Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/176

Այս էջը հաստատված է

մարգագետիններում, գետահովիտներում: Արմատների և կոճղարմատների եփուկն ունի խորխաբեր հատկություն և կիրառվում է բրոնխաբորբերի, վերին շնչուղիների սուր և քրոնիկ. հիվանդությունների ժամանակ, իսկ ծաղիկներն ունեն լեղամուղ և քրտնաբեր հատկություններ:

Կյանքի արմատ, ժեն-շեն, վայրի աճող և մշակովի բույս է: Արմատներից ստացվող փոշին, թուրմը և պատրաստուկները կիրառվում են արյան թերճնշման, որոշ նյարդային հիվանդությունների, գերհոգնածության ժամանակ՝ որպես օրգանիզմի տոնուսը բարձրացնող միջոց: ՀՀ-ում մշակվում է արհեստ. պայմաններում:

Կռատուկ, կոծոծ, երկամյա խոտաբույս է: ՀՀ գրեթե բոլոր գոտիների տնամերձ հողամասերում, մարգագետիններում, ճամփեզրերին և այլուր աճում են մեծ և թավոտ կռատուկները: Բուժիչ նշանակություն ունեն արմատները, տերևները, սերմերը, որոնք թարմ վիճակում կիրառվում են մաշկային որոշ հիվանդությունների (էկզեմա, տուբերկուլոզ ևն) ժամանակ: Արմատների եփուկն ունի քրտնաբեր, միզամուղ, նյութափոխանակությունը կարգավորող հատկություններ, տերևները պարունակում են լեղամուղ նյութեր:

Կուժկոտրուկ, բազմամյա խոտաբույս է: ՀՀ Արագածոտնի, Գեղարքունիքի, Տավուշի, Վայքի մարզերի տափաստաններում, անտառային բացատներում աճում է 4 տեսակ: Պատրաստուկները խթանում են սիրտանոթային համակարգի գործունեությունը, ունեն նաև հանգստացնող ազդեցություն:

Հազարատերեվուկ սովորական, բազմամյա խոտաբույս է: Աճում է ՀՀ Գեղարքունիքի, Տավուշի, Կոտայքի և այլ մարզերի մարգագետիններում, թփուտներում, արոտավայրերում՝ առաջացնելով խոշոր բուսուտներ: Պատրաստուկները բարձրացնում են արյան մակարդելիությունը, լավացնում ախորժակը, կարգավորում մարսողությունը, ունեն նաև հակաբորբոքային և հակամանրէային հատկություններ:

Հալեվորուկ ռոմբատերեվ, բազմամյա խոտաբույս է: Աճում է Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի մարզերի լեռևաանտառային և ենթալպյան գոտիների խոնավ հողերում: Բույսի բոլոր մասերը, հատկապես կոճղարմատները, պարունակում են ալկալոիդներ, վիտամին C ևն: Պատրաստուկներն օգտագործվում են խոցային հիվանդության, ստամոքսաբորբերի, կրծքային հեղձուկի ժամանակ:

Հալվե ծառանման, վայրի աճող և մշակովի բույս է: Տերևների հյութը պարունակում է բազմաթիվ ֆերմենտներ, վիտամիններ և կիրառվում է թարախային վերքերի, այրվածքների, մաշկի որոշ բորբոքային հիվանդությունների ժամանակ: Հյութը խորհուրդ է տրվում օգտագործել նաև քրոնիկ. փորկապության, իսկ տերևների մզվածքը՝ խոցային հիվանդության և աչքի հիվանդությունների ժամանակ:

Հապալասենի, վայրի թուփ է, աճում է անտառային գոտիներում: Բուժիչ հատկություն ունեն տերևները, ընձյուղներն ու հատապտուղները, որոնց ջրային եփուկը և թուրմը կիրառվում են որպես կապող (լուծի դեպքում), միզամուղ միջոց (երիկամաքարային հիվանդություն), ինչպես նաև հոդացավերի, իսկ հատապտուղները՝ վիտամինային անբավարարության ժամանակ:

Հովտաշուշան, բազմամյա խոտաբույս է: Աճում է ՀՀ հս. մարզերի սաղարթախիտ անտառներում, թփուտներում: Բուժիչ հատկություն ունեն ծաղիկներն ու տերևները: Պարունակում են սրտային գլիկոզիդներ և կիրառվում են սրտի գործունեությունը խթանելու համար:

Ձիաձետ դաշտային, բազմամյա խոտաբույս է: Աճում է այգիներում, դաշտերում, խառն անտառներում, ճահճային հողերում՝ հաճախ առաջացնելով միատարր բուսուտներ: Թուրմը և մզվածքը կիրառվում են որպես միզամուղ միջոց:

Ղանձլամեր Լոբելի, բազմամյա վայրի խոտաբույս է: Աճում է Գեղարքունիքի, Տավուշի, Վայքի, Սյունիքի, Լոռու ալպյան և մերձալպյան մարգագետիններում: Պարունակում է լոբելին ալկալոիդը, որն ունի շնչառությունը գրգռող ներգործություն: Պատրաստուկները կիրառվում են մաշկային որոշ հիվանդությունների (օրինակ՝ քոս) դեպքերում և մակաբույծներին ոչնչացնելու համար:

Ճավայան թեյ, երիկամային թեյ, մշակովի միամյա խոտաբույս է (մշակվում է Աջարիայում): Թարմ թուրմն ունի միզամուղ հատկություն և օգտագործվում է երիկամների սուր, քրոնիկ. և միզաքարային հիվանդությունների դեպքերում:

Մանանեխ, վայրի խոտաբույս է: Սերմերը պարունակում են գլիկոզիդներ և օգտագործվում են մանանեխի փոշի ու եթերայուղ ստանալու համար: Մանանեխի ծեփուկները և լոգանքները խորհուրդ են տրվում վերին շնչուղիների հիվանդությունների և մրսածության ժամանակ:

Մասրենի, վայրի աճող և մշակովի բույս է: Աճում է ամենուրեք՝ անտառների բացատներում, գետահովիտներում, լեռնալանջերին: Պտուղները հարուստ են վիտամիններով (C, B1, B2, K1, E), առավելապես C-ով, պարունակում են շաքարներ, կիտրոնաթթու, խնձորաթթու, ֆլավոնիդներ, հանքային տարրեր (K, Na, Mg): Պտուղների եփուկն օգտագործվում է որպես վիտամինային և մարսողությունը լավացնող, իսկ պատրաստուկները՝ լյարդի, լեղապարկի և միզաքարային հիվանդությունների ժամանակ՝ որպես հակաբորբոքային, ինչպես նաև արյունաստեղծ համակարգը խթանող միջոց:

Մատիտեղ, ջրապղպեղ, բազմամյա թուփ է: Աճում է Արագածոտնի, Լոռու, Վայքի, Սյունիքի մարզերի խոնավ անտառներում, մարգագետիններում: ՀՀ-ում հանդիպող 5 տեսակներից բուժիչ նշանակություն ունեն ջրապղպեղը, որն ունի արյունահոսությունը դադարեցնող, մազանոթների պատերն ամրացնող, թափանցելիությունը նվազեցնող ազդեցություն, և մանդիկը (օձագալար), որն օգտագործվում է աղիքների սուր և քրոնիկ. հիվանդությունների ժամանակ՝ որպես հակաբորբոքային ու կապող միջոց:

Մատնոցուկ ժանգային, բազմամյա խոտաբույս է: ՀՀ-ում աճում է ծովի մակերևույթից 1200-1800 մ բարձրություններում (Փամբակի, Գեղամա, Արագածի լեռնալանջերին): Տերևները պարունակում են սրտային գլիկոզիդներ: Պատրաստուկները կարգավորում են սրտի և արյունատար անոթների գործունեությունը և կիրառվում են սրտային անբավարարության ժամանակ:

Մատնունի ուղղաձիգ, բազմամյա խոտաբույս է: ՀՀ-ում աճում է անտառային բացատներում, մարգագետիններում, արոտավայրերում: Կոճղարմատները պարունակում են աղաղանյութեր: Պատրաստուկներն օգտագործվում են բերանի խոռոչի բորբոքային (լնդաբորբ, նշագեղձի բորբոքում), ինչպես նաև ստամոքսաղիքային համակարգի հիվանդությունների դեպքերում՝ որպես հակամանրէային և կապող միջոց:

Մատուտակ մերկ, բազմամյա կոճղարմատավոր բույս է: Աճում է Արմավիրի և Արագածոտնի մարզերում: Պատրաստուկներն ունեն խորխաբեր, հակաբորբոքային, թույլ լուծողական հատկություններ և կիրառվում են վերին շնչուղիների հիվանդությունների, փորկապության ժամանակ: