտման վրա: Նա կիրառում էր հիվանդի քննության բազմաթիվ օբյեկտիվ մեթոդներ՝ հարցուփորձ (վերհուշություն), զննում, շոշափում, ունկնդրում ևն: Հին աշխարհի բժիշկների նման Հերացին հիվանդությունը բաժանում էր 4 շրջանի՝ նախն., սաստկացման, նվազման և ավարտման:

Հերացին փորձն. ճանապարհով, հաճախ հակառակ սխոլաստիկ հայացքների, մշակել է բուժման համալիր մի համակարգ, որը հիմնված էր դեղաբուժության, ինչպես նաև սննդաբուժության և ֆիզ. մեթոդների վրա: Հավատարիմ անտիկ աշխարհի բժշկության սկզբունքներին՝ հայ բժշկապետն առաջարկել է բուժել «հակառակը հակառակով»:

Մխիթար Հերացին դեղաբուժության մեջ գլխ. տեղը հատկացրել է բուսաբուժությանը: Բույսերից բացի, նրա դեղատոմսերում հանդիպում են կենդ. ծագում ունեցող դեղանյութեր (եզան լեղի, լյարդ), ինչպես նաև հանքային պատրաստուկներ (հայկավ, ծծումբ, ցինկ, բորակ ևն):

Տենդային հիվանդություններով տառապող հիվանդների համար Մխիթար Հերացին առաջարկում էր հատուկ դյուրամարս սնունդ՝ առաջնություն տալով կանաչեղենին, բանջարեղենին, մրգերին ու հատապտուղներին: Բուժման ֆիզ. մեթոդների շարքում Հերացին մեծ տեղ է հատկացրել ջրաբուժմանը (շփումներ, լոգանք), ինչպես նաև մերսումներին և մարմնամարզ. վարժություններին: Նա լուրջ ուշադրություն է դարձրել հոգեբուժման մեթոդներին, ներշնչմանը՝ այդ նպատակով օգտագործելով նաև երաժշտությունը: 1908-ին «Ջերմանց մխիթարութիւն»-ը մանրակրկիտ ուսումնասիրվել և թարգմանվել է գերմ. (Էռնեստ Ջայդել):

Հայ պատմիչների վկայությամբ՝ Կիլիկիայում, Ռուբինյանների օրոք, բացվել են հիվանդանոցներ, բորոտանոցներ և ապաստարաններ: Այս ուղղությամբ հատկապես մեծ ներդրում ունեն Լևոն Բ թագավորը (1198-1219), նրա դուստրը՝ Զապել թագուհին, և Լևոն Գ թագավորը (1269-89): Ստեղծվել են բժշկանոցներ՝ հայտնի բժշկապետերի գլխավորությամբ:

13-րդ դ. Գրիգորիսի «Քննութիւն բնութեան մարդոյ եւ նորին ցաւոց» երկը (Մատենադարան, ձեռագիր № 415) վկայում է Կիլիկյան Հայաստանում ախտաբանության և մահճաբուժության զարգացման որոշակի մակարդակի մասին: Գիրքը գրված է միջին հայերենով, որտեղ շարունակվում են Մխիթար Հերացու ավանդույթները: Գրիգորիսը հետազոտել է այն ժամանակ հայտնի բոլոր հիվանդությունների պատճառագիտության, ախտածնության, մահճաբուժության հետ կապված հարցերը, նկարագրել հատկապես տենդերը և ներքին օրգանների հիվանդությունները: