Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/118

Այս էջը հաստատված է

Ա. Մեհրաբյանի ղեկավարությամբ մշակվել են հոգեբանության, հոգեախտաբանության, նյարդային հիվանդությունների կլինիկայի, շիզոֆրենիայի, էպիլեպսիայի, ալկոհոլամոլության, գլխուղեղի վնասվածքների, պսիխոզների, հիսթերիայի, պսիխոպաթիայի ախտորոշման ու բուժման հարցերը:

Ա. Արզումանյանի գիտ. գործունեությունը վերաբերում է բազմանյարդաբորբերի, հիպոֆիզի և գանգի հիմի ուռուցքների ուսումնասիրությանը:

Ռենտգենաբանության և ուռուցքաբանության բնագավառում ուշադրության են արժանի Բ. Ֆանարջյանի աշխատանքները. մշակել է ստամոքսաբորբի, ստամոքսի խոցի և քաղցկեղի, հաստ աղիքի, շնչառ. օրգանների հիվանդությունների ռենտգենյան ախտորոշման հարցերը:

Հ. Գալստյանն աշխատանքներ է կատարում ստամոքսաղիքային համակարգի, կաթնագեղձի, փափուկ հյուսվածքների նորագոյացությունների ախտորոշման և համակցված բուժման ուղղությամբ:

ԲԺՇԿԱԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ, ստեղծվում է բժշկ. հիմնարկներում (պոլիկլինիկայով կամ ամբուլատորիայով հիվանդանոցում, պոլիկլինիկաներում, դիսպանսերներում ևն): Կազմված է 3 բժշկից՝ գլխ. բժշկի տեղակալ, համապատասխան բաժանմունքի վարիչ և բուժող բժիշկ: Միայն Բ.հ. իրավունք ունի երկարացնել անաշխատունակության թերթիկի ժամկետը, լուծել բարդ վիճահարույց հարցերը ժամանակավոր անաշխատունակության դեպքում: Երկար ժամանակ չապաքինվող հիվանդներին (1 հիվանդության հետևանքով առաջացած անաշխատունակության դեպքում՝ 4 ամսից ավելի՝ առանց ընդհատման կամ վերջին 12 ամսում՝ ավելի քան 5 ամիս) ուղարկել բժշկաաշխատանքային փորձաքննության հանձնաժողով: Բացի այս, Բ.հ. իրավունք ունի անաշխատունակության թերթիկով արձակուրդ տալ առողջարանաառողջավայրային բուժման համար, միջամտել աշխատանքի պայմանների փոփոխության, հեշտացման կամ այլ աշխատանքի անցնելու համար: Հիվանդին Բ.հ. են ուղարկում բուժող բժիշկը, բուժհիմնարկի բաժանմունքի վարիչը, արհմիութեն. կազմակերպության վստահված բժիշկը:

ԲԺՇԿԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔ, բժշկի և մյուս բուժաշխատողների պարտականությունը՝ գաղտնի պահել մասնագիտ. պարտականություններ կատարելիս հիվանդների մասին ստացած տեղեկությունները (հոգեկան խանգարումներ, զարգացման որոշ արատներ), եթե դրանք վտանգավոր չեն շրջապատի համար: Բ.գ-ի մասին նշված է ՀՀ առողջապահության օրենսդրության և բժշկի երդման մեջ:

Բուժհիմնարկների ղեկավարներից պահանջվում է մշտ. դաստիարակչ. աշխատանք տանել բուժանձնակազմի հետ՝ Բ.գ. չտարածելու վերաբերյալ: Միաժամանակ բժիշկը պարտավոր է համապատասխան բուժհիմնարկին տեղեկացնել գրանցման ենթակա վարակիչ և մակաբուծ. հիվանդությունների մասին, հիվանդներին ներգրավել հարկադրական բուժման, իսկ օրենքով նախատեսված դեպքերում հիվանդի մասին տեղեկություններ տալ դատաքննչ. մարմիններին:

ԲԺՇԿԱԿԱՆ ԳԵՆԵՏԻԿԱ, տես Գենետիկա բժշկական:

ԲԺՇԿԱԿԱՆ ԶՆՆՈՒՄ, բնակչության առողջ. վիճակի ակտիվ հետազոտման ձև: Բ.զ. պոլիկլինիկաների, ամբուլատորիաների, դիսպանսերների, բժշկասան. մասերի, առողջապահ. կետերի և բուժկանխարգելիչ այլ հիմնարկների բուժանձնակազմի գործունեության պարտադիր տարրն է: Ըստ խնդիրների և բնույթի՝ տարբերում են նախն., պարբերական և նպատակային Բ.զ-ներ:

Բ.զ. բաղկացած է մարմնի զննումից, հետազոտվողի հարցումից, մարդաբան. չափումներից (հասակը, քաշը), պարզագույն գործիքային և լաբորատոր հետազոտություններից: Նպատակային Բ.զ-ման դեպքում, ինչպես նաև հիվանդության նկատմամբ որոշակի կասկածի դեպքում, բժիշկը հետազոտվողին ուղարկում է այլ մասնագետների մոտ:

Նախն. Բ.զ. կատարում են այնպիսի ձեռնարկություններ ընդունելիս, որտեղ աշխատանքի համար ներկայացվում են առողջության նկատմամբ բարձր պահանջներ, այլ կերպ ասած՝ ստուգվում են մարդու՝ աշխատանքի որևէ տեսակով զբաղվելու ունակությունները (տես Մասնագիտության ընտրություն): Դրանք ամենից առաջ գործարաններն են, ֆաբրիկաները, հիմնարկները (օրինակ՝ քիմ արդ-յան ձեռնարկություններ, տաք արտադրամասեր ևն), որտեղ կան մասնագիտ. վնասակարություններ: Նախն. Բ.զ. են անցնում այն անձինք (օրինակ՝ վարորդներ, օդաչուներ, ձկնորսներ և ուր.), որոնց մասնագիտությունը պահանջում է ֆիզ. բարձր դիմացկունություն, արագ կողմնորոշվելու ունակություն, գերազանց տեսողություն և լսողություն: Դեռահասներն աշխատանքի ընդունվելիս անցնում են նախն. Բ.զ.՝ անկախ արտադրության բնույթից: Նախն. Բ.զ. պարտադիր է նաև սննդարդյունաբերությունում, հաս. սննդի և սննդամթերքի վաճառքի ձեռնարկություններում, բաղնիքներում, վարսավիրանոցներում, ջրամատակարարման կառույցներում, բուժկանխարգելիչ, մանկ. հիմնարկներում և այլ օբյեկտներում աշխատանքի ընդունվողների համար: Այդպիսի դեպքերում զննումների նպատակն է վարակիչ, թարախային և ճիճվային հիվանդություններով հիվանդներին (որոնք կարող են զանգվածային վարակման աղբյուր դառնալ) թույլ չտալ վերոհիշյալ հիմնարկներում աշխատել: Զննումների ժամանակ, որպես կանոն, ստուգվում է հետազոտվողների՝ վարակիչ հիվանդությունների հարուցչակրությունը:

Նախն. Բ.զ-ման պարտադիր ենթարկվում են նաև բարձրագույն և միջնակարգ հատուկ ուս. հաստատություն ընդունվողները, ինչպես նաև զինակոչիկները: Վերջին դեպքում զննման արդյունքում որոշվում է զինծառայության պիտանիությունը, և այն հաշվի է առնվում զինակոչիկներին ըստ զինված ուժերի և զորքի տեսակների բաշխելիս:

Նախն. Բ.զ-ից հետո աշխատանքի (ծառայության) ընդունված բանվորները, ծառայողները, սովորողները որոշակի ժամկետից հետո՝ սովորաբար մի քանի ամիս անց (բայց 2 տարուց ոչ ավելի), պարբերաբար ենթարկվում են Բ.զ-ման:

Պարբերական Բ.զ-ները կանխարգելիչ բնույթ ունեն: Դրանք անցկացվում են առողջ. վիճակին հետևելու, հիվանդությունների (այդ թվում՝ մասնագիտ.) վաղ ախտանշաններն ի հայտ բերելու և ժամանակին բուժելու նպատակով:

Պարբերական Բ.զ-ման գլխ. ձևը դիսպանսերացման ժամանակ կատարվող զննումներն են: Դիսպանսերային Բ.զ-ների նշանակությունը հիվանդությունների կանխարգելման, հիվանդությունների հանդեպ նախատրամադրվածության (այդ թվում՝ ժառանգ.) ի հայտ բերման, ինչպես նաև հիվանդությունների վաղ ախտորոշման գործում հատկապես աճում է ողջ ազգաբնակչության պլանային դիսպանսերացման ժամանակ:

Զանգվածային Բ.զ. տագնապալի (բնականոնի սահմաններից դուրս) ցուցանիշների բացահայտման դեպքում հետևողականորեն ներգրավում են անհրաժեշտ մասնագետներ և նպատակային լաբորատոր հետազոտություններ: Պարբերական Բ.զ-ները ուղեկցվում են նաև բերանի խոռոչի հիվանդությունների բուժմամբ (տես Բերանի խոռոչ), իսկ երեխաների մոտ՝ տարին 1 անգամ, նաև ճիճվաթափությամբ (տես Ճիճվային հիվանդություններ):