Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/14

Այս էջը հաստատված է

և այն դրսևորվում է ալկոհոլի ոչ միայն կանոնավոր, այլև եզակի օգտագործումից:

Անձի շահամոլ տիպը ձևավորվում է ալկոհոլի կանոնավոր օգտագործման ժամանակ: Մտավոր և բարոյական մակարդակի իջեցումը, բոլոր հետաքրքրությունների դուրսմղումը, ալկոհոլ օգտագործելու մշտական ձգտումը, սոցիալ. շրջապատի փոխարինումը նոր՝ հարբեցողի հակումներին ավելի համապատասխանող միջավայրով (թուլանում է կապը բարեկամների, ընտանիքի, աշխատանքային ընկերների հետ, բայց դրա փոխարեն ծանոթություններ են հաստատվում կասկածելի, պատահական վաստակի, հափշտակությունների, խաբեբայությունների, գողության, կողոպուտի և հարբեցողության հակված անձանց հետ) ի վերջո հանգեցնում է այն բանին, որ ալկոհոլամոլի վարքագծի դրդապատճառը դառնում է սպիրտային խմիչքներ ձեռք բերելու համար միջոցներ հայթայթելը: Այդ պատճառով էլ հարբեցողն ընդունակ է ստորանալու, ընտանիքի հետ կապերը խզելու և նույնիսկ հանցագործություն կատարելու:

Ամուսիններից մեկի՝ սպիրտային խմիչքներ չարաշահելու հակումն ընտանիքի քայքայման հաճախակի պատճառներից է: Պատանեկությունից հարբեցողությամբ զբաղվողները սովորաբար ամուրի են մնում: Ա-յամբ հիվանդների կեսն ընտանիք չունի (ամուսնալուծություն, մեկուսացած ապրելակերպ), մնացածների ընտանեկան կյանքը քայքայման վտանգի տակ է: Ալկոհոլը չարաշահող անձանց երեխաները ֆիզիկապես և հոգեպես թույլ են զարգանում (ուշ են քայլում, խոսում), դրանց մեջ հաճախ են նկատվում զարգացման արատները, մտավոր թերզարգացումը, էպիլեպսիան ևն: Բեղմնավորման պահին ծնողներից որևէ մեկի նույնիսկ մեկանգամյա ալկոհոլի չարաշահումը կարող է հանգեցնել պտղի տարբեր հրեշությունների (այլանդակությունների): Ծնողների Ա. կործանարար ազդեցություն է թողնում երեխաների դաստիարակության վրա: Ընտանիքում անբարոյական մթնոլորտը, ծնողների հանդեպ հարգանքի կորուստը դեռահասներին ոչ միայն հասցնում են ինքնամփոփության և կատաղության, այլև ուղղակիորեն անդրադառնում նրանց սոցիալ. դիրքորոշման, աշխարհայացքի և վարքագծի վրա, պայմանավորում օտար անձանց վատ սովորություններին հատուկ ենթարկվածություն, ձևավորում հակահաս. վարքագծի և իրավախախտումների հանդեպ կողմնորոշում, ալկոհոլի հանդեպ հակում, սեռ. սանձարձակություն: Պարզվել է, որ իրավախախտումներ կատարող դեռահասների 70%-ը դաստիարակվել են հարբեցողների ընտանիքներում: Ալկոհոլի հանդեպ դեռահասների ախտաբան. հակումն արագ է առաջանում, քան մեծահասակներինը: 15-16 տարեկանից ալկոհոլ օգտագործող պատանիների Ա. առաջանում է 2-3 տարում, 13-15 տարեկանից ալկոհոլը կանոնավոր օգտագործող դեռահասներինը՝ մեկ տարվա ընթացքում: Զսպող ազդեցությունների թուլացմամբ հարբած վիճակը, ամոթի զգացման կորուստը և կատարած արարքների հետևանքները ճշմարիտ գնահատել չկարողանալը (հատկապես պատանեկան և երիտասարդ տարիքում) մարդկանց հաճախ է մղում թեթևամիտ, պատահակաև կապերի, որոնք հաճախ հանգեցնում են «անցանկալի» հղիությունների, վիժումների, վեներ. հիվանդություններով վարակվելու:

Դեռևս պետությունների ձևավորման ժամանակ նախաձեռնել են Ա-յան տարածումը կանխող բարոյական և օրենսդր. միջոցառումներ: Հին Չինաստանում և Հին Եգիպտոսում մ.թ.ա. 2-րդ հազարամյակում հարբեցողներին ենթարկում էին խիստ և ստորացուցիչ պատիժների. Աթենքում արգելված էր չնոսրացրած գինու օգտագործումը, Սպարտայում մ.թ.ա. 5-րդ դ. խիստ պատժի չենթարկվելու համար երիտասարդներին արգելված էր ալկոհոլ օգտագործելը: Հռոմում, սկսած մ.թ.ա. 3-րդ դ., մինչև 30 տարեկաններին արգելված էր գինի օգտագործելը: Եվրոպայում կենտրոնացված ազգային պետությունների ստեղծումից սկսած (15-16-րդ դդ.)՝ փորձեր են արվել հարբեցողության հաս. սահմանափակումների ուղղությամբ: Սկզբն. շրջանում դրանք կրում էին միայն բարոյական, այնուհետև՝ նաև օրենսդր. բևույթ:

Միջնադարյան Հայաստանում հարբեցողներին մեկուսացնելու համար նրանց բնակեցնում էին առանձին մեկուսարաններում: Մինչև վանք դառնալը այդպիսի մեկուսարան-աքսորավայր է եղել Սևանա կղզին: Այստեղ ընկած հարբեցողները կտրվում էին աշխարհիկ կյանքից և չէին կարող շփում ունենալ հասարակության հետ:

18-րդ դ. Ա-յան դեմ պայքարն ավելի կազմակերպված բնույթ է ստացել, և զարգացել է հարբեցողության պատճառած տնտ. վնասների չափին՝ մարդու օրգանիզմի, աշխատանքի ու բարեկեցության վրա ալկոհոլի կանոնավոր օգտագործման բացասական ազդեցություններին համապատասխան: 19-րդ դ. սկսեցին ստեղծվել հակաալկոհոլային լիգաներ և ասոցիացիաներ, որոնց գործունեությունը ձեռք է բերել (հատկապես երիտասարդների շրջանում) դաստիարակչ. և սանլուս. պլանային աշխատանքների բնույթ:

Մի շարք երկրներում հակաալկոհոլային կազմակերպությունների գործունեությունը չի սահմանափակվում միայն քարոզչ. աշխատանքներով: Սպիրտային խմիչքների արտադրությունը և տարածումը կանխելու նպատակով նրանք կառավարությունից և տեղական կառավարման մարմիններից պահանջում են օրենսդր. միջոցառումների անցկացում:

Հակաալկոհոլային աշխատանքների համակարգը դաստիարակչ., սանլուս., սահմանափակող և բժշկ. միջոցառումների համալիր է՝ զուգակցված տվյալ հասարակարգի բարոյական դիրքորոշմանը հետևել չցանկացող անձանց հանդեպ հաս. և պետ. կանխարգելիչ միջոցառումների հետ:

Բնակչության հակաալկոհոլային դաստիարակության խնդիրը ալկոհոլի հանդեպ վերաբերմունքը փոխելն է: Սպիրտային խմիչքների օգտագործումը հարկավոր է դիտել որպես պետության շահերին, հարբեցողի առողջությանը, նյութ. և ընտանեկան շահերին վնաս հասցնող արտասովոր երևույթ:

Կարևոր խնդիր է նաև Ա-յան դեմ հատուկ քարոզչությունը, որն իրականացվում է պետ. և վարչ. օրգանների ու հաս. կազմակերպությունների միջոցով:

ՀՀ օրենսդրությամբ նախատեսված են երիտասարդության մեջ Ա-յան տարածումը կանխարգելող միջոցառումներ: Ալկոհոլամոլ ծնողները կարող են զրկվել ծնողական իրավունքներից: Վարչ. և քրեական պատիժներ, ուղղիչ աշխատանքներ կամ ազատազրկում են նախատեսված այն անձանց համար, ովքեր անչափահասներին մղում են հարբեցողության: Հաստատված են միջոցառումներ, որոնք թույլ չեն տալիս աշխատանքի և հաս. վայրեր ներկայանալ հարբած վիճակում, սպիրտային խմիչքներ օգտագործել աշխատանքի և ընդմիջման ժամանակ: Հաս. վայրերում, տրանսպորտում ալկոհոլային խմիչքներ օգտագործողների, հարբած վիճակում այդ վայրեր ներկայացողների համար սահմանված է վարչ. պատասխանատվություն:

Հարբած վիճակում աշխատավայրում ու կենցաղում վնասվածք ստանալը դիտվում է որպես տուժածի մեղքով տեղի ունեցած դժբախտ պատահար և այդպիսի դեպքերում ամբուլատոր ու հիվանդանոցային բուժման ժամանակ անաշխատունակության