սուլֆանիլամիդային պատրաստուկներ, հակատուբերկուլոզային, հակասնկիկային, հակամալարիային, հակավիրուսային, հակաճիճվային և այլ պատրաստուկներ:
Հակաուռուցքային Դ. ընկճում են ուռուցքային բջիջների աճումը, գործածվում են ուռուցքային և արյան որոշ հիվանդությունների ժամանակ:
Օրգանիզմի վրա Դ-ի ազդեցությունը պայմանավորված է շատ գործոններով: Խիստ կարևոր է դրանց չափաքանակը՝ միջին բուժիչ դեղաչափը: Անհրաժեշտության դեպքում բժիշկը կարող է նշանակել սահմանային թույլատրելի բարձր բուժիչ դեղաչափեր, իսկ դրանք գերազանցելու դեպքում Դ. ունենում են թունավոր ազդեցություն:
Դ-ի նկատմամբ օրգանիզմի զգայնությունը փոխվում է նաև տարիքից կախված: Օրինակ՝ երեխաներն ավելի զգայուն են, քան մեծերը: Ուստի խիստ տարբեր են նրանց և մեծերի համար սահմանված բուժիչ դեղաչափերը, իսկ որոշ դեղեր ընդհանրապես արգելված են մինչև 2 տարեկաններին: Ծերերի (60 տարեկանից բարձր) մոտ որոշ Դ-ի (օրինակ՝ կենտր. նյարդային համակարգը ընկճող, միզամուղ ևն) հանդեպ բարձրանում է օրգանիզմի զգայնությունը, ուստի այդ խմբի պատրաստուկները նշանակվում են բավականին թույլ դեղաչափերով, քան միջին տարիքի մարդկանց:
Յուրաքանչյուր դեղանյութի բնորոշ է ներգործման որոշակի տևողություն: Դ. չպետք է օգտագործել նշանակվածից հաճախ, որովհետև դրանց կուտակումից կարող է օրգանիզմը թունավորվել: Դ-ի կուտակման և դրանով պայմանավորված թունավորման երևույթներ կարող են առաջանալ նաև դրանք առանց հսկողության և երկարատև գործածելուց, իսկ նշանակվածից քիչ օգտագործելիս արդյունավետությունը նվազում է:
Դ-ի ներգործման համար շատ կարևոր է նաև օգտագործման եղանակը: Օրինակ՝ կրծքային հեղձուկի նոպայի ժամանակ վալիդոլը և նիտրոգլիցերինը պետք է դնել լեզվի տակ, կուլ տալու դեպքում դրանք բուժիչ ազդեցություն չեն ունենում: Նշանակություն ունի նաև օրվա ժամը, ինչպես նաև ուտելուց առաջ, թե հետո, որովհետև ստամոքսաղիքային համակարգում սննդի առկայությունը կարող է նպաստել մի պատրաստուկի ներծծմանը և խոչընդոտել մյուսին: Որոշ Դ-ի ազդեցությունը փոխվում է օրգանիզմի կենսաբանական ռիթմերից, օրվա ընթացքում ընդունման ժամանակից: Հայտնի են որոշ դեղերի ակտիվության զգալի բարձրացման դեպքեր վաղ առավոտյան ժամերին: Դ-ի արդյունավետությունը կարող է փոխվել միաժամանակ 2 և ավելի պատրաստուկներ օգտագործելիս, քանի որ դրանք կարող են փոխադարձ ուժեղացնել կամ թուլացնել միմյանց ազդեցությունը: Ուստի առանց բժշկի խորհրդի չի կարելի զուգորդված պատրաստուկներ օգտագործել, քանի որ դրանք կարող են անհամատեղելի լինել և վնասակար հետևանքներ ունենալ: Անհրաժեշտ է հիշել, որ Դ. պետք է ընդունել բժշկի խորհրդով, իսկ կողմնակի երևույթների (գլխացավ, արագ սրտխփոց ևն) դեպքում դիմել բժշկի, որպեսզի նա ժամանակին փոխի դեղաչափը, պատրաստուկի ընդունման միջակայքը, իսկ երբեմն՝ փոխարինի ուրիշով:
Դ-ի ներգործման համար կարևոր է նաև օրգանիզմի վիճակը: Օրինակ՝ ջերմիջեցնողներն օգնում են միայն ջերմելիս, իսկ քիմիաբուժ. Դ-ից յուրաքանչյուրն արդյունավետ է միայն որոշակի՝ իր հանդեպ զգայուն մանրէների նկատմամբ և նշանակվում է որոշ վարակիչ հիվանդությունների ժամանակ: Ակնհայտ է դեղերի ազդեցությունն այն օրգանների վրա, որոնք մասնակցում են Դ-ի քայքայմանը և օրգանիզմից դուրսբերմանը (երիկամներ, լյարդ): Վերջիններիս ֆունկցիայի խանգարումից ուժեղանում է շատ Դ-ի թունավոր ազդեցությունը: Մի շարք Դ-ի թունավոր ազդեցությունը ուժեղանում է ալկոհոլից, իսկ որոշ Դ. կարող են ուժեղացնել ալկոհոլի թունավոր ազդեցությունը՝ առաջացնելով ծանր թունավորումներ:
Դ-ի հետ պետք է զգույշ վարվեն հատկապես հղի կանայք, քանի որ որոշ պատրաստուկներ պտղի զարգացման վրա անբարենպաստ ազդեցություն են ունենում: Կերակրող մայրերին խորհուրդ չի տրվում օգտագործել որոշ Դ., որպեսզի երեխայի մոտ թունավորում չառաջանա:
Որոշ Դ. (մասնավորապես հանգստացնողները) խորհուրդ չի տրվում օգտագործել աշխատանքի ժամանակ այն անձանց (օրինակ՝ վարորդներ, կարգավարներ ևն), որոնց մասնագիտությունը պահանջում է արագ և ստույգ հոգեկան, շարժող. հակազդեցություններ: Դրանք դանդաղեցնում են կենտր. նյարդային համակարգի պատասխան հակազդեցությունները:
Դ-ի ազդեցությունն օրգանիզմի վրա պայմանավորված է շատ գործոններով, ուստի դրանք պետք է օգտագործել միայն բժշկի նշանակմամբ: Դ-ի չվերահսկված օգտագործումը կարող է բարդ հետևանքներ ունենալ, ուստի դեղերի չարաշահման և ինքնաբուժման բացառման նպատակով Դ-ի մեծ մասը տրվում է դեղատնից՝ դեղատոմսով, բժշկի ստորագրությամբ և անձն. կնիքով, իսկ երբեմն՝ բուժկանխարգելիչ հիմնարկի կնիքով հաստատված: Կան Դ., որոնք տրվում են առանց դեղատոմսի:
ԴԵՂԱՏՈՒՆ, առողջապահ. հիմնարկ, որտեղ պատրաստվում են դեղեր, իրականացվում է դրանց որակի ներդեղատնային հսկողությունը, մանրակշռումը, փաթեթավորումը, պահպանումը, տրվում է համապատասխան խորհրդատվություն և տեղեկատվություն, կատարվում է դեղերի, բժշկ. նշանակության, հիվանդի խնամքի, սանհիգիենայի ապրանքների վաճառք: Դ. դեղերը բաց է թողնում առանց դեղատոմսի և դեղատոմսով:
Առանց դեղատոմսի բաց թողնվող ու հսկվող դեղերի ցանկը հաստատում և հրապարակում է կառավարության լիազորած մարմինը: Թմրադեղերը, հոգեմետ դեղերը Դ. բաց է թողնում միայն հաստատված ձևի համապատասխան դեղատոմսերով, որոնք գրում է բժիշկը՝ այն հաստատելով անձն. կնիքով ու ստորագրությամբ:
Դ. կազմակերպում է նաև դեղաբույսերի մթերում, անցկացնում սանլուս. աշխատանք, բուժաշխատողներին տեղեկացնում Դ-անը եղած և նոր ստացված դեղերի մասին, ծանոթացնում դրանց օգտագործման եղանակներին: Այդ նպատակով խոշոր պոլիկլինիկաներում և հիվանդանոցներում կազմակերպվում են դեղագործ. տեղեկատվություններ:
Դեղանյութերի պիտանիության ժամկետների հսկողությունը, հանկարծահաս հիվանդությունների և դժբախտ պատահարների դեպքերում առաջին օգնությունը, դեղանյութերի ընդունման կարգը, դրանց պահպանումը, վաճառքը, գները Դ-ան անձնակազմի պարտականություններից