Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/114

Այս էջը հաստատված է

Ջերմերի պատճառագիտության հարցում ևս նա եղել է Հերացու հետևորդը, «բորբոսային» տեսությունը կիրառել է ոչ միայն «բորբոսային», այլև «հալևմաշ» ջերմերի նկատմամբ, այն տարածել նաև թոքերի, սրտի, լյարդի, ստամոքսի մի շարք հիվանդությունների վրա: Գրիգորիսն ուսումնասիրել է նաև տենդային հիվանդությունների հպավարակայնության հարցը, մանավանդ թոքախտի և բորոտության վարակիչ լինելը: Նա, զարգացնելով Հերացու մեկ այլ դրույթը՝ հիվանդ օրգանների անատոմ. կառուցվածքի ուսումնասիրության անհրաժեշտությունը, եղել է ախտաբան. անատոմիայի նախակարապետը միջնադարյան հայ բժշկության մեջ: «Քննութիւն բնութեան մարդոյ եւ նորին ցաւոց» գրքում ներքին օրգանների հիվանդությունների նկարագրությունները վկայում են, որ Գրիգորիսը որոշ դեպքերում օգտվել է դիահերձումների տվյալներից. օրինակ՝ թոքախտի պատկերը նկարագրելիս նա հիշատակել է թոքերում առաջացած «խուլերի», «խոցերի» և «քարերի» մասին (ներկայումս հայտնի տուբերկուլոզային թմբիկները, ինֆիլտրատները, կավեռնաները և կրակալման օջախները): Հետաքրքրական են թոքաբորբի, թարախակույտի, թոքերի էխինոկոկի վերաբերյալ Գրիգորիսի ախտաբանաանատոմ. տվյալները:

Տաթևի բարձրագույն դպրոցի հետ է կապված միջնադարյան Հայաստանի խոշորագույն մտածողներ Հովհան Որոտնեցու (1315-86) և Գրիգոր Տաթևացու (1346-1409) գործունեությունը, որոնց երկերում արծարծվում են նաև Բ-յան հարցերը: Գրիգոր Տաթևացու «Գիրք հարցմանց» ծավալուն աշխատության (1389, հրտ. 1729) մեջ մարդակազմությանը, կենսաբանությանը, հոգեբանությանը և սաղմնաբանությանը վերաբերող հարցերը շարադրված են Պլատոնի, Արիստոտելի, Գրիգոր Նյուսացու և Նեմեսիոս Եմեսացու ոգով:

15-րդ դ. բժիշկ Ամիրդովլաթ Ամասիացին եղել է նախորդ շրջանի այն գործի շարունակողն ու զարգացնողը, որով, ըստ իր խոսքերի, «զբաղվել են մեր առաջին բժիշկները՝ Մեծ Մխիթարը, բժիշկ Ահարոնը, նրա որդին՝ բժիշկ Ստեփանոսը..., որոնք շատ գրքեր են գրել դեղորայքների ներգործության ու օգտակարության մասին»:

Ամիրդովլաթ Ամասիացու «Ուսումն բժշկութեան» աշխատությունում քննության են առնված սաղմնաբանության, մարդակազմության, ախտաբանության և հիգիենայի հարցերը:

Ամասիացու «Օգուտ բժշկութեան» աշխատությունը (1469, հրտ. 1940) գրվել է իր ժամանակի լավագույն բժշկ. երկերի մակարդակով և ընդհանրացնում է միջնադարյան հայ բժիշկների աշխատանքները բժշկության տես. և գործն. հարցերի վերաբերյալ: Առավել հետաքրքրական է նրա երկի մահճաբուժության բաժինը, որտեղ համակարգված տրված են ներքին օրգանների 200-ից ավելի հիվանդությունների, ինչպես նաև ջերմերի ու չարորակ ուռուցքների, թունավորումների, մաշկային և այլ հիվանդությունների նկարագրությունները, դեղաբուժման և սննդաբուժման մեթոդները: Նա զբաղվել է նաև հայ մատենագրության, հին աշխարհի բժիշկների և փիլիսոփաների ստեղծագործությունների ուսումնասիրությամբ:

Դեղագիտության վերաբերյալ Ամասիացու ամենանշանավոր աշխատություններն են «Ախրապատինը» (1481) և «Անգիտաց անպէտը» (1482, հրտ. 1926): Վերջինս միջնադարյան հայկ. դեղագիտության հանրագիտարան է, որտեղ դեղանունները տրված են 5 լեզվով՝ հայ., հուն., լատին., արաբ., պարսկ., և պարունակում է 3500-ից ավելի բուժիչ բույսերի, կենդանիների ու հանքային նյութերի անվանումներ, նրանց հոմանիշները: Պարզվում է, որ այն բոլոր հիվանդությունների բուժման համար, որոնց առաջացման մեջ այսօրվա տվյալներով որոշակի դեր ունի վարակ-ալերգ. գործոնը, Ամիրդովլաթ Ամասիացին օգտագործել է հայկ. բուս. աշխարհին բնորոշ բույսեր՝ կոծուկը, կղմուխը, երիցուկը, բարձվենյակը, մշտիկը, ուրցը,