Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/201

Այս էջը հաստատված է

առաջացնում հզոր անոթացանց: Ե-ի տրամաչափը մեծ է համանուն զարկերակի տրամաչափից: Դրա հետևանքով երակային հունի տարողությունն ամբողջությամբ մոտ 2 անգամ գերազանցում է զարկերակայինին: Սակայն երակային արյան մածուցիկությունը մեծ է, հոսում է փոքր ճնշման տակ և 2 անգամ զարկերակայինից դանդաղ: Դրա շնորհիվ վերջն. արդյունքում սրտի աջ ու ձախ նախասրտեր է լցվում նույնքան արյուն, որքան զարկերակներով դուրս է գալիս փորոքներից: Այսպիսով, առողջ մարդու դեպի սիրտը գնացող արյան հոսքը հավասար է արտահոսքին:

ԵՐԱԿՆԵՐԻ ՀԱՆԳՈՒՑԱՎՈՐ ԼԱՅՆԱՑՈՒՄ, հանգուցավոր երակալայնանք, երակների հիվանդություն: Արտահայտվում է երակների չափերի մեծացմամբ, ձևի փոփոխությամբ և առաձգականության նվազմամբ: Ախտահարվում են առավելապես ստորին վերջույթների մակերեսային երակները, ուղիղ աղիքի երակային հյուսակները (տես Թութք), դռներակային համակարգի (տես Սիրտանոթային համակարգ) և սերմնալարի (տես Սեռական օրգաններ, արական) երակները: Ե.հ.լ-մանը նպաստում են երակային համակարգով արյան հետհոսքը դժվարացնող պայմանները, մասնագիտության (խոհարարներ, մատուցողներ, գործակատարներ, վարսավիրներ և ուր.) հետ կապված երկարատև կանգնած աշխատելը, կոնքի երակներում կանգային երևույթների առկայությունը (օրինակ. համառ փորկապության, նստակյաց աշխատանքի և այլ դեպքերում): Հիվանդությանը նպաստում են նաև երակային պատի բնածին թուլությունը և երակային փականների անբավարարությունը:

Ավելի հաճախ հանդիպում է ստորին վերջույթների Ե.հ.լ, որի դեպքում լայնացած երակները երևում են մաշկի տակից կամ ուռչում ոլորվող հանգույցների տեսքով (այսպես կոչված՝ հանգուցավոր հանգույցներ): Սնուցման խանգարման հետևանքով այդ խիստ բարակում է և հեշտությամբ վնասվում, մաշկի վրա առաջանում են մուգ դարչնագույն կամ գորշ բծեր (գունակավորում): Մաշկի սնուցման խանգարումը ժամանակի ընթացքում կարող է առաջացնել սնուցող. (տրոֆիկ.) խոց: Ե.հ.լ. հաճախ ուղեկցվում է (հիմնականում օրվա վերջին) վերջույթների այտուցով: Հիվանդները քայլելիս շուտ են հոգնում, ոտքերում առաջանում են ծանրության զգացում և ցավեր, որոնք սաստկանում են երկար ժամանակ կանգնած մնալիս և երեկոյան: Հիվանդությունն առաջադիմելիս վերջույթների այտուցն ավելանում է, քայլելը՝ օրեցօր դժվարանում: Լայնացած երակներում առաջացող փոփոխությունները, արյան հոսքի դանդաղումը նպաստում են երակներում բորբոքային գործընթացների առաջացմանը և անոթների խցանմանը (տես Թրոմբոֆլեբիտ):

Հիվանդության խորացումը և բարդությունները կանխելու համար անհրաժեշտ է հետևողականորեն կատարել կանխարգելիչ միջոցառումներ: Դրանք ավելի արդյունավետ են հիվանդության վաղ շրջանում, երբ երակների լայնացումն աննշան է, ուստի անհրաժեշտ է որքան հնարավոր է շուտ դիմել բժշկի և կատարել նրա խորհուրդները: Նախ պետք է վերացնել բնականոն արյան շրջանառությանը խանգարող բոլոր գործոնները: Նստակյաց աշխատանքի դեպքում հիվանդ ոտքին պետք է հորիզոն. դիրք տալ: Նպատակահարմար է յուրաքանչյուր 1-1,5 ժ մեկ մի քիչ քայլել կամ 10-15 անգամ կանգնել ոտքի մատների վրա: Դրա հետևանքով մկանները կծկվում են և լավացնում արյան շրջանառությունը, ուժեղացնում երակային արյան հոսքը: Նշված վարժությունները խորհուրդ է տրվում նաև կանգնած վիճակում աշխատողներին, սակայն ընդմիջումները պետք է կատարել ավելի հաճախ՝ 45-50 ր մեկ: Աշխատանքից հետո ոտքերի համար լավագույն հանգիստը դանդաղ զբոսնելն է: Լավ կանխարգելիչ արդյունք է տալիս առաձգական բինտով փաթաթելը: Դա արվում է առավոտյան, անկողնում, ոտքը թեթևակի բարձրացրած վիճակում: Ոտնաթաթը պետք է բարձրացնել սրունքի նկատմամբ ուղիղ անկյան տակ, փաթաթել ոտնաթաթի մատների հիմքից մինչև ազդրի ստորին 1/3-ը կամ մինչև ծունկը (բժշկի խորհրդով), կրունկը թողնել բաց: Վիրակապը դնելիս պետք է բինտը հավասարաչափ ձգել և կիսով չափ ծածկել նախորդ գալարը: Կարելի է օգտագործել նաև առաձգական գուլպա (բժշկի խորհրդով): Ե.հ.լ-ման արտահայտված ձևի դեպքում խորհուրդ է տրվում վիրահատություն՝ լայնացած երակների հեռացում: Վիրահատված վերջույթը սովորաբար մի քանի ամիս կապում են առաձգ. բինտով: Խորհուրդ է տրվում բուժ. ֆիզկուլտուրա: Առանձին դեպքերում բժիշկը կարող է նշանակել հատուկ դեղանյութերի ներարկում հանգուցավոր լայնացած երակների մեջ, որն առաջացնում է անոթների պատերի սոսնձում: ԵՐԵԽԱՅԻ ՀՈԳԵԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ, հոգեկան ֆունկցիաների և անձի հասունացման ու բարդացման բարդ գործընթաց, որը տեղի է ունենում ժառանգակենսբ. և սոցիալ. մի շարք գործոնների (դաստիարակություն, ուսուցում, շրջակա միջավայրի ազդակներ) ազդեցությամբ: Երեխայի հոգեկանը գտնվում է անընդհատ զարգացման մեջ, որը ոչ միշտ է ընթանում համաչափ. զարգացման համեմատաբար դանդաղ շրջաններն աստիճանաբար փոխարինվում են բուռն զարգացման շրջաններով: Յուրաքանչյուր տարիքային շրջան բնորոշվում է երեխայի անատոմիաֆիզիոլոգ. և հոգեբան. առանձնահատկություններով, սոցիալ. նոր պահանջմունքներով և շրջապատող միջավայրի հետ փոխհարաբերության որոշակի բնույթով:

Երեխայի զարգացման գործընթացում աստիճանաբար խորանում են նրա գիտելիքները, զարգանում են մտավոր կարողությունները, ձևավորվում երեխայի անձը և վերաբերմունքը շրջապատի նկատմամբ: Առանձին հոգեկան ֆունկցիաներ հասունանում են հաջորդաբար և շրջաններով. 1-ին շրջանը, որի ընթացքում զարգանում են հիմն. շարժող, ֆունկցիաները, ընդգրկում է ծննդյան օրից մինչև 1 տարեկանը, 2-րդը՝ ավելի բարդ շարժող. ֆունկցիաների զարգացումը և զգայական ոլորտի հասունացումը՝ 1-3 տարեկանը, 3-րդ շրջանը՝ հուզ. ոլորտի զարգացումը՝ 3-12 տարեկանը, 4-րդը՝ մտածող. գործունեության հասունացումը՝ 12 տարեկանից բարձր: Շրջանների բաժանումը չի նշանակում, որ յուրաքանչյուր հոգեկան ֆունկցիայի ձևավորումն սկսվում և ավարտվում է խիստ սահմանված ժամկետներում: Հոգեկան նոր որակը, նոր ֆունկցիան սկսում են ձևավորվել զարգացման նախորդ շրջանների հիմքի վրա: Հաջորդական շրջանների բաժանումը որոշ չափով պայմանական է:

Հոգեկանի զարգացման 1-ին շրջանում տեղի են ունենում առավելապես շարժող. ֆունկցիաների հասունացում և տարբերակում: Երեխայի հակազդեցությունը նրա կյանքի 1-ին շաբաթում հիմնականում դրսևորվում է շարժողությամբ (ճիչ, շարժող. անհանգստություն ևն): Դրանք առաջանում են ցանկացած գրգռիչների (ցուրտ, քաղց, մարմնի դիրքի