Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/12

Այս էջը հաստատված է

ԱԼԵՐԳԻԱԿԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԱԼԵՐԳԻԱԿԱՆ ՀԱԿԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ, տես Ալերգիա հոդվածում:

ԱԼԿՈՀՈԼԱՄՈԼՈՒԹՅՈՒՆ ալկոհոլագարություն, գինեմոլություն, սպիրտային խմիչքների չափից ավելի օգտագործում, որը կործանարար ազդեցություն ունի մարդու առողջության, կենցաղի, աշխատանքի և բարեկեցության վրա:

Ալկոհոլի օգտագործումն ուղեկցվում է հարբեցումով (տես Ալկոհոլային հարբեցում): Միջին կամ ծանր աստիճանի մեկանգամյա ալկոհոլային հարբեցումը դիտվում է որպես հարբեցողության դեպք, կանոնավոր կրկնվող միջին կամ ծանր աստիճանի ալկոհոլային հարբեցումը՝ որպես սովորութային կամ, ինչպես հաճախ անվանում են, կենցաղային հարբեցողություն: Վերոհիշյալներից բացի, գոյություն ունի նաև ալկոհոլի չարաշահում հասկացությունը, որը միավորում է հարբեցողությունը և Ա.: Ուստի, առանց թմրաբանի, դժվար է Ա. տարբերել կենցաղային հարբեցողությունից:

Ներկայումս հարբեցողության և Ա-յան տարածվածության մասին դատում են ըստ. 1. հաշվառման ենթարկված քրոնիկ. ալկոհոլամոլությամբ տառապող հիվանդների թվի, 2. փորձագետների ընտրովի հետազոտությունների վրա հիմնված գնահատականների, 3. բնակչության յուրաքանչյուր շնչին 1 տարում հասնող ալկոհոլի բացարձակ քանակի:

Բացարձակ կամ 100%-անոց ալկոհոլը պայման. ամբողջական ցուցանիշ է, որն ընդգրկում է հաշվետու տարում իրացված բոլոր ալկոհոլային խմիչքներում (օղի, գարեջուր, գինի ևն) պարունակվող էթիլային սպիրտի ծավալը բաժանած բնակչության թվի վրա: Այս դեպքում օգտագործվում են հաշվարկային մեծություններ՝ 1լ 40° օղին պարունակում է 400 մլ, 1լ 18° գինին՝ 180 մլ բացարձակ ալկոհոլ ևն:

Սպիրտային խմիչքների մասին հիշատակություններ կան հնագույն գրավոր աղբյուրներում: Դեռևս հին ժամանակներում շատ ցեղերի հայտնի էին ալկոհոլ ստանալու եղանակները: Ենթադրվում է, որ մարդկության զարգացման արշալույսին սպիրտային խմիչքների օգտագործումը կոլեկտիվ բնույթ ուներ և հարմարեցվում էր ներցեղային կամ աստղաբաշխ. իրադարձություններին (օրինակ՝ լիալուսին կամ նորալուսին, հաջող որս): Որքան բարդ են եղել ցեղերի գոյատևման պայմանները (սննդի հայթայթում, վտանգավոր հարևանություն), այնքան ցեղը հաճախ է դիմել համատեղ հարբեցողությամբ «լարվածության վերացմանը»: Ողջ ցեղի համար ընդհանուր առիթներով օգտագործվող ոգելից խմիչքներն առաջացնում էին միանշանակ, իրար նման հուզումնալից ապրումներ:

Այդ ժամանակներից սկսած ալկոհոլը խորհրդանշել է հոգեհարազատություն, «արյան» միասնություն: Երդում-եղբայրության ծեսը, որն ավարտվում էր արյունները միախառնելու կամ խմելու արարողությամբ, փոխարինվել է տարբեր մարդկանց արյունը մեկ ընդհանուր գինու բաժակի մեջ լցնելու ծիսակարգով (սկյութների մոտ) և վերջապես վերածվել համատեղ գինեխմության:

Քրիստոնյաների մեջ գինու (Քրիստոսի արյան) օգտագործումը նշանակել է հաղորդակից դառնալ հոգեկան եղբայրության (հաղորդություն ստանալ, մաս դառնալ): Հետևաբար, սպիրտային խմիչքի ավանդ. օգտագործումը (ընկերների հանդիպման ժամանակ, տխրության և ուրախության պահերին, տոներին) ունի խորը արմատներ: Նույնիսկ անծանոթ միջավայրում մտերմանալու փորձը, դրական հուզ. ազդեցությունը կամ ապրումների թեթևացումը, որը պայմանավորված է ալկոհոլի առանձնահատուկ ազդեցությամբ, նպաստում են այդ սովորույթի պահպանմանը: Հասարակարգի սոցիալ. իրավիճակից կախված՝ ալկոհոլի օգտագործումը դառնում է ավելի անհատ., ի հայտ են գալիս անհատ. դրդապատճառներ, սպիրտային խմիչքների հանդեպ ուրույն վերաբերմունք, միաժամանակ ավելանում են ալկոհոլի չարաշահումը պայմանավորող գործոնները:

Վաղուց ուշադրություն է դարձվել բնակչության անապահով խավի մեջ Ա-յան տարածմանը նպաստող տնտ. պատճառներին: Սակայն արդեն անցյալ դարի վերջին հաստատվել է, որ նույնիսկ բարեկեցության պայմաններում սկսում է ավելանալ Ա.: Ժամանակակից բարձր զարգացած կապիտալիստ. երկրների փորձով հաստատվում է այդ օրինաչափությունը: Օրինակ՝ ԱՄՆ-ում Ա. ավելանում է՝ կապված խոշոր քաղաքներում արդ-յան և բնակչության քաղաքակենտրոնացման (ուրբանիզացում), նյութ. ապահովվածության աճի և կրթ. մակարդակի հետ: Բացառություն են կանայք, որոնց Ա. աճում է արտադրության մեջ նրանց ընդգրկվածության չափով, սակայն նվազում է՝ կրթ. մակարդակի բարձրացման հետ կապված: Քաղաքակենտրոնացման ժամանակ ուժեղանում են սոցիալ. շփումները, վատ սովորույթների փոխանցումը, նյարդահոգեկան լարվածությունը, թուլանում է բարոյական հսկողությունը, այսինքն՝ մեծ քաղաքի պայմաններում մարդու վարքագիծն ավելի քիչ է ենթարկվում սոցիալ. հսկողության, քան փոքրիկ ավանում: Կրթ. մակարդակի բարձրացման և բարեկեցության հետ կապված՝ Ա-յան ավելացումը հակասում է ոստիկան. վիճակագրության պաշտոն. տվյալներին, համաձայն որոնց՝ հարբած վիճակում իրավախախտումները հիմնականում կատարում են կրթ. և գույքային ցածր ցենզ ունեցող անձինք: Այդ հակասությունները բացատրվում են նրանով, որ անապահով ընտանիքների անդամները, պայմաններ չունենալու պատճառով, հարբում են փողոցներում, գարեջրատներում և այլուր: Բազմազան են նաև հարբեցողության հոգեկան պատճառները: Միջավայրին հարմարվելու դժվարությունները, միջավայրի հետ ընդհարումները, անբավարարվածությունը, միայնակությունը, չըմբռնվածությունը, հոգնածությունը, երկչոտությունը, որևէ փոխհարաբերությունում սեփական անլիարժեքության գիտակցումն առաջացնում են հոգեկան անհարմարավետություն (դիսկոմֆորտ), որը ժամանակավորապես թեթևանում է սպիրտային խմիչքի ազդեցությունից: Սոցիալ. վիճակը կարող է ոչ միայն առիթ լինել սպիրտային խմիչքների օգտագործման, այլև սահմանափակել դրա օգտագործումը: Այդ սահմանափակումը կարող է լինել ձևական (օրենսդրական) և ոչ ձևական (բարոյական): Հարբեցողությունը մեծ մասամբ կախված է հասարակության և հաս. բարոյականության կենսանախադրյալների հանդեպ մարդու ունեցած վերաբերմունքից: Որքան նվազ են ծանր պայմաններում անձի՝ իրեն տիրապետելու կարողությունները, այնքան հաճախ է այդպիսի մարդը դիմում ալկոհոլին, և սպիրտային խմիչքներից կամային հրաժարման հավանականությունն էլ ավելի փոքր է: Սակայն այդ խումբը հարբեցողների թվի չնչին մասն է կազմում և կարիք է զգում ոչ այնքան սոցիալ. հսկողության, որքան հոգեբուժ. օգնության: Որքան հասարակությունը ներողամտաբար է վերաբերվում ալկոհոլային խմիչքների օգտագործմանը, և որքան անձը քիչ է ընդունում հասարակության սթափ ապրելակերպը, այնքան ավելի է տարածվում Ա.: Հասարակության միասնական հակաալկոհոլային դիրքորոշման դեպքում հարբեցողությանը հակված են սոցիալ. հսկողությունը մերժող կամ ընդհանուր սոցիալ. նորմերից դուրս ապրող անձինք: Գոյություն ունի, այսպես կոչված, նմանակման (ընդօրինակման) հարբեցողություն, որը հասարակության համբերատար վերաբերմունքի դեպքում արագ է տարածվում: «Ընդօրինակման» մասին տվյալ դեպքում կարելի է խոսել պայմանականորեն, սակայն իսկական պատճառը տարրական բավականության ձգտումն է, որը չի հսկվում բարոյական նորմերով և Ա-յան սոցիալ. ու անհատ. հնարավոր հետևանքների մասին պատկերացումներով: Այսպիսով՝ ալկոհոլն օգտագործում են կամ հոգեպես ոչ հասուն անհատները (երիտասարդների հարբեցողություն), կամ ոչ լիարժեք անձինք, որոնց համար կյանքի իսկական հաճույքները դժվարամատչելի են՝ բարոյական և մտավոր զարգացման անբավարար մակարդակի պատճառով: Երիտասարդների շրջանում «ընդօրինակմամբ» հարբեցողության տարածմանը նպաստում են նաև