Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/134

Այս էջը հաստատված է

ձուկը, ազդրամիսը ևն: Վարակված պահածոներով բանկաները գազերի կուտակումից ուռչում են: Այդպիսի մթերքներն օգտագործելիս բոտուլինային թույնն արագ ներծծվում է աղիքներ և արյան միջոցով տարածվում ամբողջ օրգանիզմում՝ ախտահարելով տարբեր օրգաններ, 1-ին հերթին՝ նյարդային համակարգը: Հիվանդությունը, որպես կանոն, սկսվում է հանկարծակի, վարակված մթերք գործածելուց մի քանի ժ հետո: Առաջանում են գլխացավ, գլխապտույտ, թուլություն, անքնություն, ստամոքսի ցավ, սրտխառնոց, փսխում, ծարավի, սրտի «նվաղման» զգացողություն, բերանի չորություն: Նկատվում է փորկապություն, որովայնի փքվածություն: Մի քանի ժ-ից կամ 1-2 օրից խանգարվում է տեսողությունը: Հիվանդները գանգատվում են աչքերի առջև «վանդակներ», «կետիկներ» երևալուց, առարկաները երևում են մշուշում, հաճախ՝ երկակի, համարյա միշտ բիբերը լայնացած են լինում, հնարավոր է կոպերի իջեցում: Միաժամանակ կամ ավելի ուշ կարող է խանգարվել կլումը (կոկորդի կարկամում, կուլ տալիս՝ ցավի զգացողություն), խոսքը դառնում է անհասկանալի, ռնգային, առաջանում է խռպոտություն կամ ձայնի լրիվ կորուստ (անձայնություն): Հիվանդները դժգոհում են օդի պակասից, շնչառությունը դժվարանում է: Ջերմաստիճանը բնականոն է կամ աննշան բարձրանում է:

Հիվանդության ախտանշաններն ի հայտ գալիս հիվանդը պետք է արագ հոսպիտալացվի: Կյանքի փրկությունը կախված է հակաբոտուլինային շիճուկի ներարկման ժամանակից: Առողջությունը և աշխատունակությունը դանդաղ են վերականգնվում: Տեսողությունը կարող է ավելի ուշ վերականգնվել, քան մյուս կլինիկ. դրսևորումները:

Կանխարգելումը. արտադրությունում պահածոյման տեխնիկ. ռեժիմի խիստ հսկողություն: Բոտուլինային սպորները ոչնչանում են միայն 120° C ջերմային պայմաններում մանրէազերծելիս: Տնային պայմաններում սնկերը և բանջարեղենը խորհուրդ է տրվում աղ կամ թթու դնել՝ անպայման ջերմամշակելով (տես Պահածոյում տնային): Տնային պայմաններում պահածոյած բանջարեղենը և սնկերը ուտելուց առաջ կարելի է վնասազերծել՝ 10-15 ր ջրային բաղնիքում եռացնելով: Անհրաժեշտ է նաև խիստ հետևել պահածոների, երշիկների, ապուխտների (տես Սննդամթերքի պահպանում) պահելու կանոններին: Տես նաև Սննդային թունավարակում:

ԲՈՐ, մարդու վարակիչ հիվանդություն: Մինչև վերջերս անբուժելի էր համարվում, հիվանդները հիմնականում մահանում էին: Պատմիչներ Փավստոս Բուզանդն ու Մովսես խորենացին գրում են, որ 4-րդ դ. Ներսես Մեծի հրամանով բազմաթիվ բորոտանոցներ են բացվել Հայաստանի զանազան վայրերում: Միջին դարերում Բ-ով հիվանդներին վտարել են բնակավայրերից, արգելել շփումը առողջ մարդկանց հետ: Հետագայում պարզվել է, որ Բ. քիչ վարակիչ է, և բուժման ժամանակակից մեթոդները կասեցնում ու բուժում են հիվանդությունը:

Այժմ Բ. հանդիպում է Ասիայի, Աֆրիկայի, Հվ. և Կենտր. Ամերիկայի երկրներում: Եվրոպայում, ինչպես նաև ԱՊՀ-ում հիվանդանում են հազվադեպ: Բ-ի հարուցիչը թթվակայուն միկոբակտերիան է, որը նման է տուբերկուլոզի հարուցիչին և օրգանիզմ է թափանցում մաշկի կամ քթի լորձաթաղանթի միջոցով: Վարակվում են միայն հիվանդի հետ երկարատև և անմիջական շփումից:

Հիվանդության 1-ին ախտանշաններն ի հայտ են գալիս վարակվելուց 4-6 տարի հետո, երբեմն՝ ավելի ուշ: Հիվանդությունն սկսվում է սովորաբար աննկատ, երբեմն՝ ընդհանուր տկարությամբ և ջերմաստիճանի բարձրացմամբ: Այնուհետև մաշկի վրա սպիտակավուն կամ կարմիր բծեր են հայտնվում, այդ մասերում մաշկը ջերմության, ցրտի նկատմամբ դառնում է անզգա, հպումը և ցավը չեն զգում: Աստիճանաբար մաշկը պնդանում է, առաջանում են հանգույցներ, խոցեր: Ժամանակին բժշկի չդիմելիս հոնքերը թափվում են, ականջաբլթակները մեծանում, քիթը քայքայվում է, խիստ փոխվում է դեմքի արտահայտությունը, տեսողությունը վատանում է՝ ընդհուպ մինչև կուրանալը, ձայնը դառնում է խռպոտ, առաջանում է շնչարգելություն, ախտահարվում են ներքին օրգանները, վերջույթներում առաջանում են ուժեղ ցավեր ևն:

Բուժումը երկարատև է՝ մի քանի ամսից մինչև մի քանի տարի՝ կախված հիվանդության հայտնաբերման ժամանակից: Հիվանդն սկզբում բուժվում է հատուկ մասնագիտացված բժշկ. հիմնարկում՝ բորոտանոցում (լեպրոզորիա), որտեղ հիվանդին և՛ բուժում են, և՛ ներգրավում աշխատանքի (ըստ կարողության), որը բարերար ազդեցություն է ունենում ապաքինման վրա:

Բ-ի բուժման հաջողությունները հնարավորություն ընձեռեցին հիվանդներին արտահիվանդանոցային բուժում ստանալ տնային պայմաններում: Այդպիսի հիվանդները շրջապատի համար անվտանգ են, նրանք կարող են աշխատել և ապրել կոլեկտիվում: Ընտանիքի բոլոր անդամներին և հիվանդի հետ շփվող անձանց կանխարգելման նպատակով դիսպանսերացնում են:

ԲՈՐԲՈՔԱՀԵՂՈՒԿԱԼՈՐՁԵՆԱԲՈՐԲԱՅԻՆ ՆԱԽԱՏՐԱՄԱԴՐՎԱԾՈՒԹՅՈՒՆ, էքսուդատիվ-կատառային դիաթեզ, երեխայի օրգանիզմի հատուկ վիճակ, որը պայմանավորված է նյութափոխանակության խանգարումներով և դրսևորվում է որոշ սննդանյութերի (հաճախ՝ կաթ, ձու, ելակ, ցիտրուսներ, մեղր, շոկոլադ) հանդեպ օրգանիզմի անհանդուրժողականությամբ: Բ.ն-յան դեպքում նկատվում է հակում մաշկի և լորձաթաղանթների ալերգ. բորբոքային ախտահարումների նկատմամբ: Մաշկի փոփոխությունները կարող են առաջանալ դեռևս կյանքի 1-ին ամիսներին, հատկապես 1-ին կիսամյակում, երբ սնունդը դառնում է առավել բազմատեսակ: Բ.ն-յան ախտանշանները մեղմանում կամ լրիվ անհետանում են 3-5 տարի անց: Հիվանդությունը հաճախ սկսվում է վերհոնքային շրջանում թեփոտվող դեղին բծերի առաջացմամբ: Երեխաների մոտ, նույնիսկ լավ խնամքի դեպքում, նկատվում են շփաբորբեր: 1,5-2 ամսից կարող է առաջանալ, այսպես կոչված, գնեյս, այտերի մաշկի կարմրություն՝ թեփոտումով: Գլխի մազածածկ մասերին և վերհոնքային շրջանում գոյանում են դեղնավուն կեղևիկներ, որոնք ծանր դեպքերում շերտավորվում են, նստում միմյանց վրա և կազմում հաստ թաղանթներ:

Բ.ն-յամբ տառապող երեխաները ավելի հաճախ են հիվանդանում սուր շնչառ. հիվանդություններով, հարբուխով, անգինայով, բրոնխաբորբերով, աչքի լորձաթաղանթի բորբոքումով (տես Շաղկապենաբորբ), միջին ականջի բորբոքումով (տես