է: Բ-ին բնորոշ է կլինիկ. ախտանշանների բազմաձևությունը:
Հաճախ հիվանդությունն սկսում է սուր, ջերմաստիճանը բարձրանում է մինչև 39-40° C, առաջանում են դող, թուլություն, առատ քրտնարտադրություն, մկաններում և հոդերում ուժեղ ցավեր, բնորոշ են նյարդային և ոսկրահոդային համակարգերի, արյունատար անոթների ախտահարումները, կարող են լինել նաև հոգեկան խանգարումներ: Երբեմն հիվանդությունն առաջանում է աստիճանաբար, նկատվում են տկարություն, անքնություն, գրգռվածություն, գլխացավ, մկանների և հոդերի ցավեր, ախորժակի անկում, ջերմաստիճանը բարձրանում է մինչև 37,1-37,3° C: Հիվանդությունը ձգվում է մինչև 1-2 տարի և ավելի: Տևական մնացորդային երևույթները կարող են հանգեցնել հաշմանդամության: Հղի կանայք Բ-ի ժամանակ կարող են վիժել: Բուժումը հիվանդանոցային է:
Կանխարգելումը. ժամանակին հայտնաբերել և մեկուսացնել հիվանդ կենդանիներին (դրանց սպանդի են ենթարկում հատուկ հրապարակներում՝ պահպանելով կանխարգելիչ կանոնները): Առողջ կենդանիներին պատվաստում են, շինությունները, որտեղ հիվանդ կենդանիներն են եղել, ախտահանում են: Օգտագործում են ավելի խիտ ախտահանիչ միջոցներ, վիժված պտուղը, ընկերքը, գոմաղբը (դրանցով աղտոտված) այրում են: Ախտահանման նպատակով կենդանու մորթին 2 ամիս աղ են դնում, բուրդը մշակում են մեթիլբրոմիդով:
Անապահով պայմաններ ունեցող տնտեսություններում կաթնամթերքը պատրաստում են ջերմամշակված կաթից (եռացրած, մանրէազերծած): Պանիրը պահում են աղաջրում 60 օրից ոչ պակաս, 11-14° C պայմաններում, միսը եփում են 3 ժ-ից ոչ պակաս կամ աղաջրում պահում 2 ամիս:
Հիվանդ կենդանիներին խնամող անձինք և այդ կենդանիներից ստացվող հումքը մշակող արդ. ձեռնարկությունների (մսի կոմբինատ, բուրդը, կաշին մշակող ձեռնարկություններ, պանրագործարան ևն) աշխատողները պետք է օգտագործեն հատուկ հագուստ և պաշտպանիչ միջոցներ (ռետինե ձեռնոցներ և կոմբինեզոն, արտահագուստ, երկարաճիտք կոշիկներ, շնչադիմակ, պաշտպանիչ ակնոց ևն), որոնք աշխատանքից հետո մշակում են լիզոլի կամ քլորամինի լուծույթով: Դեռահասներին և հղի կանանց նման աշխատանքները չեն թույլատրվում: Ամեն տարի նշված ձեռնարկությունների աշխատողներին Բ-ի դեմ պատվաստում են (տես Կանխարգելիչ պատվաստումներ):
ԲՑԺ, տես Տուբերկուլոզ հոդվածում:
ԲՈՒԺԱԿ, ֆելդշեր, միջին բժշկ. կրթությամբ մասնագետ, որը նախաբժշկ. օգնություն է ցույց տալիս հիվանդին, գյուղերում և քաղաքներում բժշկի ղեկավարությամբ իրականացնում կանխարգելիչ ու սանհակահամաճարակային աշխատանք: Բժշկի նշանակած բուժ. գործողությունների, բուժարարողությունների, պարզագույն լաբորատոր հետազոտությունների շրջանակը, ինչպես նաև ծանր հիվանդությունների, դժբախտ պատահարների, թունավորումների և այլ դեպքերում (մինչև բժշկի գալը) ինքնուրույն կատարվող բուժօգնության ծավալը որոշվում է այդ նպատակով հաստատված կանոնադրությամբ: Բ-ի աշխատանքը բուժակամանկաբարձ. կետում և արդ. ձեռնարկության բուժական առողջապահ. կետում տարբեր է: Բ. առողջապահական կետում կատարում է ամբուլատոր ընդունում, իսկ բուժակամանկաբարձ. կետում օգնություն է ցույց տալիս նաև տանը: Բ. բուժօգնության կարիք ունեցող հիվանդներին պարտավոր է ժամանակին ուղարկել համապատասխան բուժկանխարգելիչ հիմնարկ, անհրաժեշտության դեպքում ուղեկցել նրանց:
ԲՈՒԺԱԿԱՆ ՍՆՈՒՆԴ, բուժիչ կամ կանխարգելիչ նպատակով հատուկ կազմված սննդի օրաբաժինների և սնվելու ռեժիմի կիրառումը: Բ. ս., որպես կանոն, չի համարվում բուժման ինքնուրույն մեթոդ, այն կիրառվում է դեղանյութերի և այլ բուժ. ազդակների համալիրում: Որոշ՝ ստամոքսաբորբի, հաստ աղիքի բորբոքման, խոցային, լյարդի, երիկամների հիվանդությունների ժամանակ Բ.ս. կարող է լինել բուժման հիմն. միջոց:
Բ.ս-ի գիտ. սկզբունքները մշակվել են ռուս. ֆիզիոլոգներ Ի. Պավլովի և Ի. Սեչենովի ձևակերպած դրույթներով:
Բ.ս-ի հիմն. սկզբունքներն են. սննդի օրաբաժնի, սնվելու ռեժիմի և սննդի խոհարար. մշակման եղանակի նկատմամբ անհատ. մոտեցումը, սննդի քանակ. և որակ. համապատասխանությունը հիվանդության բնույթին, հիվանդի վիճակին և նրա օրգանիզմի առանձնահատկություններին, հաշվեկշռված (սպիտակուցների, ճարպերի, ածխաջրերի, հանքային նյութերի և վիտամինների առավել բարենպաստ հարաբերակցություն) և ֆիզիոլոգ. առումով լիարժեք օրաբաժնի կազմումը, երբ հիվանդի վիճակը պահանջում է որևէ սննդամթերքի բացառում կամ սահմանափակում: Բ.ս. կարող է նշանակել և հսկել միայն բժիշկը: Բ.ս-ում շատ են կիրառվում սննդային օրաբաժնի քանակ. փոփոխություններ (ավելացում կամ սահմանափակում, այսպես կոչված, բեռնաթափման օրեր), որակ. սահմանափակումներ (նշանակվում են մասնավորապես հեշտ յուրացվող մթերքներ), սնվելու ռեժիմի փոփոխում, խոհարար. մշակման հատուկ մեթոդներ:
Բ.ս-ի օրաբաժիններով բուժումը պետք է լինի արդյունավետ և միաժամանակ լիարժեք, ամբողջությամբ բավարարի օրգանիզմի պահանջը սննդանյութերի և կենսաբանորեն ակտիվ նյութերի նկատմամբ: Հիվանդությունների դեմ պայքարելու լավագույն միջոցը լիարժեք սնունդն է, որը նպաստում է ախտահարված համակարգերի աշխատունակության արագ վերականգնմանը, նյութափոխանակության և ընդհանուր վիճակի բնականոնացմանը: Բ.ս. կիրառում են հիվանդանոցում, առողջարանաառողջավայրային և ամբուլատոր բուժման ժամանակ: Բ.սում լայնորեն կիրառվում են, այսպես կոչված, բեռնաթափման օրեր և օրվա ընթացքում սննդի այլ քանակ. սահմանափակումներ: Բեռնաթափման համար նշանակվում է որոշակի քանակությամբ 1 տեսակի մթերք (օրինակ՝ խնձոր, կաթնաշոռ, կաթ): Բեռնաթափման օրեր կարելի է անցկացնել միայն բժշկի նշանակմամբ: Նա պետք է որոշի սննդի բնույթը և սնման հաճախությունը: Սննդի քանակ. սահմանափակումը ջրի և կերակրի աղի քիչ օգտագործումով կիրառվում է ճարպակալման, գիրության, աթերոսկլերոզի, սիրտանոթային, հիպերտոնիկ հիվանդությունների և այլ դեպքերում: Սննդի քանակը կտրուկ կարելի է պակասեցնել միայն հիվանդանոցում, երբեմն նաև որոշ բուժհիմնարկներում՝ բժիշկ-մասնագետի հսկողությամբ: Խորհուրդ չի տրվում այն լայնորեն կիրառել բուժման, առավել ևս ինքնաբուժման նպատակով: Լրիվ քաղցած մնալը, հատկապես՝ բազմօրյա, խիստ վտանգավոր է: Այդ մեթոդը կիրառող մարդկանց մահվան դեպքեր են արձանագրվել: Մահվան պատճառ են եղել գաղտնի ընթացող շաքարախտը, սրտի հանկարծակի կանգը, քաղցից հետո սնունդը յուրացնելու օրգանիզմի անկարողությունը:
Նշված մեթոդը կարոդ է լուրջ վնաս հասցնել առողջությանը և առաջացնել էական, երբեմն լյարդի, գլխուղեղի անդառնալի փոփոխություններ: Բոլոր օրգանիզմները չեն, որ կարող են հաղթահարել այդ լուրջ փորձությունը: Քաղցով ինքնաբուժումը սննդի աղավաղման ամենավնասակար