Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/153

Այս էջը հաստատված է

և դիաստոլային (ցածր), երբ բարձրացել է թեթևակի, բնականոն է կամ նույնիսկ մի փոքր իջած: Այդպիսի զարկերակային Գ., որպես կանոն, չի պահանջում շտապ բուժիչ միջոցառումներ: Դրա բուժման ընթացքում (հատկապես՝ տարեցների) արյան սիստոլային ճնշումը չպետք է իջեցնել մինչև բնականոնի մակարդակը, քանի որ դա կարող է հանգեցնել աթերոսկլերոզի հետևանքով սեղմված անոթներով (1-ին հերթին գլխուղեղի և սրտի) արյան հոսքի կտրուկ վատացման: Դիաստոլային զարկերակային Գ. ընթանում է առավելապես դիաստոլային ճնշման բարձրացմամբ և, որպես կանոն, պահանջում է մշտ. բուժում:

ԳԵՐՃՆՇՈՒՍԱՅԻՆ ԹԹՎԱԾՆԱԲՈՒԺՈՒԹՅՈՒՆ, տես Ճնշաբուժություն հոդվածում:

ԳԵՐՎԻՏԱՄԻՆՈՒԹՅՈՒՆ, հիպերվիտամինոզ, վիտամինները սնուցման անհրաժեշտ և անփոխարինելի գործոն են: Դրանց անբավարարությունը նվազեցնում է օրգանիզմի պաշտպան. ուժերը, խախտում նյութափոխանակությունը և պատճառ դառնում ծանր հիվանդությունների (տես Վիտամինային անբավարարություն): Սակայն դա չի նշանակում, որ վիտամինները կարելի է օգտագործել անսահմանափակ քանակությամբ: Դրանց ընդունումը պետք է խստորեն համապատասխանի օրգանիզմի ֆիզիոլոգ. պահանջներին: Վիտամինների ավելցուկային օգտագործումը կարող է առաջացնել ծանր հիվանդություններ՝ գերվիտամինոզներ: Տարբերում են սուր և քրոնիկ. Գ.: Սուր ձևն առաջանում է վիտամինի բարձր չափաքանակի (սովորաբար՝ պատրաստուկի ձևով) միանվագ, իսկ քրոնիկ. ձևը՝ օրգանիզմի ֆիզիոլոգ. պահանջները գերազանցող չափաքանակի տևական ընդունումից: Որպես կանոն՝ հիվանդանում են վաղ տարիքի երեխաները, երբ ծնողներն առանց նախապես բժշկի հետ խորհրդակցելու երեխային տալիս են վիտամինային պատրաստուկներ կամ մեծացնում են բժշկի նշանակած դեղաչափը: Մեծահասակների Գ. սովորաբար պայմանավորված է որևէ վիտամինով հարուստ, մեծ քանակությամբ սննդամթերքի օգտագործումով: Հնարավոր է և անհատ. գերզգայնություն վիտամինների նկատմամբ, երբ Գ. առաջանում է նաև դրանց պատրաստուկների ոչ մեծ չափաքանակներից: Ավելի հաճախ նկատվում է D և A Գ.:

D Գ-յան սուր ձևով մեծահասակներն ավելի հաճախ հիվանդանում են նշված վիտամինի սպիրտային լուծույթի մեծ չափաքանակի ընդունումից: Գանգատներն ի հայտ են գալիս նույն օրը կամ 1-2 շաբաթվա ընթացքում: Նկատվում են խիստ թուլություն, ախորժակի անկում, սրտխառնոց, փսխում, փորկապություն, գլխացավ, մկանային ցավեր, ջերմաստիճանի և զարկերակային արյան ճնշման բարձրացում: Իսկ երեխաները սկզբում դառնում են անհանգիստ, քմահաճ, այնուհետև՝ դանդաղաշարժ, թույլ: Մաշկը գունատ է, նկատվում է ախորժակի անկում, լյարդը մեծանում է, առաջանում է կայուն փորկապություն, հազվադեպ՝ լուծ: Երեխան սկսում է շատ խմել և միզել: Հիվանդությունը խորանալիս առաջանում են հաճախակի փսխումներ, զարգացման կասեցում, մարմնի քաշի կորուստ, երբեմն զարկերակային արյան ճնշման բարձրացում: Ծանր դեպքերում շնչառությունը դժվարանում է, անոթազարկը թույլ է և դանդաղ, առաջանում են ջղաձգություններ, շրջապատի նկատմամբ հակազդեցությունը թուլանում է:

Քրոնիկ. D Գ-յան դեպքում բոլոր փոփոխություններն առաջանում են աստիճանաբար և ի հայտ են գալիս վիտամինի ընդունումից 1 ամիս անց: Վաղ և բնորոշ ախտանշան են ախորժակի անկումը, նիհարումը (երեխաների աճումը դանդաղում է): Առաջանում են սրտխառնոց, փսխում, փորկապություն, դյուրագրգռություն, ծարավի զգացում, հաճախակի միզարձակում, գունատություն, ջերմաստիճանի բարձրացում: Հիվանդի վիճակն աստիճանաբար վատանում է, կարող է նկատվել գրգռվածություն կամ թորշոմածություն, փորկապություն կամ լուծ, ախորժակի կտրուկ անկում, անհագ ծարավի զգացում:

A Գ. հիմնականում առաջանում է մեծ քանակությամբ ռետինոլ (վիտամին A) պարունակող սննդամթերք (լյարդ, խավիար, ձվի դեղնուց ևն) կամ մեծ չափաքանակի վիտամին A-ի պատրաստուկ օգտագործելիս: Սուր ձևի դեպքում 1-ին իսկ ժամերին առաջանում են ուժեղ գլխացավեր, գլխապտույտ, սրտխառնոց, փսխում: Կարող են նկատվել գիտակցության մթագնում կամ կորուստ, ջղաձգություններ: Հաջորդ օրն ի հայտ է գալիս ցան, ապա մաշկի թեփոտում (սկսվում է դեմքից): Հաճախ նկատվում են ոսկրային և մկանային ցավեր: Ոչ ծանր դեպքերում, մի քանի օրից հետո, բոլոր նշված երևույթներն անհետանում են: Երեխաների օրգանիզմում A Գ-յան սուր ձևն առաջանում է վիտամինի պատրաստուկի մեծ չափաքանակների ընդունումից: Երեխան դառնում է անհանգիստ, դյուրագրգիռ, հազվադեպ՝ թորշոմած, քնկոտ, դանդաղաշարժ, զգալիորեն խանգարվում է քունը: Կարող են առաջանալ սրտխառնոց, փսխում, ջերմաստիճանի բարձրացում՝ մինչև 39° C: Շնչառությունը դժվարանում է, մաշկի վրա հայտնվում են կարմիր բծեր, փոքր արյունազեղումներ: Բնորոշ են կրծքի երեխաների մեծ գաղտունի (աղբյուրակի) ուռածությունը, միզարտադրության նվազումը: Թեթև դեպքերում, 1-2 օր հետո, բոլոր ախտանշաններն անհետանում են: Քրոնիկ. A Գ. առաջանում է աստիճանաբար, վիտամինի ընդունումից հետո 1-12 ամիսների ընթացքում: Ընդ որում մեծահասակների մոտ նկատվում են անհանգիստ վիճակ, դյուրագրգռելիություն, աշխատունակության նվազում, ախորժակի անկում, քնի խանգարում, աչքերի երկտեսություն, ոսկրերում ջարդվածության զգացում, հաճախակի միզարձակում, մազերի չորություն և մազաթափում, բերանաբորբ, քրտնոտություն, քթային արյունահոսություն: Երեխաներն առավել հաճախ են հիվանդանում A Գ-ով: Նրանց մարմնի քաշը չի ավելանում, վատանում է ախորժակը, դառնում են դյուրագրգիռ, վատ են քնում: Մաշկային ծածկույթները չորանում են և թեփոտվում, առաջանում է քոր: Մազերը դառնում են բարակ, բեկուն, չոր, սկսում են թափվել: Լնդերի և շրթունքների լորձաթաղանթները բորբոքվում են, ճաքճքում և արյունահոսում: Նկատվում են ոտքերի ցավեր, ապա՝ այտուցներ, խանգարվում է քայլվածքը, երբեմն գանգի ոսկրերը փափկում են:

Բուժումը նշանակում է բժիշկը: Գ-յան 1-ին իսկ ախտանշանների վեպքում պետք է դադարեցնել վիտամինային պատրաստուկի ընդունումը, ինչպես նաև համապատասխան վիտամիններ պարունակող սննդամթերքի օգտագործումը (տես Սնուցում, աղյուսակը):

Կանխարգելումը. անհրաժեշտ է զգուշորեն օգտագործել անծանոթ սննդամթերքները, վիտամինների սպիրտային լուծույթները: Երեխային վիտամինային պատրաստուկներ տալիս խստորեն պահպանել բժշկի հանձնարարականները: Հեղուկ վիտամինային պատրաստուկների չափաքանակը ստույգ հաշվելու համար օգտագործել «աչքի» հատուկ կաթոցիկ: Առանց բժշկի հետ խորհրդակցելու երեխային չտալ շատ վիտամիններ պարունակող պատրաստուկներ, և դրանք պահել երեխաներին ոչ մատչելի տեղերում:

ԳԻԳԱՆՏԻԶՄ, տես Հսկայություն:

ԳԻՊՍԱԿԱՊ, տես Կոտրվածքներ հոդվածում:

ԳԻՏԱԿՑՈՒԹՅՈՒՆ, օբյեկտիվ իրականության արտացոլման և շրջակա միջավայրի