Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/165

Այս էջը հաստատված է

Գ-ի վիրուսները պարբերաբար ձեռք են բերում նոր հատկություններ և հաղթահարում այդ իմունիտետը: Գ. տարածվելով կարող է վերածվել համաճարակի և ընդգրկել մի խումբ երկրներ կամ մայրցամաքներ: Մարդու օրգանիզմում վիրուսները բազմանում են և դրանք մահանալիս առաջանում են թունավոր նյութեր (էնդոտոքսին):

Հարուցիչն օրգանիզմ ընկնելուց հետո 1-3 օր (երբեմն՝ մի քանի ժ) հիվանդության որևէ ախտանշան չի առաջացնում (տես Գաղտնի շրջան): Հիվանդների մի մասի մոտ նկատվում են, այսպես կոչված, հիվանդության նախանշաններ. թեթևակի թուլություն, դող, ջարդվածության զգացում հոդերում, մկանացավեր, ջերմաստիճանի բարձրացում՝ 37,1-37,2°C: Առավել հաճախ հիվանդությունն սկսվում է հանկարծակի, ջերմաստիճանն արագ բարձրանում է մինչև 38-39°C (երբեմն՝ ավելի բարձր), նկատվում են գլխապտույտ, գլխացավ (առավելապես ճակատի, քունքի, վերհոնքային աղեղի շրջանում), ջարդվածության զգացում, մկանացավեր և հոդացավեր, ընդհանուր թուլություն, կարող է լինել սրտխառնոց, փսխում: Ջերմաստիճանի բարձրացումն ուղեկցվում է դեմքի կարմրությամբ, ցավի զգացողությամբ՝ աչքերը շարժելիս:

Հաճախ հիվանդության հենց 1-ին ժամերին կամ հաջորդ օրը առաջանում են լորձենաբորբի երևույթներ (քթի լցվածություն, թեթևակի հարբուխ, կոկորդի քերծում, չոր հազ, ցավ՝ կլման ժամանակ), կարող են նկատվել արցունքահոսություն, լուսավախություն: Եթե նույնիսկ բարդություններ չեն առաջանում, բարձր ջերմաստիճանը պահպանվում է 24 օր: Լորձենաբորբի երևույթներն աստիճանաբար անհետանում են, սակայն թուլությունն ու հոգնածությունը կարող են երկար պահպանվել:

Գ. կարող է ընթանալ նաև թեթև կամ ջնջված ձևով և արտահայտվել միայն ինքնազգացողության չնչին վատացմամբ, լորձենաբորբի երևույթներով: Այնուամենայնիվ, նման դեպքերում տեղի է ունենում շնչառ. ուղիների վիրուսային տարածուն ախտահարում, իսկ անկողնային ռեժիմը և բժշկի հանձնարարականները չպահպանելիս կարող են առաջանալ թոքերի, քթի հավելյալ ծոցերի, միջին ականջի բորբոքումներ, սրտի ախտահարում և այլ բարդություններ: Հոսպիտալացման հարցը որոշում է բժիշկը:

Տնային պայմաններում բուժելիս, վարակի տարածումը կանխելու նպատակով, հիվանդին մեկուսացնում են առանձին սենյակում կամ առանձնացնում վարագույրով, սավանով: Հիվանդը խոսելիս, հազալիս, փռշտալիս պետք է ծածկի բերանը, քիթը: Բարձր ջերմաստիճանի ընթացքում անհրաժեշտ է խստորեն պահպանել անկողնային ռեժիմ: Ջերմաստիճանի բարձրացման և դողի ժամանակ հիվանդին փաթաթում են, ոտքերին դնում տաք (40°C) ջեռակ, տալիս տաք թեյ՝ կիտրոնով, կամ սուրճ: Բնակարանի ջերմաստիճանը պետք է լինի 18-20°C և հաճախ օդափոխվի, անկողնու սպիտակեղենը փոխվի ամեն օր, իսկ ներքնաշորը՝ օրը մի քանի անգամ: Խորհուրդ է տրվում վիտամիններով (C և A) հարստացված առատ տաք ըմպելիք (մասուրի թուրմ, գազարի և այլ բանջարեղենի ու մրգերի հյութեր, օշարակ, կիտրոնով և ազնվամորիով թեյ): Ախորժակի բացակայության դեպքում նախընտրելի է հաճախակի կերակրել՝ օրը 6-7 անգամ: Սնունդը պետք է պարունակի դյուրամարս և սպիտակուցներով հարուստ ճաշատեսակներ (արգանակ, մսի և ձկան շոգեխաշած կոտլետներ, կաթնաշոռ ևն): Ուտելուց հետո բերանը հարկավոր է ողողել կերակրի սոդայի թույլ լուծույթով (1/4 թեյի գդալ՝ 1 բաժակ ջրին), ատամները մաքրել օրը 2 անգամ: Քթից կեղևիկները հեռացնել վազելինային յուղով թրջած բամբակի խծուծով: Հիվանդի համար առանձնացնել ամանեղեն և 5 ր եռացնել կերակրի սոդայի 1%-անոց լուծույթում (2 թեյի գդալ՝ 1 լ ջրին): Հիվանդի օգտագործած սպիտակեղենը, թաշկինակները, սրբիչները ևն եռացնել ցանկացած լվացամիջոցի լուծույթում: Հատակը և սենյակի իրերը, որտեղ գտնվում է հիվանդը, մաքրել խոնավ լաթով, լաքապատ կահույքը՝ հատուկ հեղուկներով:

Բուժումը նշանակում է բժիշկը: Գ-ի համաճարակի ժամանակ արգելված է այցը հիվանդանոցներ և պրոֆիլակտորիումներ, ջերմող հիվանդների համար առանձնացնում են մեկուսացված սենյակներ՝ առանձին մուտք ու ելքով: Օրգանիզմի կոփումը, ֆիզկուլտուրայով և սպորտով զբաղվելը, քթի հավելյալ ծոցերի հիվանդությունների ժամանակին բուժումը իջեցնում են Գ-ով հիվանդանալու հավանականությունը: Առանձնահատուկ կանխարգելման համար առողջապահության մարմինների ցուցումներով կիրառում են հակագրիպային վակցինաներ: Վակցինայի ներարկումը ոչ միշտ է կանխում Գ-ով հիվանդացությունը, սակայն հիվանդությունն ընթանում է բավականին թեթև:

ԳՈՒՆԱՅԻՆ ՏԵՍՈՂՈՒԹՅՈՒՆ, գունազգացողություն, գունատարբերում, շրջակա միջավայրի գունային բազմազանությունն ընկալելու մարդու ունակություն: Իրականանում է աչքի ցանցաթաղանթի հատուկ բջիջների՝ շշիկների օգնությամբ, որոնք պարունակում են 3 տեսակի գունաընկալման տարրեր, որոնցից յուրաքանչյուրն ընկալում է 3 հիմն. գույներից (կարմիր, կանաչ, մանուշակագույն) մեկը: Մնացած գույներն ու երանգներն ստացվում են այդ գույների խառնումից: Գունազգացողության (տես Տեսողություն) գործընթացում դա տեղի է ունենում շնորհիվ այն բանի, որ լուսային ճառագայթման սպեկտրի տեսանելի մասը կազմված է տարբեր երկարության ալիքներից: Երկարալիք ճառագայթումը ներգործում է կարմիր գույնն ընկալող