Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/206

Այս էջը հաստատված է

ընդլայնումը կարելի է սկսել միայն բժշկի թույլտվությամբ: Այդ բոլորը նպաստում է սուր Ե-ի առավել արդյունավետ բուժմանը և քրոնիկ-ի անցման կանխմանը: Ժամանակին և ճիշտ բուժման դեպքում սուր Ե., որպես կանոն, ավարտվում է առողջացմամբ: Սուր Ե-ից հետո հիվանդները պետք է խուսափեն գերհոգնածությունից, գերսառեցումից:

Սուր Ե-ի կանխարգելումն ամենից առաջ պայմանավորված է օրգանիզմի կոփմամբ՝ առանց գերսառեցման: Կարևոր նշանակություն ունեն սուր վարակիչ հիվանդությունների կանխարգելումը և վաղ ու արագ բուժումը, օրգանիզմում քրոնիկ. վարակի օջախների վերացումը:

Քրոնիկական Ե-ի դեպքում պարբերաբար առաջանում են սրացումներ, հիվանդության ախտանշաններն այդ շրջանում նույնն են, ինչ սուր ձևի ժամանակ, բայց քիչ արտահայտված: Քրոնիկ. Ե-ով հիվանդները պետք է գտնվեն դիսպանսերային հսկողության տակ (տես Դիսպանսերացում), որի նպատակը հիվանդության սրացման կանխումն է: Այդ առումով կարևոր նշանակություն ունի նշագեղձերի բորբոքման, ըմպանաբորբի և այլ վարակիչ հիվանդությունների (հատկապես ստրեպտոկոկային) ժամանակին բուժումը:

Քրոնիկ. Ե-ի դեպքում աճում է սննդակարգի դերը հիվանդների ընդհանուր բավարար վիճակի պահպանման, ախտահարված երիկամների պահպանված ֆունկցիոնալ հնարավորությունների օգտագործման հարցում: Այդպիսի դեպքերում բժիշկը հաշվի է առնում օրգանիզմի և հիվանդության ընթացքի առանձնահատկությունները: Քրոնիկ. Ե-ով հիվանդները պետք է կատարեն բժշկի հանձնարարականները՝ ռեժիմի առումով, խուսափեն վարակիչ հիվանդների հետ շփվելուց, գերսառեցումից, ծանր ֆիզ. աշխատանքից, նյարդային ցնցումներից:

Քրոնիկ. Ե-ով հիվանդներին խորհուրդ է տրվում բնակվել չոր և տաք կլիմայական գոտում: Ընդհանուր բավարար վիճակի առկայության և բարդությունների բացակայության դեպքերում խորհուրդ է տրվում բուժվել առողջավայրերում:

Քրոնիկ. Ե-ով հիվանդները, մինչև առողջանալը, պետք է գտնվեն դիսպանսերային հսկողության տակ: Բժշկի ժամանակին չդիմելու, ուշացած բուժման, բժշկի նշանակումները չկատարելու (սննդակարգ, ռեժիմ ևն) դեպքերում կարող է առաջանալ երիկամային անբավարարություն՝ օրգանիզմում սպիտակուցային փոխանակության թունավոր նյութերի կուտակմամբ, ջրաէլեկտրոլիտային և թթվահիմնային հավասարակշռության խանգարմամբ (տես Միզարյունություն): Նախկինում միզարյունությունից մահացող Ե-ով հիվանդների օգնության բնագավառում բժշկագիտության մեծ նվաճում է «արհեստ. երիկամ» սարքը, որի օգնությամբ կատարվում է արյան մաքրում (հեմոդիալիզ):

Տես նաև Միզարտադրության համակարգ:

ԵՐԻԿԱՄԱՔԱՐԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ, տես Միզաքարային հիվանդություն:

ԵՐԻԿԱՄԻ ՋՐԱԿԱԼՈՒՄ, հիդրոնեֆրոզ, երիկամային ավազանի և երիկամի սկահակների կայուն լայնացում՝ պարենքիմի հետաճմամբ: Առաջանում է մեզի արտահոսի խանգարման հետևանքով:

Ե.ջ. առաջանում է միզաքարային հիվանդության, միզատար ուղիների ուռուցքների, շագանակագեղձի և փոքր կոնքի օրգանների ուռուցքների ու հիվանդությունների ժամանակ, որոնք ուղեկցվում են միզածորանի սեղմումով:

Մեզի արտահոսի դժվարացման հետևանքով երիկամային ավազանն ու սկահակները լայնանում են, և երիկամի պարենքիմի վրա մեզի ճնշումը հանգեցնում է դրա հետաճի, հետևաբար՝ երիկամի ֆունկցիայի խանգարման: Մեզի արտահոսի խանգարումը նպաստավոր պայմաններ է ստեղծում բորբոքային գործընթացի տարածման համար (տես Երիկամաավազանաբորբ):

Հիվանդներն առավել հաճախ գանգատվում են երիկամի շրջանի տարբեր ուժգնության ցավերից (մշտ. մղկտացող ցավերից մինչև երիկամային խիթը): Հաճախ, երբեմն՝ կլինիկ., միակ ախտանշանն արյունամիզությունն է: Առանձին դեպքերում Ե.ջ. հայտնաբերվում է պատահականորեն, որովայնը շոշափելիս ի հայտ է գալիս ծփացող ուռուցքանման գոյացություն: Ե.ջ. կասկածելիս հարկավոր է դիմել ուրոլոգի: Կլինիկ. հետազոտության ժամանակ մեծ նշանակություն ունեն ռենտգենաբան. մեթոդները, ինչպես նաև անդրաձայնային ախտորոշումը (տես Անդրաձայն):

Ե.ջ-ման բուժումն իրականացվում է հիմն. պատճառ հանդիսացող հիվանդության և մեզի արտահոսքը խոչընդոտող գործոնների վերացմամբ: Ելքը պայմանավորված է ընթացքի բնույթով և մյուս երիկամի վիճակով:

1 կողմի երիկամի ջրակալման սկզբն. փուլում վիրահատ. միջամտությունը նպաստում է երիկամի բնականոն ֆունկցիայի վերականգնմանը: Երիկամաավազանաբորբի, երիկամի երկկողմանի ախտահարման, ինչպես նաև 2-րդ երիկամի այլ հիվանդությունների դեպքերում պահանջվում է համալիր բուժում (հակաբորբոքային միջոցներ և վիրահատություն), որի շնորհիվ հիվանդի աշխատունակությունը երկար ժամանակ պահպանվում է:

ԵՐԻԿԱՄՆԵՐ, տես Միզարտադրության համակարգ հոդվածում

ԵՐԿԱՐԱԿԵՑՈՒԹՅՈՒՆ, սոցիալ-կենսբ. երևույթ, բնորոշվում է մարդու կյանքի երկարատևությամբ, որն զգալիորեն գերազանցում է կյանքի միջին տևողությանը: Համաշխարհային առողջապահության կազմակերպության որոշմամբ երկարակյաց են համարվում 90-ից (որոշ վայրերում՝ 100-ից) բարձր տարիք ունեցող անձինք: Հետազոտողները (ելնելով եղած օրինակներից) գտնում են, որ մարդու կյանքի սահմանային ժամկետը 100-150 տարին է: Սակայն հետազոտվող երկարակյացների ճշգրիտ տարիքը հաստատելը դժվար է, քանի որ նրանք հաճախ սխալվում և սովորաբար մեծացնում են այն: Շատ երկարակյացներ են ապրում Կովկասում (առանձնապես Լեռնային Ղարաբաղում, Աբխազիայում և այլուր):

Ե-յան, ինչպես նաև կյանքի միջին տևողության մակարդակի տատանումները տարբեր երկրներում բավականին նշանակալից են: Շատ մարդկային զոհեր և մեծ տնտ. վնասներ կրած երկրներում (Լեհաստան, Հարավսլավիա, Հունգարիա, Ճապոնիա ևն), որտեղ բնակչության առողջությունը քայքայվել է պատերազմի հետևանքով, Ե-յան ցուցանիշներն ավելի ցածր են: Ասիայի և Աֆրիկայի մի շարք զարգացող երկրներում Ե-յան մակարդակը շատ ցածր է, իսկ ԱՄՆ-ում այն բարձր է սպիտակամորթ բնակչության շրջանում:

Ծերացման ֆիզիոլոգ. բնույթն ապահովող Ե-յան հիմքում ընկած է հարմարվող. մեխանիզմների նշանակալից արտահայտվածությունը: Երկարակյացների հիմն. ֆիզիոլոգ. համակարգերի փոփոխությունները տարիքի հետ սահուն են տեղի ունենում, իսկ օրգանիզմի մի շարք համակարգերի վիճակի շատ պարամետրեր նույնն են, ինչ ավելի երիտասարդներինը (օրինակ՝ արյան ձևաբան. և կենսաքիմ. կազմությունը, սիրտանոթային, ներզատիչ, կենտր. նյարդային համակարգերի որոշ ցուցանիշները), և այդ մարդիկ ավելի դանդաղ են ծերանում:

Սովորաբար երկարակյաց մարդիկ պատկանում են ուժեղ հավասարակշռված բարձրագույն նյարդային գործունեության