Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/156

Այս էջը հաստատված է

թույլ է արտահայտված, անհանգստացնում է քորը, աստիճանաբար մազերը չորանում են, փշրվում և սկսում թափվել: Գ.թ-ման պատճառ կարող են լինել վիտամինների (A, B խմբի) անբավարարությունը, ստամոքսաղիքային, նյարդային համակարգերի գործունեության խանգարումները, մազերի ոչ ճիշտ խնամքը, որի հետևանքով գլխի մաշկը չորանում է: Ենթադրվում է նաև, որ Գ.թ. կարող է վարակիչ լինել: Եթե Գ.թ. առաջանում է ուժեղ ճարպազատման հետևանքով (տես Ճարպահոսություն), ապա թեփուկները ներծծվում են ճարպագեղձերի արտազատուկով, շերտավորվում են, դառնում դեղնավուն, իսկ մազերն արագ կեղտոտվում են և կպչում միմյանց:

Գ.թ-ման ժամանակ խորհուրդ է տրվում վիտամիններով հարուստ սնունդ, կանոնավոր քուն, լիարժեք հանգիստ, համապատասխան խնամք (հատուկ շամպուններ)՝ կախված մազերի բնույթից: Արտահայտված թեփոտման, խոշոր թեփերի, գլխի մաշկի բորբոքային ախտանշանների, մազերի փշրվելու դեպքերում, որոնք կարող են լինել լուրջ հիվանդությունների (օրինակ՝ միկրոսպորիա, տրիխոֆիտիա, էկզեմա) ախտանշաններ, անհրաժեշտ է շտապ դիմել բժշկի:

ԳԼԽՈՒՂԵՂ, կենտր. նյարդային համակարգի առջևի բաժինը՝ տեղակայված գանգի խոռոչում (նկ. 1-3): Գ. բարձրագույն նյարդային գործունեության նյութ. հիմքն է՝ օրգանիզմի կենսական բոլոր ֆունկցիաների գլխ. կարգավորիչը: Կազմված է ծայրային ուղեղից (մեծ կիսագնդեր), միջանկյալ ուղեղից, որի մեջ մտնում են տեսաթմբերը (թալամուս), ենթատեսաթումբը (հիպոթալամուս), հետտեսաթումբը (մետաթալամուս), մակտեսաթումբը (էպիթալամուս), միջին ուղեղից (ուղեղի կոթոններ և քառաբլուրներ), հետին ուղեղից (ուղեղիկ, կամուրջ) և երկարավուն ուղեղից: Ողնուղեղի և միջանկյալ ուղեղի միջև գտնվող բոլոր բաժինները կազմում են ուղեղի բունը, որով անցնում են առբերիչ (կենտրոնաձիգ, զգացող) և արտատար (կենտրոնախույս, շարժիչ) նյարդաթելերը: Ուղեղի բունը պարունակում է յուրահատուկ առբերիչ նյարդային բջիջների խմբեր, որոնք ընկալում են գլխի շրջանում գտնվող մաշկային և մկանային ընկալիչներից, ինչպես նաև զգայական այլ օրգաններից (լսողության, հավասարակշռության, համի) եկող ինֆորմացիան: Ուղեղի բնում են գտնվում ցանցանման կամ ռեթիկուլյար գոյացությունը և օրգանիզմում կենսական կարևոր ֆունկցիաները (շնչառություն, արյան շրջանառություն, մարսողություն ևն) ղեկավարող մի շարք նյարդային կենտրոններ: Հասուն մարդու Գ-ի քաշը 1200-1400 գ է՝ մարմնի քաշի 1/40 մասը, նորածնինը՝ 350 գ՝ 1/8-1/10 մասը: Այն վերջն. մեծության է հասնում 20 տարեկանում: Այդ ընթացքում Գ-ի քաշը մեծանում է 3,5-4, իսկ մարմնի ընդհանուր քաշը՝ 20 անգամ:

Գ. աճում է հիմնականում նյարդային թելերի միելինացման (այսինքն՝ թելիկները ծածկվում են միելինային թաղանթով և հաստանում), ինչպես նաև նյարդային բջիջների չափերի մեծացման հաշվին (ծնվելիս Գ. պարունակում է 10 մլրդ. նյարդային բջիջներ): Ծերանալիս Գ-ի (ինչպես նաև այլ օրգանների) քաշը մասամբ փոքրանում է:

Գ-ի ցողունը ողնուղեղի շարունակությունն է դեպի գանգի խոռոչ և իր կառուցվածքով պահպանում է դրան բնորոշ գծերը: Ցողունից դուրս են գալիս գանգագլխուղեղային նյարդերի արմատիկները: Գ-ի ցողունում կան գանգագլխուղեղային նյարդերի զգացող կորիզներ, որոնք ազդանշաններ են ընդունում դեմքի մաշկի, քթի, բերանի և կոկորդի լորձաթաղանթների, համային, լսող., անդաստակային ընկալիչներից, ինչպես նաև դեմքի մաշկը, լեզուն, բերանը, կոկորդը նյարդավորող շարժող. կորիզներ: Գ-ի ցողունով անցնում են վերել և վայրէջ հաղորդիչ ուղիներ: Նրա մեջ տեղադրված նյարդային գոյացությունները իրականացնում են ողնուղեղի հատվածների գործունեության հսկողությունը և նրանց միավորում որպես միասնական կատարող. օրգան: Դրանցից են ցանցանման գոյացությունը, որը մեծ ազդեցություն ունի ոչ միայն ողնուղեղի, այլև Գ-ի գործունեության վրա, շնչառ. և անոթաշարժ ցողունային կենտրոնը, որն ապահովում է աչքի և գլխի համագործակցված շարժումները, գլխի դիրքից կախված՝ իրանի և վերջույթների դիրքը կարգավորող կենտրոնը, լսող. և տեսող. հանկարծակի անսպասելի գրգիռներն ավտոմատ հակազդեցությամբ կարգավորող կենտրոնը ևն:

Գ-ի ցողունում տարբերում են՝ երկարավուն ուղեղ, որը սահմանակից է ողնուղեղին, Գ-ի կամուրջ և միջին ուղեղ: Երկարավուն ուղեղը պարունակում է լեզվաըմպանային, թափառող, հավելյալ և ենթալեզվային նյարդերի շարժիչ, զգացող և վեգետատիվ կորիզներ, ինչպես նաև հաղորդիչ ուղիներ (վայրէջ և վերել): Երկարավուն ուղեղի հետին մասում, գանգի ծոծրակային մեծ անցքի մոտ, տեղադրված են կենսական կարևոր՝ շնչառ. և անոթաշարժ կենտրոնները, ուստի այդ բաժնի ախտահարումը կարող է հանգեցնել շնչառության և սրտի գործունեության կանգի: Գ-ի կամրջում՝ երկարավուն և միջին ուղեղների արանքում, տեղադրված են եռվորյակ, ակնազատիչ, դիմային, անդաստակախխունջային նյարդերի կորիզները: Գ-ի կամրջի կարևորագույն ֆունկցիաներից մեկը տարբեր հաղորդիչ համակարգերի միջև ինֆորմացիայի փոխանակումն ապահովելն է: Հաղորդիչ ուղիների միջև ինֆորմացիայի փոխանակման գործում կարևոր դեր է խաղում կամրջի ցանցանման գոյացությունը:

Գ-ի կամուրջը առաջային բաժնում վերածվում է միջին ուղեղի, որի կազմի մեջ են մտնում Գ-ի ոտիկները (դրանցով անցնում են հիմն. վայրէջ հաղորդիչ ուղիները) և քառաբլուրը: Քառաբլրի վերին 2 բլուրներում են տեսող. կենտրոնի առաջային