Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/144

Այս էջը հաստատված է
Գ

ԳԱԶԱՀԵՌԱՑՄԱՆ ԽՈՂՈՎԱԿ, կիրառվում է փորափքանքի ժամանակ՝ աղիքներում (հատկապես՝ երեխաների) կուտակված գազերը հեռացնելու նպատակով: Գ.խ. 1-ին անգամ օգտագործելուց առաջ հարկավոր է խորհրդակցել բժշկի հետ: Նախքան արարողությունը հարկավոր է ստուգել խողովակի անցանելիությունը՝ այն ջրով լվանալով: Գ.խ. հարկավոր է ախտահանել եռացնելով: Օգտագործելիս հիվանդին պառկեցնում են կողքի, ոտքերը ծալում ծնկներում: Խողովակի կլորացրած ծայրին քսում են վազելին և այն անցկացնում հետանցք, ապա դանդաղ ու զգուշորեն ուղղում դեպի աղիքի խորքը (երեխաներինը՝ 10 սմ, հասուն մարդկանցը՝ 20-30 սմ): Բարդություններից խուսափելու համար Գ.խ. պահում են 15-20 ր-ից ոչ ավելի:

ԳԱԶԱՓՈԽԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ, տես Շնչառություն:

ԳԱԼՎԱՆԱՑՈՒՄ, տես Էլեկտրաբուժություն:

ԳԱՂՏՆԱՄՈՐՁՈՒԹՅՈՒՆ, կրիպտօրխիզմ, սեռ. զարգացման բնածին արատ, բնորոշվում է 1 կամ 2 ամորձու թերզարգացմամբ և ամորձապարկ չիջնելով: Թաքնված ամորձու տեղադրությունից կախված՝ տարբերում են աճուկային և որովայնային Գ.: Սաղմի մոտ ամորձիների սկզբնավորումը և ձևավորումը տեղի են ունենում որովայնի հետին պատին, երիկամների կողքին: Պտղի աճմանը համապատասխան՝ ամորձիները ուղղիչ կապաններով տեղափոխվում են դեպի ցած և աճուկային խողովակով իջնում ամորձապարկ (նկ.): Երբեմն տեղի է ունենում ամորձու կասեցում որովայնի խոռոչում կամ աճուկային խողովակում, քանի որ ոչ ճիշտ իջնելու դեպքում, ամորձին, դուրս գալով աճուկային խողովակից, փոխում է իր ուղղությունը և տեղադրվում աճուկի, ազդրի, ցայլքի կամ շեքի մաշկի տակ:

Առանձին դեպքերում ամորձին ամորձապարկ ինքնուրույն իջնելն ուշանում է և ավարտվում միայն 10-13 տարեկանում: Երկկողմանի Գ. կարող է տղամարդկանց անպտղության պատճառ դառնալ:

Բոլոր դեպքերում պետք է դիմել բժշկի: Բուժումը վաղ մանկ. հասակում պահպանողական է, օգտագործում են ընդհանուր դիմադրողականությունը բարձրացնող միջոցներ ու բնական ամորձու ձևավորմանը և շրջակա հյուսվածքներից դրա տարբերակմանը նպաստող հատուկ պատրաստուկներ: Սակայն հաճախ դիմում են նաև վիրահատ. բուժման: Առավել նպատակահարմար է վիրահատել 7-10 տարեկանում: Անկախ տարիքից՝ վիրահատ. միջամտությունն անհրաժեշտ է տարբեր բարդությունների ժամանակ, մասնավորապես՝ չիջած ամորձու ոլորման և ճմլման դեպքում, որը կարող է ծագել ֆիզ. կտրուկ լարման (որովայնի մկանների հանկարծակի կծկում) ժամանակ, որովայնին հարվածելիս, վայր ընկնելիս, ցատկելիս: Որովայնի խոռոչում ամորձու կասեցման դեպքում կարող են առաջանալ ցավեր, որոնք հարկավոր է տարբերակել որովայնի օրգանների սուր հիվանդության (օրինակ՝ որդանման ելունի բորբոքում) հետ կապված ցավերից: Նման դեպքերում հարկավոր է նկատի ունենալ երեխայի մոտ Գ-յան առկայությունը:

ԳԱՂՏՆԻ ՇՐՋԱՆ, թաքնված շրջան, վարակիչ հիվանդություններով մարդու վարակվելու պահից մինչև հիվանդության ակնհայտ ախտանշանների ի հայտ գալը: Այդ ընթացքում մարդն արտաքնապես առողջ է երևում:

Գ.շ-ի տևողությունը տարբեր հիվանդությունների ժամանակ տարբեր է՝ մի քանի ժ-ից մինչև մի քանի ամիս և նույնիսկ տարի, բայց յուրաքանչյուր հիվանդության Գ.շ. ունի իր տևողությունը (օրինակ՝ որովայնային տիֆի Գ.շ. 3-25 օր է, գրիպինը՝ մի քանի ժ-ից մինչև 3 օր, կապույտ հազինը՝ 2-15 օր), որը պայմանավորված է մանրէների ախտածնության աստիճանով, հիվանդությանը դիմադրելու օրգանիզմի հնարավորություններով ևն:

Գ.շ-ի տևողությունից է կախված մինչ այդ վարակիչ հիվանդների հետ շփված անձանց մեկուսացման, ինչպես նաև այլ հակահամաճարակային միջոցառումների իրականացման համար սահմանված կարանտինի ժամկետը: Որոշ հիվանդությունների դեպքում մարդը կարող է վարակի աղբյուր լինել Գ.շ-ի վերջում, այսինքն մինչև հիվանդության ախտանշանների ի հայտ գալը, և վարակել շրջապատող մարդկանց, որն ունի կարևոր համաճարակային նշանակություն:

ԳԱՄՄԱ-ԳԼՈԲՈՒԼԻՆՆԵՐ, արյան շիճուկի սպիտակուցների բաղադրիչ մաս: Հիմնականում կիրառվում են վարակիչ հիվանդությունների կանխարգելման և բուժման համար: Պարունակում են պաշտպան. հակամարմիններ, որոնք ընդունակ են չեզոքացնել տարբեր միկրոօրգանիզմների ախտածին ազդեցությունը: Գ-գ-ի պատրաստուկները կոչվում են նաև իմունոգլոբուլիններ: Գ-գ. ոչնչացնող ազդեցություն են ունենում վիրուսների, բակտերիաների, սպիրոխետների, նախակենդանիների վրա, որով էլ որոշվում է դրանց կարևոր նշանակությունը մի շարք վարակիչ հիվանդությունների (հատկապես մանկ.) կանխարգելման և բուժման համար:

Գ-գ. օրգանիզմ ներարկելիս արհեստականորեն ստեղծվում է, այսպես կոչված, պասսիվ իմունիտետ:

Սովորաբար Գ-գ. ստացվում են որոշակի հիվանդությունով հիվանդացած մարդու կամ կենդանիների (առավել հաճախ՝ ձիերի) արյունից, որոնց հատուկ նպատակով ներարկում են համապատասխան վակցինաներ: Գ-գ. առաջանում են իմունացումից կամ հիվանդությունն սկսվելուց 2 շաբաթ անց (տես Կանխարգելիչ պատվաստումներ):

Կանխարգելման նպատակով Գ-գ. ներարկում են (միջմկանային) հիվանդների հետ շփում ունեցած անձանց, իսկ բուժման համար խորհուրդ է տրվում ներարկել հիվանդությունն սկսվելուց որքան հնարավոր է շուտ (ցանկալի է 1-ին 2 օրը): Որպես կանոն՝ դրանք կրճատում են տենդային շրջանի տևողությունը, թեթևացնում հիվանդության ընթացքը, նվազեցնում բարդությունները:

Ներկայումս Գ-գ. օգտագործվում են կատաղության, գրիպի, կարմրախտի, խոզուկի, գլխուղեղի բորբոքման (տզային), վիրուսային լյարդաբորբի, կարմրուկի, քութեշի, սիբիրյան խոցի, ստաֆիլոկոկային վարակների բուժման նպատակով,