Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/167

Այս էջը հաստատված է

կենդանիները, կատարվում է վարակազերծում, խիստ սան. հսկողություն է սահմանվում կաթի ձեռնարկությունների և հաս. սննդի հիմնարկների վրա: Խստիվ արգելվում է օգտագործել չեռացրած կաթ: Հիվանդ կենդանիներին խնամելիս անհրաժեշտ է զգույշ լինել (ձեռքերը լվանալ, հագնել հատուկ հագուստ՝ գոգնոց, ձեռնոց, ճտքակոշիկ):

ԴԱԼԹՈՆԻԶՄ, տես Գունային տեսողություն հոդվածում:

ԴԱԿՐԻՈՑԻՍՏԻՏ, տես Արցունքապարկի բորբոքում:

ԴԱՀՈՒԿԱՅԻՆ ՍՊՈՐՏ, ձմեռային մարզաձև. ընդգրկում է դահուկներով զբոսանքները, դահուկասահքը սարերից, զբոսաշրջային դահուկարշավները և հեռավոր դահուկավազքը: Դ. ս-ի մրցումային ձևերից են (պահանջում են հատուկ մարզումներ) դահուկային արագընթաց մրցարշավները, լեռնադահուկային սպորտը, դահուկացատկը ցատկահարթակից (տրամպլին): Դ. ս-ի պարապմունքներն անցկացվում են մաքուր օդում, բարերար են ազդում օրգանիզմի ընդհանուր վիճակի վրա, ամրապնդում են նյարդային համակարգը, նպաստում օրգանիզմի կոփմանը և ֆիզ. տոկունության զարգացմանը: Դահուկներով սահելիս գործի են դրվում տարբեր մկանախմբեր, որը լավացնում է նյութափոխանակությունը, խթանում շնչառության և արյան շրջանառության օրգանների գործունեությունը: Խիստ կտրտված տեղանքով դահուկներով տեղաշարժվելը, ինչպես նաև լեռնադահուկային սպորտն ու դահուկացատկերը զարգացնում են հիմնականում շարժումների համաձայնեցումը, արագ շարժող. հակազդեցությունը, հավասարակշռության զգացումը, վճռականությունը:

Դահուկաքայլքի ժամանակ օրգանիզմի բեռնվածությունը պայմանավորված է մրցատարածության հեռավորությամբ, տեղանքի ռելիեֆով, եղանակի և շարժման արագությամբ: Դ. ս. լայնորեն կիրառվում է երեխաների և երիտասարդության ֆիզ. դաստիարակության, տարբեր տարիքի մարդկանց անհատ. պարապմունքների ժամանակ:

Բժշկ. ցուցումների դեպքում դահուկներով զբոսանքները կիրառվում են որպես բուժական ֆիզկուլտուրայի ձև: Դ.ս-ի պարապմունքների ժամանակ ընդհանուր ռեժիմը և բեռնվածությունը պետք է համապատասխանեն պարապողների տարիքին, սեռին, առողջ. վիճակին և ֆիզ. պատրաստվածությանը: Երեխաներին դահուկներով քայլքին կարելի է վարժեցնել 5 տարեկանից (կախված ֆիզ. զարգացման մակարդակից): Արագընթաց Դ. ս-ի պարապմունքներին բժշկի թույլտվությամբ կարող են մասնակցել 11-12 տարեկանից: Լեռնադահուկային ձևի և դահուկացատկերի նախն. ուսուցումը հնարավոր է 9-12 տարեկանում: Դ. ս-ի պարապմունքների ժամանակ կարևոր նշանակություն ունի հագուստի և կոշիկների ճիշտ ընտրությունը: Հագուստը պետք է հնարավորինս թեթև լինի, չկաշկանդի շարժումները, չդժվարացնի շնչառությունն ու արյան շրջանառությունը, լավ ներծծի քրտինքը: Շատ տաք հագուստը նպաստում է ուժեղ քրտնարտադրությանը, որից էլ հնարավոր է գերսառեցումը (դադարների ժամանակ): Պետք է ընտրել այնպիսի չափսի դահուկային կիսաճտքավոր կոշիկներ, որպեսզի հնարավոր լինի հագնել հաստ բրդե կիսագուլպաներ:

Վնասվածքների կանխարգելման համար կարևոր է լեռնադահուկային ձևի և ցատկերի սովորեցնելու խիստ հաջորդականություն: Անհրաժեշտ է նաև կանխել ցրտահարությունը և մաշկի հարուկները:

Վերջին շրջանում անվավոր դահուկների օգտագործումը հնարավորություն է տալիս առողջարար մարզումներ ու մրցումներ կազմակերպել ասֆալտապատ ավտոճանապարհներին և հատուկ այդ նպատակով հարմարեցված հրապարակներում:

ԴԱՆԴԱԴԱԶԱՐԿՈՒԹՅՈՒՆ, տես Սիրտանոթային համակարգ հոդվածում:

ԴԱՇՏԱՆ, տես Դաշտանային ցիկլ հոդվածում:

ԴԱՇՏԱՆԱԴԱԴԱՐԻ ՇՐՋԱՆ, տես Կլիմաքս:

ԴԱՇՏԱՆԱՅԻՆ ՑԻԿԼ, կենսբ. գործընթաց, որը բնորոշվում է կնոջ օրգանիզմում (հատկապես՝ ձվարաններում, արգանդում) կատարվող ցիկլային փոփոխություններով և ավարտվում սեռ. օրգաններից արյունային արտադրությամբ: Այդ ռիթմիկ կրկնվող փոփոխություններն իրականանում են կենտր. նյարդային համակարգի (գլխուղեղի կեղև, ենթատեսաթումբ, հիպոֆիզ) մասնակցությամբ: Ենթատեսաթումբը գլխուղեղի կարևորագույն բաժինն է, որը ղեկավարում և կարգավորում է ներքին օրգանների աշխատանքը, արտադրում հատուկ նյութեր՝ նյարդահորմոններ, որոնք խթանում են ներզատիչ գլխ. գեղձի՝ հիպոֆիզի գործունեությունը: Վերջինս իր հերթին մշակում է ներզատիչ գեղձերի (այդ թվում՝ ձվարանների) ֆունկցիան ակտիվացնող հորմոններ: Հիպոֆիզի հորմոնների ազդեցության տակ ձվարանում աճում և հասունանում է ձվաբջիջ պարունակող ֆոլիկուլը (այսպես կոչված՝ գրաֆյան բուշտը), որն աճման ընթացքում արտադրում է հատուկ սեռ. հորմոններ՝ էստրոգեններ: Ֆոլիկուլի հասունացումն ավարտվում է դրա պատռվելով և հասուն ձվաբջջի ելքով՝ ձվազատումով (օվուլյացիա) դեպի որովայնի խոռոչ: Պատռված ֆոլիկուլի տեղում գոյանում է, այսպես կոչված, դեղին մարմին, որը նույնպես ներզատիչ գեղձ է և արտադրում է պրոգեստերոն հորմոն: Էստրոգենների և պրոգեստերոնի ազդեցության տակ արգանդի լորձաթաղանթը հաստանում է, անոթները լայնանում են և լցվում արյունով: Եթե բեղմնավորում չի կատարվում, ձվաբջիջն արագ մահանում է, դեղին մարմինը հետ է զարգանում, ֆունկցիան նվազում է, այնուհետև՝ դադարում. արգանդի լորձաթաղանթի արյունալցված անոթները պատռվում են, արյունը լցվում է թաղանթի հաստության մեջ: Ուռած և փխրուն լորձաթաղանթը պոկվում է և սկսվում արյունահոսություն՝ դաշտան: Հետագայում լորձաթաղանթը վերականգնվում է: Ձվաբջիջների հասունացումը պարբերաբար կրկնվում է 21-35, հաճախ 28 օրը մեկ:

1-ին դաշտանն ի հայտ է գալիս աղջիկների 2-րդային սեռ. հատկանիշների (կաթնագեղձերի մեծացում, ցայլքի և թևատակերի մազակալում ևն) համարյա լրիվ զարգացման շրջանում:

1-ին դաշտանի ուշ սկսելը կարող է պայմանավորված լինել ներզատիչ գեղձերի (սեռ., մակերիկամներ, վահանագեղձ, հիպոֆիզ) ֆունկցիայի խանգարումներով: Ուստի, եթե 14-16 տարեկանում դաշտանը բացակայում է, անհրաժեշտ է դիմել գինեկոլոգի: Երբեմն, 1-ին դաշտանից հետո, 1,5-2 տարվա ընթացքում, դրանք լինում են անկանոն, այնուհետև ռիթմը հաստատվում է: Կանանց մեծամասնության դաշտանն ի հայտ է գալիս ժամանակի խիստ որոշակի ընդմիջումներից հետո, կայուն տևողությամբ, չափավոր, առանց ցավերի և ընդհանուր վիճակի վատացման:

Դաշտանի ռիթմի փոփոխությունը պայմանավորված է օրգանիզմում ընթացող խանգարումներով: Ուստի յուրաքանչյուր կին Դ. ց-ի խանգարումները հայտնաբերելու համար պետք է հատուկ օրացույցում նշի դաշտանի ժամկետը, տևողությունը, արյունահոսության աստիճանը: Դաշտանի բացակայությունը (ամենոռեա), որը պայմանավորված չէ հղիությամբ, հազվադեպ և ոչ առատ դաշտանը