Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/166

Այս էջը հաստատված է

տարրի, միջին ալիքը՝ կանաչի և կարճ ալիքը՝ մանուշակագույնի վրա: Ըստ ներգործության ինտենսիվության՝ տարբերում են մաքուր գույների հետևյալ երանգները երկար ալիքի դեպքում՝ ծիրանագույնից նարնջագույն, միջին ալիքինը՝ զմրուխտականաչից դեղին, կարճ ալիքինը՝ երկնագույնից մանուշակագույն: Տարբեր երկարության ալիքների ճառագայթում պարունակող լուսային հոսքն առաջացնում է գունաընկալման 3 տարրերի՝ ըստ ինտենսիվության ոչ միանման դրդում, որի շնորհիվ գլխուղեղի կեղևի տեսող. կենտրոններում ձևավորվում է լիարժեք գունային պատկեր:

Գ. տ-յան խանգարումները կարող են առաջանալ տեսող. կամ կենտր. նյարդային համակարգերի ֆունկցիաների բնածին կամ ձեռքբերովի խանգարումների հետևանքով: Բնածին խանգարումը կոչվում է դալթոնիզմ (անգլ. գիտնական Ջ. Դալթոնի անունով, որն 1-ինն է նկարագրել այդ երևույթը): Հիվանդանում են առավելապես տղամարդիկ, որն արտահայտվում է կարմիր ու կանաչ գույների նկատմամբ զգայնության իջեցմամբ կամ բացակայությամբ, որի հետևանքով առաջանում է շրջապատող աշխարհի գունապատկերի աղավաղված ընկալում (նկ. 1 և 2): Մանուշակագույնի նկատմամբ զգայնության նվազումը հազվադեպ է հանդիպում: Դալթոնիզմը փոխանցվում է ժառանգաբար՝ հորից, աղջկա միջոցով՝ թոռանը: Ընդ որում՝ աղջիկը չի տառապում այդ արատով, այլ հանդես է գալիս որպես մուտանտ գենի կրող, որը նրա որդու Գ. տ-յան խանգարման պատճառ է դառնում: Գ. տ-յան լրիվ բացակայությունը կոչվում է գունակուրություն (մոնոխրոմազիա), որի դեպքում շրջապատի առարկաներն ընկալվում են սև-սպիտակ երանգներով: Գունազգացողության ձեռքբերովի խանգարումներն առաջանում են տեսող. և կենտր. նյարդային համակարգերի հիվանդությունների դեպքերում և հաճախ բնութագրվում են 3 հիմն. գույների ընկալման նվազումով կամ բացակայությամբ: Յուրաքանչյուր գույնի ընկալման նկատմամբ զգայնության նվազման աստիճանը կարող է նույնը չլինել:

Գ. տ-յան ձեռքբերովի խանգարումներ առաջացնող հիվանդությունների ժամանակին բուժումը շատ դեպքերում հնարավորություն է տալիս վերականգնել ճիշտ գունազգացողությունը: Իսկ բնածին խանգարումների բուժման եղանակներ դեռևս չկան, սակայն դալթոնիզմով տառապող մարդկանց օրգանիզմում աստիճանաբար առաջանում է գույներն ըստ պայծառության աստիճանի տարբերելու ունակություն, որի ընթացքում կարևոր նշանակություն ունի կյանքի փորձը, առարկայի իսկական գույնը իմանալը: Ուստի, հաճախ դալթոնիզմով տառապող մարդիկ իրենց արատի մասին 1-ին անգամ տեղեկանում են ակնաբույժի հետազոտությունից հետո:

Գ. տ-յան խանգարումով անձանց չի թույլատրվում վարել փոխադրամիջոցներ և կատարել այնպիսի աշխատանքներ, որոնց դեպքում գունային ազդանշանի ոչ ճիշտ ընկալումը կարող է հանգեցնել վթարային իրավիճակների կամ արտադր. գործընթացների խանգարման:

Դ

ԴԱԲԱՂ, կենդանիների սուր վարակիչ և մեծ արագությամբ տարածվող հիվանդություն, որը փոխանցվում է նաև մարդուն: Բնորոշվում է տենդով, բերանի, լեզվի, քթի լորձաթաղանթի վրա, ինչպես նաև միջմատային ծալքերում ու եղունգների կողքերին բշտիկների, այնուհետև փոքր խոցերի առաջացմամբ: Դ-ի հարուցիչը վիրուսն է, որը կենդանիների մազածածկույթի վրա կարող է պահպանվել մինչև 1 ամիս՝ 12-20°C պայմաններում, իսկ թույլ ալկալիական միջավայրում կենսունակ է մնում մինչև 146 օր, բայց արագ ոչնչանում է արևի ճառագայթներից, տաքացնելիս (մինչև 60°C և ավելի բարձր) և վարակազերծող նյութերի ազդեցությունից: Կաթը եռացնելիս և պաստերացնելիս վիրուսը ոչնչանում է: Թթված կաթում, կեֆիրում, ացիդոֆիլինում վիրուսն արագորեն քայքայվում է, իսկ սերուցքային կարագում պահպանվում է մինչև 8, սառը պայմաններում՝ 25 օր և ավելի: Դ-ի նկատմամբ առավել ընկալունակ են խոշոր և մանր եղջերավոր, վայրի որոճող կենդանիներն ու խոզերը, ավելի հազվադեպ են հիվանդանում գոմեշները, ուղտերը: Հիվանդ կենդանիների օրգանիզմից վիրուսն արտազատվում է թքի, կաթի և արտաթորանքի հետ: Կենդանիները վարակվում են արոտավայրերում, գոմերում, հարուցիչը փոխանցվում է աղտոտված ցամքարի, կերի, գոմաղբի, ջրի, կերամանի միջոցով: Դ-ի տարածման գործում էական նշանակություն ունեն նաև կենդ. ծագման հումքը (կաշի, բուրդ ևն), հիվանդության օջախից տարվող տարբեր առարկաներն ու նյութերը:

Հիվանդ կեդանիները հրաժարվում են կերից, դառնում սակավաշարժ, նկատվում է առատ թքահոսություն, բերանի խոռոչի լորձաթաղանթի, հաճախ նաև վերջավորությունների մաշկի վրա առաջանում են բազմաթիվ մանր բշտիկներ, որոնք արագորեն պատռվում են, և դրանց տեղը գոյանում են մակերեսային փոքր խոցեր: Մարդը Դ-ով վարակվում է հազվադեպ՝ միայն հիվանդ կենդանիներին խնամելիս, չեռացրած կաթ կամ դրանից պատրաստված կաթնամթերք օգտագործելիս: Մարդկանց միմյանց վարակելու դեպքեր չեն արձանագրվել: Վիրուսը թափանցում է բերանի խոռոչի, հազվադեպ շնչառ. ուղիների լորձաթաղանթի ու վնասված մաշկի միջոցով և, 2-12 (առավել հաճախ՝ 3-4) օր մնալով մարդու օրգանիզմում, չի առաջացնում հիվանդության կլինիկ. դրսևորումներ (տես Գաղտնի շրջան): Հիվանդությունն սկսվում է սուր, առաջանում են գլխացավ, մկանային ցավեր, դող, ջերմաստիճանի բարձրացում մինչև 38—39°C: Այնուհետև շրթունքների, լեզվի, այտերի լորձաթաղանթի վրա, ձեռքերի և ոտքերի մաշկի վրա, ինչպես նաև միջմատային ծալքերում առաջանում են փոքր բշտիկներ՝ սկզբում թափանցիկ, հետո պղտոր շճային պարունակությամբ: Նկատվում են առատ թքահոսություն, այրոցի զգացում, խոսելիս, ծամելիս, կուլ տալիս՝ ցավեր: Բշտիկները պատռվում են՝ առաջացնելով աֆթեր, որոնք ապաքինվում են 10-14 օր հետո: Հիվանդությունը բուժելի է: Բուժում է բժիշկը: Հիվանդը պետք է սնվի օրը 5-6 անգամ՝ փոքր սննդաբաժիններով, օգտագործի կիսահեղուկ սնունդ, սպիտակուցներով և վիտամիններով (A, C) հարուստ (միս, ձուկ, կաթնաշոռ, թթվասեր, կարագ, գազար, սև հաղարջ) սննդամթերք: Հակացուցված են կծու, տապակած, աղի կերակրատեսակները, պահածոները, համեմունքները: Ուտելուց անմիջապես հետո բերանը պետք է ողողել թույլ վարակազերծող (կալիումի գերմանգանատի վարդագույն, ջրածնի գերօքսիդի 3%-անոց) լուծույթներով:

Հիվանդության օջախում կենդանիների համար սահմանվում է կարանտին: Հայտնաբերվում և մեկուսացվում են հիվանդ