Նրան պետք է աշխատանքի և հանգստի խիստ ռեժիմ, կանոնավոր սնունդ, քանի որ ալկոհոլային քաղցը կարող է հակումը նորից արթնացնել: Ուժեղ ապրումները նույնպես նպաստում են հիվանդության սրմանը: Բուժված ալկոհոլամոլների մեծամասնությանն անհրաժեշտ է օգնել հանգիստը, ժամանակը ճիշտ կազմակերպելու, դրանց ձևերը փոփոխելու գործում:
ԱԼԿՈՀՈԼԱՅԻՆ ՀԱՐԲԵՑՈՒՄ, սպիրտային խմիչքների ընդունման հետևանքով առաջացած ֆիզիոլոգ. և հոգեկան գործընթացների փոփոխություններ: Որոշակի չափաքանակով ալկոհոլի ընդունումը վերացնում է հոգեկան լարվածությունը, բարձրացնում տրամադրությունը՝ առաջացնելով ազատության, անկաշկանդության և զվարթության զգացում: Այդ զգացումները, հանուն որոնց մարդիկ օգտագործում են սպիրտային խմիչքները, ժամանակավոր են և չափաքանակի ավելացմանը զուգընթաց փոխարինվում են գրգռվածությամբ, ինքնահսկման և իրադրությունը քննադատաբար գնահատելու ունակության կորստով, զսպող ազդեցությունների թուլացմամբ, հաճախ՝ չարակամությամբ, հարձակվողականությամբ կամ ընկճվածությամբ ու տրամադրության անկումով: Հատկապես այդպիսի վիճակներում հարբածը կատարում է հակասոցիալ. արարքներ՝ ընդհուպ մինչև հանցագործություններ (խուլիգանություն, բռնաբարություն, սպանություն): Ընկճված ու ճնշված վիճակը, իր արարքների հետևանքները քննադատաբար չգնահատելու հետ մեկտեղ, երբեմն հարբեցողին հանգեցնում է ինքնասպանության: Հակասոցիալ. գործողություններ կարող են կատարել նաև միայն 1 անգամ ալկոհոլ օգտագործած մարդիկ, որոնք սթափ վիճակում միշտ եղել են հանգիստ ու հավասարակշռված: Բացի այդ, ալկոհոլի մեծ չափաքանակի միանվագ օգտագործումը կարող է հանգեցնել ալկոհոլային ծանր թունավորման:
Ալկոհոլի չափից ավելի և մշտ. ընդունումը կարող է նրա հանդեպ հիվանդագին հակման (տես Ալկոհոլամոլություն քրոնիկական) պատճառ դառնալ:
Սպիրտային խմիչքներ ընդունելիս, ստամոքսաղիքային համակարգով ալկոհոլի ներծծման չափից կախված, դրա կոնցենտրացիան արյան մեջ ավելանում է՝ 2-րդ ժամում հասնելով առավելագույնի (միանգամյա ընդունման դեպքում): Ալկոհոլի 10 %-ն օրգանիզմից արտազատվում է թոքերի, երիկամների և մաշկի միջոցով՝ անփոփոխ ձևով, մնացած քանակությունը դանդաղ օքսիդանում է հատուկ ֆերմենտներով: Հետազոտման ժամանակակից մեթոդներով հաստատված է, որ միանգամյա ալկոհոլ ընդունելիս առողջ մարդու օրգանիզմում հետքերը պահպանվում են մինչև 2 շաբաթ՝ չնայած այն արյունից անհետանում է 4-5 ժ անց: Ալկոհոլի ամենամեծ կոնցենտրացիան սկզբն. շրջանում նկատվում է լյարդում և մկաններում, այնուհետև այն թափանցում է կենտր. նյարդային համակարգ, նախ՝ ենթակեղևային գոյացություններ և ուղեղիկ, ապա՝ գլխուղեղի կեղև, ուր ամենաերկարն է պահպանվում: Փոքր չափաքանակները թողնում են խթանող ազդեցություն, մեծ չափաքանակներն արգելակում են կեղևի և երկարավուն ուղեղի կենսական կարևոր կենտրոնները (շնչառ., անոթաշարժ ևն), որով և պայմանավորված են շնչառության ու արյան շրջանառության ծանր խանգարումները (սուր ալկոհոլային թունավորման ծանր ձևերի ժամանակ մահվան հիմն. պատճառն են):
Ա. հ-ման 1-ին նշանների դրսևորման արագությունը կախված է խմիչքի թնդությունից և ստամոքսում առկա սննդի քանակից: Հարբեցողության աստիճանը որոշվում է մարմնի 1 կգ քաշին ընկնող ալկոհոլի քանակով, մարդու անհատ. հանդուրժողականությամբ, ինչպես նաև օրգանիզմի վիճակով: Հոգնածության, հյուծվածության դեպքերում ալկոհոլի փոքր չափաքանակներից կարող են ուժեղ հարբել, իսկ հոգեկան լարվածության ժամանակ այդ ազդեցությունը թուլանում է: Ալկոհոլի հանդեպ հատկապես զգայուն են երեխաները, ծերերը, լյարդի, ստամոքսի, ներզատիչ որոշ խանգարումներով հիվանդները:
Արյան մեջ 0,5-1,5% ալկոհոլի առկայությունը համապատասխանում է հարբեցման թեթև, 1,5-2,5 %-ը՝ միջին, 2,5-3 %-ը՝ ծանր աստիճանին, 5-6 %-ը՝ մահացու թունավորման: Սակայն արյան մեջ ալկոհոլի հավասար կոնցենտրացիաների դեպքում հարբեցման աստիճանը տարբեր մարդկանց համար տարբեր է:
Թեթև աստիճանում աչքերը փայլում են, դեմքը՝ կարմրում, լինում է ճարպագեղձերի և քրտնագեղձերի գերարտադրություն, անոթազարկը դանդաղում է: Հարբածն զգում է ջերմություն և հաճելի թուլություն, ախորժակը լավանում է: Առաջանում է հոգեկան և ֆիզ. ընդհանուր բավարարվածություն (այսպես կոչված՝ լավազգացություն), տրամադրության բարձրացում, հոգեկան և շարժող. ակտիվության անկում:
Որոշ ժամանակ (10-30 ր) անց բբերը լայնանում են, անոթազարկը և արյան ճնշումը հավասարվում են: Ալկոհոլի չափաքանակի ավելացման աստիճանից կախված՝ ֆունկցիաների որակի իջեցման ֆոնի վրա հոգեկան և շարժող. ակտիվությունն աճում է, շարժումները դառնում են լայնաթափ և անհամաձայնեցված, խոսքն՝ անհարկի բարձր, հաճախ՝ ճապաղած, դիմախաղը՝ խանգարված, ուշադրության կենտրոնացումը՝ դժվարացած, նկատվում է սեփական արժանիքների և հնարավորությունների գերագնահատում, կորչում է սեփական խոսքերի և արարքների վերաբերյալ քննադատությունը: Արգելակվում են բնազդները, և ի հայտ են գալիս անձի թաքնված առանձնահատկություններն ու ապրումները, որոնք սթափ վիճակում վերահսկելի են:
Միջին աստիճանի Ա.հ-ման դեպքում առաջանում են շշմածություն և գիտակցության ոլորտի նեղացում, շարժող, արգելակում, համաձայնեցման խանգարում, քնկոտություն, թորշոմածություն, ջարդվածություն, ապա վրա է հասնում խոր քունը: Արթնանալիս դրսևորվում են խումարաթողի երևույթները՝ թորշոմածություն, ջարդվածություն, ախորժակի բացակայություն կամ վատացում, գլխում ծանրության զգացում, տրամադրության անկում, գրգռվածություն, հիվանդը դժգոհ է ինքն իրենից և շրջապատից: Հոգեկան և ֆիզ. աշխատունակությունը ցածր է, մտածողությունը և ուշադրության կենտրոնացումը՝ դժվարացած, շարժումների համաձայնեցումը՝ խանգարված, հոգեկան գործընթացները՝ դանդաղած:
Հարբեցման ծանր ձևի ժամանակ կորչում է շրջապատում կողմնորոշման ունակությունը, խոսքը դանդաղում է և ընդմիջվում դադարներով, խզվում է ապրումների միջև կապը, հուզ. և դիմախաղային արտահայտչությունը: Մեծ մասամբ, որպես օրգանիզմի պաշտպան. հակազդեցություն, առաջանում է փսխում: Թունավորման առաջացման հետ մեկտեղ գիտակցության խանգարումն ուժեղանում է, դանդաղում է շնչառությունը, սիրտանոթային համակարգի տոնուսը՝ իջնում, առաջանում է անշարժություն, շշմածությունն անցնում է կոմայի: Մահը կարող է վրա հասնել շնչառության կամ անոթաշարժ կենտրոնի լուծանքի, ինչպես նաև ալկոհոլային կոմայի առաջացման հետևանքով: Ալկոհոլային ծանր հարբեցումից հետո խումարաթողի երևույթներն ուժեղ են արտահայտվում: Մարդը չի հիշում, թե ինչ է կատարվել իր հետ հարբած ժամանակ: Մի քանի օր հնարավոր է քնի խանգարում, սակայն