Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/142

Այս էջը հաստատված է

Բուժ. մարմնամարզությունում կիրառվող՝ արտաքին շնչառության ֆունկցիան բարելավող շնչառ. վարժությունները բաժանվում են 2 խմբի՝ անշարժ (ստատիկ), որը կատարվում է առանց ձեռքերի և ուսագոտու մկանների շարժման, և շարժական (դինամիկ), երբ շնչառության փուլերը զուգակցվում են ձեռքերի, ուսագոտու և իրանի շարժումների հետ: Բուժ. մարմնամարզությունում կարևոր տեղ են գրավում ֆիզ. վարժությունները ջրում (լողավազան, լոգարան, բաց ջրամբար):

Վարժությունները ջրում հեշտանում են ջրային միջավայրի մեխ. և ջերմային ազդեցությամբ, որի հետևանքով շատ շարժումներ, որոնց կատարումը սովոր. միջավայրում դժվար է, ջրում կատարում են առանց հատուկ ջանքերի կամ ազատ՝ ջրում սեփական քաշի թեթևացման և ցավերի կամ մկաններում կծկանքային երևույթների մեղմացման հաշվին:

Բուժ. մարմնամարզության տարատեսակներից է շտկող մարմնամարզությունը, որը կատարվում է հենաշարժ. ապարատի որոշ արատների շտկման և դրանց նախն. ձևերի (կեցվածքի խախտումներ, ողնաշարի ծռումներ, տափակաթաթություն) բուժման նպատակով: Շտկող մարմնամարզությունը մեծ հաջողությամբ կիրառվում է օրգանիզմի աճման շրջանում, այսինքն՝ մանկ. և պատանեկան տարիքում: Ողնաշարի ձևախախտումների ժամանակ դրա նպատակը ողնաշարը շրջապատող մկանների ամրապնդումն է, այսինքն՝ հուսալի մկանային բնական սեղմիրանի ստեղծումը: Ողնաշարի ձևախախտումների ժամանակ շտկող վարժությունները նշանակվում են անպայման շնչառ. վարժությունների հետ զուգակցված:

Բուժիչ նպատակով կիրառում են հատուկ ընտրած և մեթոդապես մշակած ֆիզ. վարժությունները: Նշանակելով դրանք՝ բժիշկը հաշվի է առնում հիվանդության առանձնահատկությունները, համակարգերում և օրգաններում կատարված փոփոխությունների բնույթն ու աստիճանը, հիվանդության փուլը և Բ.ֆ-ին զուգահեռ անցկացրած բուժման վերաբերյալ տեղեկությունները, ֆիզ. պատրաստականությունը ևն: Ֆիզ. վարժությունների բուժ. ազդեցության հիմքում ընկած է խիստ չափավորված մարզումը, որը պետք է համարել հիվանդ և թուլացած մարդկանց ամբողջ օրգանիզմի, նրա առանձին համակարգերի և օրգանների խանգարված ֆունկցիաների վերականգնման և կատարելագործման նպատակաուղղված գործընթաց: Տարբերում են ընդհանուր մարզում, որի նպատակն օրգանիզմի ընդհանուր առողջացումն ու ամրապնդումն է, և հատուկ մարզում՝ ուղղված որոշակի համակարգերում և օրգաններում խանգարումների վերացմանը: Օրինակ՝ որովայնի մկանունքի ամրապնդման համար կիրառվում են վարժություններ՝ կանգնած, նստած և պառկած վիճակում: Բնականաբար, այդ դեպքում աշխատանքի մեջ են ընդգրկվում նաև այլ մկանախմբեր, սակայն հիմն. խնդիրը որովայնի մկանների և ամբողջ որովայնի մամլակի ամրապնդումն է:

ֆիզ. վարժությունների կանոնավոր կիրառման դեպքում օրգանիզմն ավելի լավ է հարմարվում աստիճանաբար աճող բեռնվածությանը, շտկվում են հիվանդության ընթացքում առաջացած խանգարումները:

Ֆիզ. վարժությունների և Բ.ֆ-ի այլ միջոցների բուժիչ ազդեցության հիմքը համարվում է նյարդային համակարգի վրա ազդեցությունը, որը հենց դրանով էլ կարգավորում է ախտահարված օրգանների և համակարգերի ֆունկցիաները, խթանում առողջացման և վերականգնման մեխանիզմները: Ֆիզ. վարժությունների ազդեցության կարևոր մեխանիզմ է նաև հիվանդի վրա ընդհանուր տոնուսավորող ներգործությունը: Դա նպաստում է խանգարված ֆունկցիաների բնականոնացմանը և կորցրածների վերականգնմանը, ազդում նյարդային համակարգի սնուցող. ֆունկցիաների վրա, ուժեղացնում բուժիչ այլ գործոնների (դեղորայքային, ֆիզիոթերապևտիկ, բալնեոլոգ. ևն) ազդեցությունը: Առողջացման ընթացքում որոշ բուժիչ մեթոդներ աստիճանաբար սահմանափակվում են կամ բացառվում, իսկ Բ.ֆ-ի տես. կշիռն աճում է:

Կարևոր է նաև մեկ այլ հանգամանք. զբաղվելով ֆիզ. վարժություններով՝ հիվանդն ինքն է գործուն կերպով մասնակցում բուժ. վերականգնող. գործընթացին, իսկ դա բարերար է ազդում հոգեհուզ. ոլորտի վրա: Պարապմունքներն ունեն նաև դաստիարակչ. նշանակություն, հիվանդը վարժվում է ֆիզ. վարժությունների պարբերաբար կատարմանը, այն դառնում է ամենօրյա սովորույթ, նույնիսկ առողջացումից հետո:

Միաժամանակ Բ.ֆ. դասվում է ուժեղ ազդող միջոցների շարքը, ուստի հարկավոր է դրանք խիստ չափավորել և կատարել բժշկի հսկողությամբ: Միայն հիվանդի վիճակը, նրա հիվանդության առանձնահատկություններն իմացող բժիշկը կարող է ճիշտ որոշել ֆիզ. բեռնվածության մեծությունն ու բնույթը: Երբեմն հիվանդները ինքնաբուժման ձևով հրապուրվում են առողջների համար հաշվարկված վազքով, մարմնամարզության, ֆիզկուլտուրայի և սպորտի այլ տեսակներով: Դա կարող է հանգեցնել աղետալի հետևանքների: Հարկավոր է հիշել, որ Բ.ֆ. բուժման մեթոդ է և, հետևաբար, կարելի է կիրառել խիստ անհատականորեն՝ բժշկի նշանակմամբ և հսկողությամբ:

Բուժ. մարմնամարզության պարապմունքները կարող են լինել անհատ., փոքր խմբերով (2-3 հիվանդ) և խմբային (8-10 հիվանդ): Տնային պայմաններում ինքնուրույն պարապմունքներ նշանակելիս հիվանդին տալիս են ինքնահսկման հատուկ ցուցումներ:

Յուրաքանչյուր պարապմունք կառուցվում է որոշակի պլանով և ընդգրկում է 3 բաժին. ներածական, հիմն. և եզրափակիչ: Բ.ֆ-ում մեծ նշանակություն է տրվում վարժությունների չափավորմանը, դրա համար որոշում են դրանց տևողությունը, ելման դրությունը, կրկնությունների թիվը, թափը, շարժումների ամպլիտուդը, բեռնվածության ու հանգստի նպատակահարմար հերթափոխությունը, հաշվի են առնում հիվանդի անհատ. առանձնահատկությունները, տարիքը:

Խաղային մեթոդը լայնորեն կիրառում են երեխաների հետ պարապելիս: Խաղերի ընդգրկումը բարձրացնում է հետաքրքրությունը Բ.ֆ-ի նկատմամբ, սակայն պահանջում է խիստ չափավորված բեռնվածություն: Սպորտի տարբեր (վոլեյբոլ, թենիս ևն) ձևերը Բ.ֆ-ում կիրառում են մեծ սահմանափակումներով, հատկապես առողջարանաառողջավայրային հիմնարկներում:

Բ.ֆ. արդյունավետ է երկարատև, կանոնավոր պարապմունքների դեպքում, երբ աստիճանաբար մեծացնում են բեռնվածությունը բուժման ողջ ընթացքում՝ հաշվի առնելով տարիքը, մասնագիտությունը, հիվանդի շարժող. ակտիվությունը, հիվանդության ընթացքի առանձնահատկությունները: Բ.ֆ-ի ցուցումները շատ լայնածավալ են: Այն օգտագործվում է վնասվածքների ժամանակ որպես ֆունկցիոնալ բուժման մեթոդ՝ վնասված ծայրանդամի ֆունկցիան խթանելու և վերքի լավացումն արագացնելու նպատակով, ողնաշարի կոտրվածքների, կռկվածության, ոսկրամկանային ապարատի և հոդերի հիվանդությունների ժամանակ (տես Հոդաբորբ, Ողնաշարաբորբ, Ողնաշարախտ):

Գործն. վիրաբուժությունում Բ.ֆ. նշանակում են վիրահատությունից հետո՝ հետվիրահատ. բարդությունների կանխարգելման և վիրահատ. վերքի լավացումն արագացնելու նպատակով: Պարապմունքները նպաստում են տուժած օրգանի և ողջ օրգանիզմի խանգարված ֆունկցիաների արագ վերականգնմանը: Ներքին հիվանդությունների կլինիկայում այդ մեթոդը լայնորեն