Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/198

Այս էջը հաստատված է

եղնգային գլանիկների վերնամաշկը, իսկ կոշտացած մաշկը մշակել պեմզայով: Օգտակար է սնուցող քսուքով ոտնաթաթի մերսումը: Եղնգային թերթիկներին կարելի է լաք քսել: Պեդիկյուրի ժամանակ սանհիգիենային կանոնները նույնն են, ինչ մանիկյուրինը: Պեդիկյուրը նույնպես կարելի է անել վարսավիրանոցում, որտեղ հեռացվում են ներբանների, մատների, կրունկների եղջերային շերտավորումները:

Ե-ի հիվանդությունների (կամ սնկիկային հիվանդությունների) կասկածի դեպքերում վարսավիրանոցում մանիկյուր և պեդիկյուր չի թույլատրվում:

ԵՂՈՒՆԳՆԵՐԻ ՆԵՐԱՃՈՒՄ, եղունգի (լայնությամբ արագ աճով պայմանավորված) ներաճումն է եղնգային գլանիկների կողմնային եզրերի մեջ:

Հիմնականում ոտնաթաթի բութ մատի եղունգի եզրն է մխրճվում մաշկի մեջ և վնասում այն: Մաշկն ուռչում է, կարմրում, երբեմն փոքր վերք է առաջանում (կարող է թարախակալել), որը շատ ցավոտ է և դժվարացնում է քայլելը: Եղունգները ներաճում են դրանք սխալ անկյուններով կտրելիս, նեղ կոշիկներում մատները սեղմվելիս:

Ե.ն. կարելի է կանխել՝ եղունգները խնամքով կտրելով, հարմար, ճիշտ ընտրված կոշիկ հագնելով:

Եղունգների աննշան ներաճման դեպքում պետք է կանոնավոր կտրել ներաճած եզրերը, ցանկալի է տաք լոգանքից հետո (2-3 լ ջրին՝ 1-2 ճաշի գդալ կերակրի սոդա կամ օճառափոշի): Ե. ն-ման կամ բորբոքման ախտանշանների դեպքում՝ դիմել բժշկի:

ԵՆԹԱՄԹԵՐՔ, կենդանիների ներքին օրգանները, գլուխը, պոչը և վերջավորությունները, որոնք ստացվում են մսեղիքի նախն. վերամշակման միջոցով: Լյարդը, լեզուն, սիրտը, երիկամները, ուղեղը, կուրծը, ստոծանին ունեն ոչ պակաս սննդային արժեք, քան միսը, իսկ որոշ վիտամինների, լեցիտինի, հանքային աղերի պարունակությամբ նույնիսկ գերազանցում են:

Կանխարգելիչ և դիետային սնուցման համար լայնորեն կիրառվում է լյարդը (հատկապես հորթի և տավարի), որը պարունակում է B խմբի ճարպալույծ վիտամիններ, ինչպես նաև արյունաստեղծմանը մասնակցող միկրոտարրեր: Լյարդը՝ որպես A վիտամինի աղբյուր, օգտագործվում է մաշկի և լորձաթաղանթների որոշ հիվանդությունների, քրոնիկ. բրոնխաբորբի, թոքաբորբի ժամանակ: Շատ տեսակի Ե-ներ ստանալու և վերամշակելու ժամանակ պետք է պահպանել որոշակի պահանջներ, որոնք ապահովում են սննդային թունավորումների և որոշ հիվանդությունների կանխումը: Մսի վերամշակման ձեռնարկություններում նախատեսված է անասնաբուժասան. կրկնակի հսկողություն՝ հումքն արտադրամաս մտնելիս և վերամշակված մթերքը սառնարանում տեղավորելիս: Չվերամշակված վիճակում Ե. թողարկել չի թույլատրվում:

Հիգիենային կանոնների խստորեն պահպանումն անհրաժեշտ է նաև Ե-ից տարբեր կերակրատեսակներ (պաշտետ, դոնդող ևն) պատրաստելու, դրանք պահելու և իրացնելու ընթացքում: Ե-ից պատրաստված արտադրանքը (երշիկեղեն, պաշտետ, դոնդող) արագ է փչանում, ուստի պետք է պարտադիր պահել սառնարանում (1 օրից ոչ ավելի):

ԵՆԹԱՍՏԱՄՈՔՍԱՅԻՆ ԳԵՂՁ, մարդու և կենդանիների մարսողական համակարգի խառը (ներզատիչ և արտազատիչ) գեղձ: Գտնվում է որովայնի խոռոչի հետին պատի վրա (գոտկային 1-2-րդ ողների մակարդակին), անմիջապես ստամոքսի եզրին: Ունի եռանիստ պրիզմայի ձև, գորշ վարդագույն է, կշռում է 60-115 գ: Ե. գ-ում տարբերում են գլխիկ, մարմին և պոչ: Գլխիկը տեղադրված է 12-մատնյա աղիքի կորությունում, մարմինը ձգվում է դեպի ձախ՝ աստիճանաբար վերածվելով պոչի, որը հասնում է փայծաղի դրունքին և հպվում ձախ երիկամին: Գեղձի ներսով (ամբողջ երկարությամբ) անցնում է ծորանը, որն ընդհանուր լեղածորանի հետ բացվում է 12-մատնյա աղիքի մեծ (ֆատերյան) պտկիկի վրա: Հաճախ հանդիպում է Ե.գ-ի լրացուցիչ ծորան, որը բացվում է 12-մատնյա աղիքի փոքր պտկիկի վրա: Բացի Ե.գ-ից, կարող են լինել լրացուցիչ գեղձային գոյացություններ, որոնք տեղադրված են առավելապես ստամոքսի պատում, հազվադեպ՝ փայծաղում: Ե.գ. հիմնականում բաղկացած է գեղձային հյուսվածքից, որը գոյացնում է բնորոշ ձևի, 2-5 մմ մեծության բլթեր, որոնք միմյանցից սահմանազատված են շարակցական հյուսվածքի շերտերով: Ե.գ. արտադրում է մարսող. հյութ, որն օժտված է մեծ ֆերմենտային ուժով (արտազատ. ֆունկցիա): Այս հյութը, լեղու և աղիքային հյութի հետ անցնելով աղիքների մեջ, շարունակում է մարսողության գործընթացը, որն սկսվել էր թքի և ստամոքսահյութի օգնությամբ: Ե.գ-ի հյութը հարուստ է ֆերմենտներով (ամիլազ, լիպազ, պրոտեազ ևն): Ամիլազն օսլան և գլիկոգենը ճեղքում է մինչև երկշաքարների: Լիպազը, զգալիորեն ակտիվանալով լեղաթթուներով, չեզոք ճարպերը ճեղքում է մինչև ճարպաթթուների և գլիցերինի, իսկ պրոտեազները (տրիպսին, քիմոտրիպսին և կարբօքսիպեպտիդազ), ակտիվանալով բարակ աղիքներում, սպիտակուցները ճեղքում են մինչև ամինաթթուների: Ե.գ-ի արտազատ. ֆունկցիան կարգավորվում է նյարդային և հումորալ (օրգանիզմի հեղուկ միջավայրով) մեխանիզմներով: Արտազատ. ֆունկցիան խիստ կարևոր է մարսողության համար: Դրա սահմանափակման կամ անկման դեպքում խանգարվում է ճարպերի և սպիտակուցների, ավելի քիչ՝ ածխաջրերի մարսումը: Գեղձի ներզատ. գործունեությունը հիմնականում կապված է ինսուլինի և խաղողաշաքարի արտադրման հետ (տես Հորմոններ): Ինսուլինի անբավարար արտադրությունը հանգեցնում է շաքարախտի:

ԵՆԹԱՍՏԱՄՈՔՍԱՅԻՆ ԳԵՂՁԻ ԲՈՐԲՈՔՈՒՄ, պանկրեատիտ: Ըստ կլինիկ. ընթացքի՝ տարբերում են սուր կամ քրոնիկ. Ե.գ.բ.: Պատճառները կարող են լինել ենթաստամոքսային գեղձի անոթների ախտահարումները, վարակիչ հիվանդությունները, վնասվածքները, որովայնի