հասնում է 39-40°C-ի: Հիվանդի վարքը չի համապատասխանում հիվանդության բարդությանը: Նա լինում է գրգռված, շատախոս, աչքերը փայլում են, դեմքը, շրթունքները՝ կարմրում: Հիվանդության 4-5-րդ օրը որովայնի և հարակից կրծքավանդակի մաշկին հայտնվում է բնորոշ ցան՝ բաց վարդագույնից (սեղմելիս անհետանում են՝ վարդաբիծ) վառ կարմիր (սեղմելիս չեն անհետանում՝ պետեխիա): Հիվանդին անհանգստացնում են հևոցը, սրտխփոցը, անքնությունը, գլխացավը: 12-14-րդ օրից ջերմաստիճանն իջնում է, հիվանդի վիճակը սկսում է բարելավվել: Ուշացած բուժումը կարող է հանգեցնել բարդությունների (թոքաբորբ, ուղեղապատյաևաբորբ ևն):
Բուժումն անցկացվում է միայն հիվանդանոցում:
Կանխարգելումը. Բ. տ-ով հիվանդի հայտնաբերում և անպայման մեկուսացում: Միջատազերծում են շինությունը, որտեղ եղել է հիվանդը, նրա հագուստներն ու անկողինը: Հիվանդին շրջապատող անձինք ենթակա են սանիտարական մշակման: Նրանց նկատմամբ բժշկ. հսկողություն է սահմանվում (25 օր ջերմաստիճանը չափելով): Ջերմության բարձրացման դեպքում այդ անձանց տեղափոխում են հիվանդանոց: Հիվանդության տարածման վտանգի դեպքում բնակչության շրջանում կատարում են կանխարգելիչ պատվաստումներ:
ԲՆԱԾԻՆ ԱՐԱՏՆԵՐ, զարգացման արատներ, օրգանիզմի կառուցվածքի բնածին շեղումներ, որոնք առաջանում են ներարգանդային զարգացման ընթացքում:
Բ. ա-ի պատճառ է դառնում վնասակար գործոնների ազդեցությունը պտղի օրգանների ձևավորման շրջանում (հղիության 1-ին 6-12 շաբաթներ): Այդ առումով հատուկ վտանգ են ներկայացնում ծնողների, հատկապես մոր, ալկոհոլամոլությունը, վեներական հիվանդությունները, հիմնականում՝ սիֆիլիսը: Հաստատված է նաև հղիության ընթացքում կնոջ կրած մի շարք վիրուսային հիվանդությունների (կարմրուկ, կարմրախտ, տոքսիկ գրիպ, խոզուկ, վիրուսային լյարդաբորբ) պատճառ. դերը: Պտղի համար անբարենպաստ են ապագա մոր ոչ լիարժեք սնուցումը (հղի կնոջ և կերակրող մոր), ծխելը, ինչպես նաև ծնողների որոշ հիվանդություններ (օրինակ՝ մոր շաքարախտը), առանց հսկողության դեղանյութերի ընդունումը: Առանձին դեպքերում երեխաների Բ.ա. հայտնաբերել չի հաջողվում:
Բ.ա-ի առաջացման մեխանիզմը պայմանավորված է պտղի առանձին հյուսվածքների ոչնչացմամբ կամ օրգանների և հյուսվածքների ձևավորման հաջորդականության խանգարմամբ:
Կարող են լինել եզակի կամ բազմակի, մարմնի արտաքին մասերի և ներքին օրգանների Բ.ա.: Եզակի Բ.ա. որևէ ներքին օրգանի (կամ վերջույթի) թերզարգացումն է կամ բացակայությունը, կամ, ընդհակառակը, առանձին օրգանների, դրանց մասերի ավելցուկային զարգացումը, բնական անցքերի (օրինակ՝ կերակրափող, ստամոքս, ուղիղ աղիք ևն) սերտաճումը: Առավել հաճախակի են հենաշարժ. համակարգի Բ.ա., բնածին հոդախախտումները, տափակաթաթությունը, ձեռքերի և ոտքերի մատների քանակի ավելացումը կամ պակասումը, երբեմն՝ մատների սերտաճումը: Հաճախ նկատվում են դեմքի Բ.ա.՝ շրթունքների, վերին ծնոտի, կարծր քիմքի ճեղք («նապաստակի շրթունք», «գայլի երախ» տերմինները հնացած են):
Ներքին օրգանների Բ.ա-ից հաճախ հանդիպում են բնածին սրտի արատները, մարսող. համակարգի և լեղուղիների նեղացումը, բրոնխային ծառի անկանոն ձևավորումը, միզասեռ. համակարգի Բ.ա.:
Բազմակի Բ.ա. նկատվում են երկվորյակների մոտ. դրանք բնորոշվում են մարմնի տարբեր մասերի սերտաճումով, երբեմն մի պտուղը լինում է բնականոն զարգացած, մյուսը՝ թերզարգացած: Բազմակի Բ.ա. մեծ մասամբ անհամատեղելի են կյանքի հետ, սակայն հայտնի են կանոնավոր զարգացած երկվորյակների երկարակեցության դեպքեր, օրինակ՝ սիամյան երկվորյակները, որոնք սերտաճած էին սրբոսկրի շրջանում, ապրել են մինչև խոր ծերություն:
Ծանր Բ.ա. հանգեցնում են պտղի ներարգանդային մահվան, իսկ առանձին դեպքերում, օրինակ՝ մարմնի բնական անցքերի լրիվ սերտաճումը կամ գլխուղեղի բացակայությունը՝ ծնվելուց հետո արագ մահվան: Եզակի Բ.ա. (օրինակ՝ վերջույթների) կյանքի համար անմիջական վտանգ չեն ներկայացնում, նույնը վերաբերում է նաև դեմքի Բ.ա-ին: Ներքին օրգանների Բ.ա. կանխորոշման տեսանկյունից նույնպես միանշանակ չեն:
Որոշ Բ.ա., հատկապես դեմքի, շտկվում են վիրահատ. ճանապարհով: Շրթունքների, ծնոտի, քիմքի ճեղքերը հաջողությամբ վերացվում են վիրահատությամբ՝ ծնվելուց 13 օր անց կամ կյանքի 3-րդ ամսում, մանկ. տարիքում վիրահատության հետևանքով առաջացած արատը հետագայում շտկում են կոսմետոլոգ. բուժարաններում: Հաջողությամբ վիրահատում են սրտի Բ.ա.:
Կանխարգելումը. մոր հիվանդությունների ժամանակին բուժում, վնասակար գործոնների (ալկոհոլ, հղիության 1-ին կեսին առանց հսկողության դեղորայքների օգտագործում) բացառում: Քրոնիկ. հիվանդությունների (օրինակ՝ նյութափոխանակության խանգարումներ) ժամանակ, եթե կինը ցանկանում է երեխա ունենալ, հղիության ընթացքում պետք է խորհրդակցի բժշկի հետ, ենթարկվի բազմակողմանի հետազոտության, խստորեն պահպանի բժշկի նշանակումները:
ԲՆԱԿԱՆ ՕՋԱԽԱՅՆՈՒԹՅՈՒՆ հիվանդությունների, որոշ վարակիչ հիվանդություններ առանձնահատուկ են նրանով, որ դրանց հարուցիչները գոյություն ունեն բնության որոշակի տարածքում՝ մարդկանցից կամ ընտանի կենդանիներից անկախ, և մակաբուծում են վայրի կենդանիների օրգանիզմներում: Նման հիվանդություններն ընդունված է անվանել բնական օջախային, իսկ տարածքը, որտեղ հանդիպում են դրանց հարուցիչները, բնական օջախներ: Բնական օջախները սովորաբար պահպանվում են երկար ժամանակ: Բնական օջախային հիվանդությունների հարուցիչները շղթայական են, անընդհատ շրջանառում են վայրի կենդանիների (հաճախ՝ կրծողների և թռչունների) միջև: Կենդանիներից կենդանիներին և կենդանիներից մարդուն դրանք փոխանցվում են միջատների, հիմնականում տզերի, որոշ հիվանդությունների դեպքում, նաև ջրի, սննդի միջոցով: Մարդը կամ ընտանի կենդանիները բնական օջախային հիվանդություններով կարող են վարակվել՝ պատահմամբ բնական օջախ ընկնելով: Մարդկանց բնական օջախային հիվանդություններից են ժանտախտը, տուլարեմիան, տզային և մոծակային գլխուղեղի բորբոքումը, լեպտոսպիրոզը, արյունահոսական տենդը, մաշկային լեյշմանիոզը, տզային բծավոր տիֆը ևն: Գոյություն ունեն նաև ընտանի կենդանիների որոշ հիվանդությունների (կատաղություն, դաբաղ, տրիխինելոզ, էխինոկոկոզ ևն) բնական օջախներ:
Մարդու և ընտանի կենդանիների բնական օջախային հիվանդությունների կանխարգելման առավել արդյունավետ միջոց է վարակի աղբյուր հանդիսացող արյունածուծ փոխանցողների և կրծողների ոչնչացումը, ինչպես նաև ակտիվ իմունացումը (տես Կանխարգելիչ պատվաստումներ), օրինակ՝ ժանտախտի, տուլարեմիայի, գլխուղեղի բորբոքման դեմ: