Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/145

Այս էջը հաստատված է

ինչպես նաև նորածինների արյունատարրալուծական հիվանդության կանխարգելման համար:

ԳԱՆԳԱԳԼԽՈՒՂԵՂԱՅԻՆ ՎՆԱՍՎԱԾՔ, գանգի և դրա պարունակության (գլխուղեղ և թաղանթներ) մեխ. վնասումը: Լինում է փակ, որի դեպքում բացակայում են գլխուղեղի և դրա թաղանթների վարակման պայմանները, և բաց, որը հաճախ հանգեցնում է գլխուղեղի թաղանթների (ուղեղապատյանաբորբ) և գլխուղեղի (գլխուղեղի բորբոքում, թարախակույտ) բարդությունների առաջացմանը: Փակ վնասվածքի շարքն են դասվում Գ.վ-ների բոլոր տեսակները, որոնց դեպքում չի խանգարվում գլխի մաշկածածկույթի ամբողջականությունը: Բաց վնասվածքի հետ միաժամանակ վնասվում են գլխի մաշկածածկույթները և գանգի ոսկրերը: Եթե այն ուղեկցվում է կարծր ուղեղապատյանի ամբողջականության խանգարմամբ, անվանում են թափանցող, որի դեպքում հատկապես մեծ է գլխուղեղի վարակման վտանգը:

Գանգի վնասվածքները կարող են լինել ճաքերի, ծակոտկեն և ներխրված կոտրվածքների, գանգի հիմի կոտրվածքների (ականջի և քթի հավելյալ ծոցերի բացումով և առանց բացման) ձևով: Գանգի հիմի կոտրվածքի արտաքին ախտանշաններն են՝ աչքերի շուրջն ակնոցանման արյունազեղումները, քթից ու ականջներից արյունահոսությունը և ողնուղեղային հեղուկի հոսքը: Ինչպես փակ, այնպես էլ բաց վնասվածքների ժամանակ առաջանում են գլխուղեղի 3 տեսակի վնասումներ (ցնցում, սալջարդ, ճնշում)՝ յուրաքանչյուրն առանձին կամ տարբեր զուգորդումներով:

Գլխուղեղի ցնցումն առաջանում է հատկապես փակ վնասվածքի ժամանակ: Տուժում է գլխուղեղի ողջ զանգվածը, գլխուղեղի հյուսվածքների ամբողջականությունը չի խախտվում, սակայն ժամանակավորապես կորչում են գլխուղեղի բջիջների և դրա տարբեր բաժինների միջև փոխադարձ կապերը: Այդպիսի խզումը հանգեցնում է գլխուղեղի ֆունկցիաների խանգարման:

Գլխուղեղի ցնցումը սովորաբար դրսևորվում է գիտակցության տարբեր տևողության (մի քանի վրկ-ից մինչև մի քանի ր) կորստով: Անգիտակից վիճակից դուրս գալուց հետո նկատվում են գլխացավ, սրտխառնոց, երբեմն՝ փսխում: Հիվանդը համարյա միշտ չի հիշում վնասվածքին նախորդող և հենց վնասվածքի պահին կատարված դեպքերը՝ հետընթաց անհիշություն (ռետրոգրադ ամնեզիա): Բնորոշ են դեմքի գունատությունը կամ կարմրությունը, անոթազարկի հաճախացումը, ընդհանուր թուլությունը, գերքրտնոտությունը: Այդ բոլոր ախտանշաններն աստիճանաբար (1-2 շաբաթ անց) անհետանում են: Սակայն դա չի նշանակում, որ գլխուղեղի ցնցումն անցել է անհետ: Առանձին հիվանդների (հատկապես հանգստի խիստ ռեժիմը խախտողների) մոտ երկար ժամանակ նկատվում են ընդհանուր թուլություն, գլխացավեր, արյունատար համակարգի անկայունություն, հուզ. գրգռվածություն, աշխատունակության անկում:

Երկարատև (1-2 ժ-ից ավելի) անգիտակից վիճակը սովորաբար վկայում է սալջարդի կամ գլխուղեղի ճնշման մասին: Սակայն նման երևույթներ կարող են լինել նաև գիտակցության ոչ երկարատև կորստի դեպքում: Դա լինում է, երբ սալջարդի ժամանակ առաջանում է ուղեղանյութի կամ թաղանթների արյունատար անոթների պատռվածք, գոյանում է ներգանգային արյունազեղում, որն աստիճանաբար մեծանում է, և որոշ ժամանակ անց առաջանում է գլխուղեղի ճնշում:

Գլխուղեղի սալջարդ են համարում ուղեղանյութի բոլոր տեղային վնասումները՝ չնչինից (տուժած հատվածի մանր արյունազեղումներ և այտուց) մինչև ամենածանրը (գլխուղեղի հյուսվածքի պատռվածք և ջնջխվածք): Սալջարդը կարող է լինել գանգագլխուղեղային փակ և բաց վնասվածքների դեպքերում: Ցնցումի նման այն ընթանում է գիտակցության արագ կորստով, տևողությունը՝ մի քանի ր-ից մինչև մի քանի ժ, օր և նույնիսկ շաբաթ: Գլխուղեղի տեղային վնասման (այսպես կոչված, օջախային) ախտանշաններ են համարվում մարմնի՝ ախտահարման հատվածին հակառակ կողմի շարժողության և զգացողության խանգարումները, հաճախ՝ գլխուղեղի ձախ կիսագնդի սալջարդի դեպքում՝ խոսքի խանգարումները: Ծանր դեպքերում կարող են խանգարվել շնչառությունը և սրտի գործունեությունը:

Գլխուղեղի թեթև սալջարդի ժամանակ շարժողության, զգացողության և այլ խանգարումները սովորաբար լրիվ վերանում են 2-3 շաբաթվա ընթացքում: Առավել ծանր դեպքերում, որպես կանոն, մնում են կայուն հետևանքներ, լուծանքներ և կիսալուծանքներ, զգացողության, խոսքի խանգարումներ, երբեմն՝ էպիլեպսիայի նոպաներ:

Գլխուղեղի ճնշումը կարող է առաջանալ ներգանգային արյունազեղման, գանգոսկրերի կոտրվածքի, գլխուղեղի այտուցի ժամանակ:

Որպես կանոն՝ գանգոսկրերի կոտրվածքի ժամանակ գլխուղեղը միաժամանակ ենթարկվում է ճնշման և սալջարդի, իսկ այտուցն առաջանում է արագ՝ որպես գլխուղեղի հյուսվածքի տեղային ծանր վնասման հետևանք: Այլ կերպ է ընթանում գլխուղեղի ճնշումը՝ արյունային ուռուցքի առկայության դեպքում, արյան անոթի պատռվածքը (հատկապես գլխուղեղի թաղանթներում) կարող է տեղի ունենալ առանց գլխուղեղի հյուսվածքների կոպիտ վնասումների: Այդպիսի դեպքերում գիտակցության կարճատև կորստին հետևում է, այսպես կոչված, լուսավոր ընդմիջումը՝ գլխուղեղի թեթևակի սալջարդին բնորոշ ախտանշաններով, որոնք տևում են մի քանի ժ, երբեմն՝ նույնիսկ մի քանի օր:

Գլխուղեղի սկսվող ճնշման (խորացող արյունազեղմամբ) 1-ին ախտանշաններն են՝ գլխացավերի ուժեղացումը, հիվանդի անհանգիստ վիճակը կամ ընդհակառակը՝ քնկոտությունը: Աստիճանաբար առաջանում են նաև գլխուղեղի ճնշմանը բնորոշ օջախային խանգարումներ: Այնուհետև վրա են հասնում գիտակցության կորուստը, ինչպես նաև կյանքին վտանգ սպառնացող՝ սրտի գործունեության և շնչառության խանգարումները:

Գանգագլխուղեղային բաց վնասվածքներից, գանգի հիմի կոտրվածքներից բացի, որոնք ուղեկցվում են քթային կամ ականջային արյունահոսությամբ, ողնուղեղային հեղուկի արտահոսքով, առավել հաճախ հանդիպում են գլխի պատռված-սալջարդված վերքերը՝ գանգոսկրերի կոտրվածքներով: Հաճախակի են նաև կտրած, կտրատած, ծակած վերքերը: Խաղաղ ժամանակ բավականին հաճախ հանդիպում են ինքնաշեն զենքից առաջացած հրազենային վերքեր: Հատկապես վտանգավոր են գլխուղեղի կարծր թաղանթի և ուղեղանյութի վնասմամբ ընթացող վերքերը, որոնք միշտ ուղեկցվում են ներգանգային պարունակության առաջնային վարակումով:

Գանգագլխուղեղային բաց վնասվածքների կլինիկ. հիմն. դրսևորումներից է (բացի ընդհանուր ուղեղային ախտանշաններից՝ գիտակցության խանգարում, գլխացավ, սրտխառնոց, փսխում) նաև օջախային արտահայտված ախտանշանների առկայությունը, որոնց բնույթը որոշվում է գլխուղեղի վնասվածքի շրջանի ֆունկցիոնալ առանձնահատկություններով (լուծանքներ, կիսալուծանքներ, զգացողության, խոսքի խանգարումներ ևն):