Ֆեոդալիզմի դարաշրջանում Բ-ների սոցիալ. տարբերություններն առավել ընդգծված են: Ֆեոդալներն ապրել են դղյակներում, իսկ գյուղացիները՝ չափազանց պարզ ու հասարակ կառույցներում:
Ժամանակակից սոցիալ-տնտ. պայմաններում նույնպես Բ-ների տարբերությունները չափազանց ընդգծված են. կան հարմարավետ առանձնատներ, բազմահարկ-բազմաբնակարանային շենքեր, հասարակ ու պարզ հարմարեցված կացարաններ:
Բ-ի ընդհանուր հիգիենային պահանջները: Ըստ նշանակության շենքերը կառուցում են տարբեր տիպային նախագծերով. բնակարանային (ընտանիքների համար), հյուրանոցային (փոքր ընտանիքների ու միայնակների, ինչպես նաև եկվորների համար) և հանրակացարանային (ուսանողների, շինարարների ու ժամանակավոր բնակության համար):
Բնակչության կյանքի պայմանների և Բ-ների սանբարեկարգման վրա որոշակի ազդեցություն ունի շենքի հարկայնությունը: Այդ հատկանիշներից ելնելով՝ շենքերը բաժանվում են ցածրահարկերի և բարձրահարկերի (4 հարկից բարձր): Բարձրահարկերում սանտեխ. սպասարկման (վերելակ, կենտրոնացված աղբատար) մակարդակը բարձր է: Այդ շենքերի Բ-ները ստվերվում են կանաչ ծառատունկերով՝ շոգ օրերին պաշտպանելով դրանք գերտաքացումից: Վերջին շրջանում կառուցվում են առավելապես ցածրահարկ առանձնատներ՝ հատուկ նախագծերով՝ սանհիգիենայի բոլոր պայմաններին համապատասխան:
Հատակագծում: Բնակելի շենքերի հիմն. տարրը Բ. է՝ բնակելի (մանկ. սենյակ, ճաշասենյակ, ննջարան, աշխատասենյակ) և օժանդակ (նախասենյակ, խոհանոց, լողասենյակ, զուգարան ևն) մասերով: Շենքերը հատակագծելիս հաշվի է առնվում, որ Բ. ունենա արևի ճառագայթման, օդափոխության լավագույն պայմաններ, բնակելի սենյակը մեկուսացված լինի խոհանոցից, սան. հանգույցից, աստիճանահարթակից: Անհրաժեշտ է նախատեսել սննդի պատրաստման, անձն. հիգիենայի պահպանման, պասիվ հանգստի հարմարության, ընտանիքի ազատ բնակեցման ապահովում: Սենյակի ձևը հարմարավետ է, եթե երկարության հարաբերությունը լայնությանը 1:2 է կամ 3:4:
Օդափոխություն: Բ-ի նկատմամբ հիգիենայի հիմն. պահանջներից է մաքուր օդի պահպանումը: Բ-ում օդն աղտոտվում է ածխաթթու գազով, արտաշնչած օդի խոնավությամբ, խոսելիս, հազալիս, փռշտալիս, ծիծաղելիս օդում հայտնված թքի կաթիլներով, որոնք պարունակում են շատ մեծ քանակությամբ (այդ թվում՝ ախտածին) միկրոօրգանիզմներ: Բ. փոշի է թափանցում կոշիկների, հագուստի, ինչպես նաև օդի միջոցով: Ծխելիս օդն աղտոտվում է նիկոտինով և այլ թունավոր նյութերով: Ջեռուցող սարքերից և գազասարքերից ճիշտ չօգտվելու դեպքում օդը կարող է աղտոտվել ածխածնի օքսիդով՝ առաջացնելով թունավորում (տես Շմոլ գազ): Տհաճ հոտեր կարող են տարածվել նաև քրտինքից, կեղտոտ սպիտակեղենից ու հագուստից, երբեմն՝ խոնավությունից, խոհանոցից, զուգարանից, ջեռուցող սարքերի մակերեսին նստող փոշու այրվելուց: Օդի նպաստավոր պայմաններ ստեղծելու համար պետք է ապահովել բավարար օդափոխություն: Բնական օդափոխության ուժեղացման նպատակով պատուհաններին թողնում են օդանցքներ և վերնափեղկեր: Սենյակներում օդը սառեցնելու, կայուն ջերմաստիճան պահպանելու, օդափոխության, խոնավության կարգավորման, օդը փոշուց մաքրելու համար օգտագործում են օդորակիչներ (տես Օդորակում), որոնք հաշվարկված են 30-35 մ2 մակերեսի համար:
Լուսավորությունը Բ-ում լինում է բնական, արհեստ. և խառը (տես Լուսավորություն): Բ-ի լուսավորությունը պայմանավորված է արևի ուղիղ ճառագայթներով և երկնակամարի ցրված լույսի անդրադարձումով, կախված է նաև բնակելի շենքի դիրքից, միմյանց նկատմամբ դրանց դասավորությունից (դիմացի շենքի բարձրությունից ոչ պակաս հեռավորության վրա), գույնից, ինչպես նաև սենյակի խորությունից: Սենյակներն առավել լուսավոր են լինում, եթե դրանց խորությունը չի գերազանցում պատուհանի վերին եզրից մինչև հատակ եղած հեռավորության կրկնակիին: Պատուհանի ձևը սովորաբար քառանկյուն է: Սան. չափանիշներին համապատասխան՝ սահմանված է սենյակի փոքրագույն՝ եռաժամ ինսոլյացիա (միավոր ժամանակում արևի ճառագայթման քանակը երկրի միավոր հորիզոն. մակերևույթի վրա)՝ մարտի 22-ից սեպտեմբերի 22-ն ընկած ժամանակաշրջանում: Պատուհանի կեղտոտ ապակիները 50 %-ով, իսկ շղարշե վարագույրները 40 %-ով մթնեցնում են սենյակը: Պատերի և առաստաղի պայծառ գույնը ուժեղացնում է Բ-ի լուսավորությունը, քանի որ լույսը, ընկնելով լուսավոր մակերեսին, բազմակի անդրադառնում է:
Արհեստ. լուսավորության համար օգտագործում են շիկացման և գազապարպումային լյումինեսցենտային լամպեր: Մեծ նշանակություն ունեն ոչ միայն էլեկտր. լամպի հզորությունը, այլև լուսամփոփը, լույսի աղբյուրի տեղը ևն: Կարևոր է, որ լուսատուն ժամանակին մաքրվի, որովհետև մաքրելուց 1 ամիս հետո 10-15 %-ով պակասում է լուսավորությունը: Լուսամփոփի գույնն ընտրելիս պետք է հաշվի առնել, որ լույսի ճառագայթներն ունենան ալիքի տարբեր երկարություն: Կարմիր ճառագայթները (760 նմ ալիքի երկարություն) ունեն գրգռող, կանաչը և կապույտը (ավելի կարճ ալիքները)՝ հանգստացնող ազդեցություն: Բարձր սենյակների ընդհանուր լուսավորման համար խորհուրդ են տրվում 100-200 Վտ հզորության 3-5 լամպով ջահ և լուսացրող նյութից լուսամփոփներ: 2,7-2,8 մ բարձրությամբ սենյակի համար առավել հարմար է 2-3 լամպով, լուսացրող նյութից լուսատու: Խորհուրդ չի տրվում օգտագործել դեպի ներքև ուղղված լուսամփոփով լուսատու, քանի որ ոչ բարձր առաստաղի դեպքում ցոլքերն անխուսափելի են: Հատակադիր ջահով կարելի է մեղմ լուսավորել սենյակի տարբեր մասերը՝ այն դնելով բազմոցի կամ բազկաթոռի կողքին:
Աշխատատեղը ճիշտ լուսավորելու համար լուսատուն պետք է այնպես տեղադրել, որ լույսն ընկնի ձախից, բայց ոչ մի դեպքում դիմացից՝ ուղիղ աչքերին: Պարապելիս կամ աշխատելիս (հատկապես երեխաները) պետք է լուսավորվի ոչ միայն աշխատանքային սեղանը, այլև ամբողջ սենյակը: Կարևոր է նաև աշխատանքի բնույթը: Օրինակ՝ սև թելով աշխատելիս լուսավորությունը պետք է ուժեղ լինի, առարկայից 20 սմ հեռավորության վրա՝ 100 Վտ հզորության շիկացման լամպով, իսկ գծագրելիս գծագրական թուղթը կարելի է բավարար լուսավորել 80-100 սմ հեռավորության վրա գտնվող 150 Վտ հզորության լամպով: Երկարատև ընթերցանության ժամանակ և գրելիս խորհուրդ է տրվում օգտագործել 60 Վտ հզորության շիկացման լամպ (սեղանի լուսամփոփ, հատակադիր ջահ): Լյումինեսցենտային լուսավորման դեպքում Բ-ում պետք է օգտագործել միայն սպիտակ ապակիով լամպ:
Միկրոկլիմա: Բ-ի համար կարևոր են ջերմությունը, խոնավությունը, օդի շարժումը: Օրգանիզմի վրա մեծ ազդեցություն ունեն միկրոկլիմայական գործոնները, ուստի անհրաժեշտ է Բ-ում մշտապես պահպանել կայուն ջերմաստիճան: Տարվա ցուրտ եղանակներին ջերմաստիճանը պետք է լինի 20-22°C, իսկ տաք եղանակներին՝ 20-25°C, հարաբեր. խոնավությունը՝ 30-60%, օդի շարժման