պատրաստուկներով և քնով: Մշակվել է դեղորայքային քնի արդյունավետությունը բարձրացնող տարբերակված մեթոդ (Ռ. Ստամբոլցյան, Ռ. Գյանջեցյան), ներդրվել էլեկտրաքնի ինքնատիպ սարք: Ուսումնասիրվել են սրտի աղմուկների ծագման պատճառները (Լ. Հովհաննիսյան), առաջարկվել է էլեկտրասրտագրության քանակ. վերլուծության մակերեսաչափ. մեթոդ (Ռ. Ստամբոլցյան և ուր.), ներդրվել սրտաբանության նոր ուղղություն՝ մանիտորահամակարգչային դինամիկ էլեկտրասրտագրությունը (Ռ. Ստամբոլցյան): Գ. Բադալյանի ղեկավարությամբ զբաղվել են սրտային անբավարարության ժամանակ սրտային գլիկոզիդների ազդեցության ուսումնասիրությամբ, մշակել արտաքին շնչառության ոաումնասիրության մեթոդներ, արտաքին շնչառության մեկ ցուցանիշ հայտնի է որպես «Բադալյանի ցուցանիշ»: Կիրառվել են սիրտանոթային համակարգի ռենտգենաբան. հետազոտման մեթոդներ (Բ. Ֆանարջյան, Ա. Ճաղարյան): Կ. Ադամյանի ղեկավարությամբ ուսումնասիրվել է սրտի իշեմիկ հիվանդության և սրտի բնածին արատների դեպքերում սրտի ֆունկցիոնալ անբավարարության հայեցակարգը և առաջարկվել արյան շրջանառության անբավարարության մինչկլինիկ. փուլի զարգացման դասակարգումը: Կլինիկ. սրտաբանության մեջ հատուկ տեղ են գրավում նրա հետազոտած և ներդրած կենսառիթմաբանության և իմունաբանության ուղղությունները: Ա. Հակոբյանի ղեկավարությամբ ուսումնասիրվել են ՀՀ տարածքի առողջավայրային պաշարները, մշակվել առանձին նյարդային հիվանդությունների առողջարանային բուժման արդյունավետության հարցերը: Մշակվել են սրտի արատների, աթերոսկլերոտիկ կարդիոսկլերոզի բուժման ցուցումներն ու հակացուցումները (Լ. Հովհաննիսյան), պարզվել է հիպերտոնիկ հիվանդության փուլային առողջարանային բուժման արդյունավետությունը (Ռ. Գյանջեցյան): Բացահայտվել են ստամոքսաղիքային համակարգի հիվանդությունների դեպքում Հանքավան և Ջերմուկ առողջարանների հանքային ջրերի ազդեցության մեխանիզմները (Ա. Մելիք-Ադամյան):
Ներզատաբանության բնագավառում ուսումնասիրվել են ՀՀ-ում տեղաճարակային խպիպի տարածվածության հարցերը և առաջարկվել հակախպիպային միջոցառումներ (Ռ. Գյանջեցյան), կազմվել է խպիպի տարածվածության քարտեզ և հրատարակվել ժողովածու (Ս. Շարիմանյան):
Վիրաբուժության բնագավառում հիշարժան են Հ. Քեչեկի աշխատանքները փայծաղի բշտուռուցքների, տուբերկուլոզային կարմիր գայլախտի լուսաբուժության հարցերի վերաբերյալ: Գ. Մելքոնյանն զբաղվել է էխինոկոկոզի ախտորոշման ու բուժման հարցերի ուսումնասիրությամբ: Ս. Շարիմանյանն առաջարկել է երկարատև ու դժվար ապաքինվող վերքերի հատման տեխնիկայի բարելավման մեթոդներ, ծայրատված վերջույթի երևակայական ցավերի (կաուզալգիայի համախտանիշ) բուժման նպատակով կիրառել նովոկաինային պաշարում: Գործնական նշանակություն են ունեցել Ք. Պետրոսյանի առաջարկած մեթոդները՝ անոթալայնանքների, ինչպես նաև ծնկոսկրի կոտրվածքների ժամանակ:
Ռ. Պարոնյանը Հայաստանում 1-ինն է կատարել ստամոքսի մասնահատում, մշակել լյարդի ընդծակման (պունկցիա) նոր մեթոդ, որն ունի կարևոր ախտորոշիչ նշանակություն: Ի. Գևորգյանն զբաղվել է որովայնի քաղցկեղի ուսումնասիրությամբ, առաջարկել է նոր վիրահատություն՝ վերել հաստ աղիքի մեզոպերիտոնիզացիա, որը լայն տարածում է ստացել ԽՍՀՄ-ում:
Ս. Ավդալբեկյանը հիմնել է վիրաբուժության նոր ուղղություն՝ թոքերի վիրաբուժությունը, ուսումնասիրել թոքերի թարախակալումների ժամանակ պրոտեոլիտիկ ֆերմենտներով և կենսածին ամիններով բուժման հնարավորությունը, թոքերի ինքնանույնափոխպատվաստման ժամանակ ֆունկցիոնալ, ձևաբան. և իմունակենսբ. փոփոխությունները:
Ք. Պետրոսյանն զբաղվել է հոդախախտումների բուժման մեթոդների ուսումնասիրությամբ: Մշակել է հատուկ սարքավորումներ՝ ազդրի բնածին հոդախախտումների բուժման համար:
Ալ. Միքայելյանն առաջարկել է սրտի անբավարարության ախտորոշման նոր չափանիշներ, մաշկի, օրգանների փոխպատվաստման փորձարար. և կլինիկ. տեսակետներ, զբաղվել գլխուղեղի արյան անոթների և սրտի կենսաքիմ., ձևաբան. փոփոխությունների հետազոտությամբ:
Հ. Միրզա-Ավագյանն ուսումնասիրել է որովայնի օրգանների հիվանդությունների ժամանակ վիրաբուժության տեխնիկայի ներդրման, արյունատար անոթների ու սրտի վիրաբուժության հարցերը: 1927-ին կատարել է Անդրկովկասում եզակի բարդ վիրահատություն՝ սրտամկանից հեռացրել է հրազենային փամփուշտը:
Ռ. Յոլյանն զբաղվել է վնասվածքաբանության, կլինիկ. վիրաբուժության, արյան փոխներարկման, ուռուցքաբանության, անեսթեզիոլոգիայի, երիկամային անբավարարության, սուլֆանիլամիդային պատրաստուկներով բուժման, վերջույթների վնասվածքների հարցերի ուսումնասիրությամբ:
Պրոկտոլոգիայի բնագավառում Լ. Նազարովը ուսումնասիրություններ է կատարել հաստ աղիքի և հետանցքուղիղաղիքային շրջանում բորբոքային և ուռուցքային հիվանդությունների ախտորոշման և բուժման վերաբերյալ:
Հիշարժան են Ա. Ճաղարյանի կազմած ատլասները՝ «Սրտի և մագիստրալային անոթների բնածին արատների ատլասը» (1959, Գրան Պրի մրց., Բրյուսել), «Սրտի վիրաբուժության ատլասը» (1961, Ն. Բուրդենկոյի անվ. մրց.) ևն:
Մանկաբուժության բնագավառում մեծ ներդրում ունի Հ. Գաբրիելյանը (ուսումնասիրել է մանկ. բրուցելոզի, ուղեղապատյանաբորբի, տուբերկուլոզի, մալարիայի, կարմրուկի կլինիկայի և բուժման հարցերը): Վ. Աստվածատրյանն զբաղվել է լեղուղիների բորբոքային հիվանդությունների, վերին շնչուղիների վիրուսային վարակիչ հիվանդությունների բուժման և կանխարգելման ժամանակ ինտերֆերոնի և նրա խթանիչների ազդեցության, բրոնխաթոքային ախտաբանությամբ հիվանդ երեխաների իմունաբանության ցուցանիշների ուսումնասիրությամբ:
Պ. Մարգարյանի գիտ. գործունեությունը վերաբերում է հղիության և մալարիայի, արդ. ձեռնարկություններում աշխատող կանանց աշխատանքի հիգիենայի և մասնագիտ. ախտաբանության հարցերին, կանանց ֆիզիոլոգիայի և ախտաբանության առաձնահատկությունների ուսումնասիրությանը, մեռածածնության, մանկ. և մայրական մահացության և դրանց կանխարգելման միջոցառումների մշակման հարցերին:
Ռ. Աբրահամյանը զբաղվում է մանկաբարձության նոր ուղղության՝ պերինատոլոգիայի դրույթների մշակման, պտղի վիճակի ուսումնասիրման նորագույն մեթոդների ներդրման, գենոֆոնդի առողջացման ու բարելավման նպատակով բնածին արատների վաղ հայտնաբերման ու կանխարգելման ժամանակակից նոր համակարգի մշակման, ՀՀ-ում վերարտադրողական առողջության իրավիճակի ուսումնասիրման, անպտղության մեթոդների մշակման հարցերով:
Ակնաբանության բնագավառում Բ. ՄԵլիք-Մուսյանը մշակել է տրախոմայի բուժման ինքնատիպ մեթոդ՝ սուլֆիդինի լուծույթի ներերակային ներարկմամբ և ԽՍՀՄ-ում 1-ինն է ներդրել (Հ. Դեմիրչօղլյանի հետ) էլեկտրացանցենագրության մեթոդը: