Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/159

Այս էջը հաստատված է

ուղղվում է դեպի գլխուղեղ՝ պատասխանի ծրագիրը մշակելու համար: Գլխուղեղի մեծ կիսագնդերի կեղև են ընդունվում առավել էական ու կարևոր ազդանշանները, պատասխանը մասնակիորեն մշակվում է կենտր. նյարդային համակարգի ցածրադիր օղակներում, ողնուղեղի հատվածային կենտրոններում, Գ-ի ցողունում, միջանկյալ ուղեղում և ենթակեղևային հիմային կորիզներում: Զգացողության, տեսողության, լսողության և այլ ընկալիչներից ազդանշանները, մոտենալով Գ-ի մեծ կիսագնդերի կեղևին, բաշխվում են համապատասխան մասնագիտացված կենտրոններին՝ վերլուծիչներին: Զգացողության ազդանշանները պրոյեկցվում են գագաթային բիլթ, տեսողությունը՝ ծոծրակային, լսողությունը և հոտառությունը՝ քունքային բլթեր, համինը՝ կղզյակներ: Տարբեր վերլուծիչներ մշակում են իրենց յուրահատուկ ինֆորմացիան մարմնի վիճակի մասին: 1 վերլուծիչի «վնասման» դեպքում մյուսները փոխհատուցում են դրա անբավարարությունը և կեղևի պատասխան ռեֆլեքսային գործունեությունը չի խանգարվում, այլ մնում է օրգանիզմի արտաքին և ներքին միաջավայրերի վիճակին համապատասխան: Ընդունված ինֆորմացիայի ընկալումից բացի, մեծ կիսագնդերի կեղևն իրականացնում է դրա «ճանաչումը», այսինքն՝ համեմատումը հիշողության մեջ պահպանված նկարագրի (հոտառ., տեսող., լսող., ևն) ձևով:

Տարածության մեջ մարմնի շարժումները կամ նրա առանձին մասերի դիրքի փոփոխությունները ինֆորմացիայի հանդեպ օրգանիզմի կարևոր հակազդեցություններից են, որոնք արտաքին միջավայրից ընդունվում են մեծ կիսագնդերի կեղևի վերլուծիչների միջոցով: Շարժումների կազմակերպմանը գործնականորեն մասնակցում են կենտր. և ծայրամասային նյարդային համակարգի բոլոր բաժինները, սակայն առաջատար դերը պատկանում է կեղևին: Ճակատային բլթում տեղադրված է պրոյեկցիոն շարժիչ կենտրոնը, որի նյարդաբջիջներն իրար մեջ բաշխում են մարմնի հակառակ կողմի բոլոր մկանների նյարդավորումը (գլխուղեղի կիսագնդերը ողնաշարի հետ կապող հաղորդիչ ուղիները խաչվում են՝ մի կողմից մյուսն անցնելով): Կեղևի շարժիչ կենտրոնի նեյրոնները (կեղևային նեյրոններ) նյարդավորում են մկանները՝ ողնաշարի հատվածային բջիջների և Գ-ի ցողունի գանգագլխուղեղային նյարդերի կորիզների շարժիչ բջիջների միջոցով: Պատահական չէ, որ շարժող. կեղևային կենտրոնը համեմատում են դաշնամուրի ստեղների հետ. յուրաքանչյուր ստեղն (կեղևային նեյրոն) մրճիկների համակարգի (ողնուղեղի հատվածների առաջային եղջյուրների շարժիչ բջիջներ) միջոցով «միացնում է» որոշակի լար (մկանաթելեր): Մարդու շարժումներն ավտոմատացված են, այսինքն գիտակցությունը չի գրանցում շարժման մանրամասերը, մենք չգիտենք, թե ո՞ր մկանախմբերի օգնությամբ ենք բարձրացնում ձեռքը, շրջում գլուխը, քայլում: Դա հնարավոր է շնորհիվ մեծ կիսագնդերի կեղևում պրոյեկցիոն կենտրոնի հետ մեկտեղ գոյություն ունեցող ծրագրավորող շարժիչ կենտրոնի կամ համակարգված շարժման (պրաքսիա) կենտրոնի, որը, միջավայրի պայմաններից կախված, ծրագրավորում է շարժող. ավտոմատիզմի «շղթայիկները» կամ «կառուցվածքները»:


Ի տարբերություն ստորակարգ կենդանիների, որոնք իրենց ավտոմատիզմն ունեն ծննդյան օրից, մարդը դրանք «մշակում է» կյանքի ընթացքում և հատկապես՝ մանկ. տարիքում: Ավտոմատիզմի մշակումը բարդ և երկարատև գործընթաց է. այն իրականացվում է հիմային բջիջների, կարմիր կորիզի, միջին ուղեղի սև նյութի, ուղեղիկի ակտիվ մասնակցությամբ: Մշակված շարժիչ ավտոմատիզմների պատկերները պահպանվում են կեղևի համապատասխան կենտրոնների հիշողության մեջ: Համակարգված շարժման այդ «պահեստային հիշողության» շնորհիվ կենտրոններն ընտրում են կոնկրետ պայմաններին համապատասխան լավագույն համախումբը: Շարժման ընտրված ծրագիրն իրականացվում է պրոյեկցիոն շարժող. կենտրոնի «ստեղններով»: Շարժման ծրագրի ճշտության իրագործմանը հետևում են տարբեր վերլուծիչների համակարգեր, մասնավորապես՝ խորը զգացողության, տեսողության, անդաստակային ապարատի վերլուծիչները: Շարժողության նույնիսկ իդեալական պլանավորված ծրագիրը չի կարող կանխատեսել օրգանիզմի արտաքին և ներքին միջավայրերի արագ փոփոխվող պայմանները: Դրա համար շարժող. գործունեությանը մասնակցում է նաև մեկ այլ համակարգ՝ ուղեղիկը, որը շտկում է խանգարված շարժողությունը: Այն շարժումների համաձայնեցման օրգան է, որի գործունեության շնորհիվ պահպանվում է մարմնի ծանրության կենտրոնի կայուն դիրքը հանգստի և քայլքի ժամանակ, ինչպես նաև վերին ու ստորին վերջույթների նպատակաուղղված շարժումները (օրինակ՝ ձեռքը որևէ առարկայի մեկնելիս ճիշտ նպատակին հասցնելը):

Մարդու բարձրագույն նյարդային գործունեության կարևորագույն և յուրահատուկ ձևը խոսքի ձևավորումն է: Խոսքի կեղևային կենտրոնները գտնվում են ճակատային և քունքային բլթերում, այսպես կոչված, դոմինանտ կիսագնդում, աջլիկների համար դա ձախ կիսագունդն է (աջ ձեռքը աջլիկների համար առաջատար է և կարևոր դեր է կատարում գրավոր խոսքի համար): Այսպիսով՝ Գ-ի մեծ կիսագընդերը, որոնք հիմնականում իրար մեջ հավասար բաժանում են մարմնի 2 կեսերի կառավարումը, ունեն «ֆունկցիոնալ անհամաչափություն». ձախն ապահովում է խոսքային գործունեության կարգավորումը, բանավոր, գրավոր խոսքի, հաշվի, տրամաբան. մտածողության ֆունկցիան, իսկ աջ կիսագունդը մասնակցում է տեսող., երաժշտ. պատկերների, առարկաների ձևի ու կառուցվածքի ճանաչմանն ու վերլուծմանը, տարածության մեջ գիտակցական կողմնորոշմանը: Մարդու վարքագծային յուրաքանչյուր ակտում կենտր. նյարդային համակարգը, ողնուղեղից մինչև Գ-ի մեծ կիսագնդերի կեղև՝ դրանց կողմից կառավարվող օրգանների հետ միասին, աշխատում է որպես ամբողջություն՝ կազմելով ֆունկցիոնալ համակարգ: Ցանկացած վարքագծային հակազդեցությանը նախորդում է նախապատրաստ. մեծ աշխատանք՝ կախված օրգանիզմի պահանջներից, որոնք պայմանավորված են օրգանիզմի արտաքին և ներքին միջավայրերի փոփոխություններով: Կենտր. նյարդային համակարգի կարևոր ֆունկցիան օրգանիզմի ներքին միջավայրի հարաբեր. կայունության (հոմեոստազ) պահպանումն է, որն ապահովվում է երկարավուն, միջին և միջանկյալ ուղեղի հատուկ կենտրոններով: Կարգավորման շատ խնդիրներ այդ կենտրոնները կարող են որոշել ինքնուրույն՝ տնօրինելով օրգանիզմի ներքին պաշարները: Սակայն վերջիններս անսպառ չեն: Օրինակ՝ ջերմակարգավորման ֆիզիոլոգ. հնարավորություններն սպառելով՝ շոգ օրերին մենք միացնում ենք օդափոխիչը, իսկ ցուրտ օրերին՝ մուշտակ հագնում: Դա արդեն վարքագծային հակազդեցություն է:

Հետազոտության մեթոդները կիրառվում են Գ-ի կառուցվածքի և ֆունկցիաների խանգարումներն ի հայտ բերելու նպատակով: Կարևոր նշանակություն ունի հիվանդի հետազոտությունը բժիշկ-նյարդախտաբանի կողմից: Այդ խանգարումների ախտանշանների վերլուծության մշակման մեթոդները հնարավորություն են տալիս բավականին ճշգրտորեն որոշել վնասման կամ ֆունկցիոնալ տեղաշարժերի տեղադրությունը: Այդ մեթոդների