Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/123

Այս էջը հաստատված է

ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԲԱՐԵԿԱՐԳՈՒՄ, իրականացվում է մարդու կյանքի և առողջության համար հարմարավետ պայմաններ ստեղծելու նպատակով: Արդ. շին-յան և տրանսպորտի մշտ. աճը հաճախ անբարենպաստ ազդեցություն է ունենում շրջակա միջավայրի, բնակչության կյանքի և առողջության վրա: Արդ. ձեռնարկությունների և ներքին այրման շարժիչների արտանետվածքները, տրանսպորտի լարված երթևեկությունը վատթարացնում են բնակավայրերի սանհիգիենային պայմանները, աղտոտում օդը (տես Մթնոլորտի սանիտարական պահպանություն), հողը (տես Հողի սանիտարական պահպանություն), բնակելի շենքերը, ուժեղացնում աղմուկը: Մարդու վրա այդ գործոնների անբարենպաստ ազդեցությունը կարելի է կանխել կամ նվազեցնել հատակագծման և սանտեխ. համալիր միջոցառումների միջոցով:

Հատակագծման միջոցառումներից են բնակավայրերի համար տարածքի ճիշտ ընտրությունը, ֆունկցիոնալ գոտիների առանձնացումը և հատուկ նպատակներով քաղաքի տարբեր հատվածների օգտագործումը, սանիտարական պաշտպանական գոտիների կազմակերպումը:

Կյանքի համար ավելի բարենպաստ պայմաններ ստեղծելու նպատակով բնակավայրերի տարածքը բաժանվում է հետևյալ գոտիների. արդյունաբերական կամ արտադրական (գյուղ. բնակավայրերում) գոտի, որտեղ կառուցվում են ֆաբրիկաներ, գործարաններ, գյուղատնտ. ձեռնարկություններ և դրանց հետ կապված տրանսպորտային օբյեկտներ (ավտոտնակներ, ստորգետնյա երկաթգծեր ևն): Բնակելի գոտի՝ բնակելի շենքերի, խաղահրապարակներով մանկ. հիմնարկների, ներթաղամասային կանաչ ծառատունկերի, մարզահրապարակների, մշակութակենցաղային նշանակության հիմնարկների համալիր: Կոմունալ պահեստային գոտի, նախատեսվում է տարբեր նշանակության պահեստների, ավտոբազաների, տրամվայի, ավտոբուսի և տրոլեյբուսի հավաքակայանների համար: Քաղաքամերձ գոտիներ են բնակչության կարճատև կամ երկարատև հանգստի վայրերը (անտառպուրակներ, մարզաբազաներ, լողափեր և ջրային կայաններ, պանսիոնատներ, ճամբարներ, հանգստյան տներ ևն):

Բ.բ-ման սանիտարատեխնիկական միջոցառումներից են ջրամատակարարումը, կոյուղացումը, աղբահանումը, թափոնների վնասազերծման շինությունների, արդ. թափոնները մաքրող համակարգերի կառուցումը, բնակավայրերի մաքրման կազմակերպումը, բնակչությանը խանութներով, բուժկանխարգելիչ, ուս., մանկ. և մշակութակենցաղային նշանակության հիմնարկներով ապահովելը:

Բ.բ-ման բարելավմանը նպաստում են ժամանակակից պատվածքով փողոցների և ճանապարհների, տրանսպորտային հանգույցների, թունելների և այլ նպատակահարմար համակարգերի կառուցումը, օդի աղտոտումը, ճանապարհային վնասվածքները կանխող, աղմուկից պաշտպանող, հրապարակների, փողոցների, բնակելի շրջանների լուսավորումն ապահովող միջոցառումները:

Բ.բ-ի պարտադիր տարրերից է բնակավայրերի կանաչապատումը, հատկապես՝ քաղաքի բնակելի շրջաններում: Ծառերը նպաստում են միկրոկլիմայի, սանհիգիենային պայմանների բարելավմանը (բնակավայրերում նվազեցնում են քամու արագությունը, փոշու ներթափանցումը, քաղաքի աղմուկը, ծխի և օդի մեջ վնասակար գազերի պարունակությունը՝ այն հարստացնելով թթվածնով): Բնակելի շրջաններում կանաչ ծառատունկերի մակերեսը միջին թվով բնակչություն (60-100 հզ.) ունեցող քաղաքներում 1 մարդու համար պետք է կազմի 5մ2, խոշորներում (250-500 հզ. մարդ)՝ 7մ2, իսկ առողջավայրային քաղաքներում՝ 16 մ2: Բնակելի շրջանների կանաչապատումը և բարեկարգումը զգալիորեն լավացնում են բնակչության հանգստի պայմանները: Մեծ և խոշոր քաղաքներում խաղաղ հանգստի համար նախատեսված տնամերձ տարածքների չափերը 1 մարդուն 0,5-1 մ2 է, մանկ. հրապարակներինը՝ 1-2 մ2, մարզահրապարակներինը՝ 0,5-0,8 մ2:

ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՄԱՔՐՈՒՄ, փողոցների մաքրման, թափոնների ու աղբի հավաքման, հեռացման, վնասազերծման և օգտահանման միջոցառումների համակարգ:

Բնակավայրերում աղբի քանակը կախված է բնակիչների թվից, կոյուղու առկայությունից, կլիմայական պայմաններից, ջեռուցման համակարգից, վառելանյութի տեսակից ևն:

Թափոնները և աղբը ճիշտ կազմակերպված հավաքելու դեպքում կտրուկ նվազում են հողի աղտոտումը և գարշահոտ գազերի արտազատումը, բացառվում է բնակիչների և կենդանիների շփումը թափոնների հետ, որոնց վրա ճանճերը ձվադրում են: Թափոնները կարող են կեր ծառայել կրծողների (որոշ վարակիչ հիվանդությունների հարուցիչների փոխանցողներ) համար: Մթն. տեղումների հետևանքով աղտոտված հողից միկրոօրգանիզմները և որդերի ձվերն անցնում են գրունտային ջրեր և աղտոտում դրանք:

Տնային աղբը և թափոնները հավաքում են աղբահավաքով: Գործող օրենքով կենցաղային թափոնները և աղբն անհրաժեշտ է տեղափոխել ոչ ուշ քան 3 օրը մեկ: Գործնականում գոյություն ունի Բ. մ-ման 3 համակարգ. 1. աղբահավաքներ (բեռնարկղեր)՝ 500-600 լ տարողությամբ, որոնք դրվում են բակերում: Լցվելուց հետո մեքենաներով դրանք տեղափոխվում են՝ փոխարենը դատարկը դնելով: Սա Բ. մ-ման առավել նպատակահարմար մեքենայացված համակարգ է: 2. Բակային աղբահավաքներ՝ բաքեր, որոնք դատարկվում են աղբատար մեքենաների մեջ: Այս համակարգը քիչ մեքենայացված է: 3. Աղբը դույլերով հավաքում են աղբատար մեքենաների թափքում, բնակիչներն այն տանում են վարորդի ազդանշանով: Այս համակարգը կիրառվում է ոչ մեծ բնակավայրերում:

Բազմահարկ տներում տեղակայված են աղբատար խողովակներ: Հավաքված թափոնները և աղբը տեղափոխվում են բնակավայրերից հեռու՝ ոչնչացման, վնասազերծման կամ օգտահանման նպատակներով (տես Թափոնների վնասազերծում):

ԲՆԱԿԱՐԱՆ, մարդու գոյության նյութ. հիմն. պայմաններից մեկը, նախատեսված է անբարենպաստ օդերևութաբան. գործոնների (ցուրտ, շոգ, քամի, մթն. տեղումներ) աղդեցություններից մարդկանց պաշտպանելու, ինչպես նաև հանգստի, աշխատանքային ու կենցաղային կարիքները հոգալու համար: Բ-ի տիպերը պայմանավորվում են երկրի արտադրող. ուժերի զարգացման մակարդակով, սոցիալ. հարաբերություններով, ընտանեկան կյանքի ձևերով, մշակութակենցաղային ավանդույթներով և աշխարհագր. միջավայրով:

Նախնադարում մարդիկ ապրել են պարզագույն Բ-ներում՝ գետնատներ, հյուղակներ, քարանձավներ: Միախուց Բ. երկար պահպանվել է շատ ժողովուրդների, հատկապես՝ քոչվոր կյանք վարողների մոտ: Դասակարգային հասարակության ձևավորման շրջանում Բ-ի բնույթի վրա ազդել են բնակչության տարբեր խավերի մշակույթի և կենցաղի առանձնահատկությունները: Ստրկատիր. կարգերում չունևորների պարզունակ Բ-ի կողքին կառուցվել են դաստակերտներ, ապարանքներ (տարբեր նշանակության շինություններով):