Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/21

Այս էջը հաստատված է

կաթում՝ 5,5-8,4 %, կովի կաթում՝ 4-5 %: Կրծքի երեխաների համար սննդի կարևոր բաղադրամաս է:

Աղիքահյութում կաթնաշաքար ճեղքող ֆերմենտի բնածին բացակայության դեպքում առաջանում է հիվանդություն, որը շատ վաղ է դրսևորվում և ուղեկցվում է փսխումով, լուծով, փորափքանքով, ջրազրկմամբ, աստիճան․ նիհարումով: Մեզի հետ հեռանում են զգալի քանակությամբ կաթնաշաքար և շատ ամինաթթուներ: Բուժման համար սննդի կաթնաշաքարը պետք է փոխարինել եղեգնաշաքարով, խաղողաշաքարով և այլ շաքարներով:

Եղեգնաշաքարը կազմված է խաղողաշաքարի և պտղաշաքարի մնացորդներից: Լայնորեն տարածված է բուս․ աշխարհում և հիմն․ սննդային Ա-ից է: Սննդի մեջ օգտագործվում է շաքարի ճակնդեղից և եղեգից ստացված շաքարը:

Աղիքահյութում վերջինս ճեղքող ֆերմենտի՝ սախարազի բացակայության պատճառով առաջանում է հիվանդություն, որը դրսևորվում է եղեգնաշաքարի նկատմամբ օրգանիզմի ժառանգ․ անհանդուրժողականությամբ: Երեխաների մոտ այն առաջանում է խառը սնուցման անցնելիս: Նկատվում է լուծ, երեխան նիհարում է, եղեգնաշաքարը չի յուրացվում և դուրս է գալիս օրգանիզմից: Բուժման նպատակով օրաբաժնից պետք է հանել եղեգնաշաքարը կամ սննդի հետ տալ համապատասխան ֆերմենտների պատրաստուկներ:

Բազմաշաքարները Ա-ի բարձրամոլեկուլային բնական միացություններ են՝ կազմված մեծ քանակությամբ միաշաքարների օղակներից: Կատարում են կառուցվածքային և սննդային ֆունկցիա: Բնության մեջ առավել տարածված են թաղանթանյութը, օսլան և գլիկոգենը:

Թաղանթանյութը (բջջանյութ) բուս․ հյուսվածքների հիմն․ կառուցվածքային բաղադրամասն է: Պարունակվում է հիմնականում բուս․ բջիջների պատերում: Մոլեկուլը բաղկացած է ուղիղ, երկար կապերով միմյանց միացած խաղողաշաքարի մնացորդներից: Վատ մարսվելիության շնորհիվ այն խթանում է մարդու աղիքների գալարակծկանքը, կարգավորում դրանց գործունեությունը:

Օսլան բույսերի հիմն․ պահեստային սննդանյութն է: Այդ կարևորագույն սննդային բազմաշաքարը մեծ քանակությամբ պարունակվում է կարտոֆիլի պալարներում, հացահատիկներում, մրգերում:

Գլիկոգենը կամ կենդ․ օսլան մարդու և կենդանիների կարևոր պահեստային բազմաշաքար է: Օրգանիզմում այն հիմնականում կուտակվում է լյարդում (մինչև 20 %), մկաններում (4 %): Բազմաշաքարների փոխանակության խանգարման հետևանքով առաջանում են ծանր ժառանգ․ հիվանդություններ, որոնք չեն բուժվում հատուկ սննդակարգով: Դրանցից են գլիկոգենոզները (բնածին), որոնք բնորոշվում են լյարդում, սրտամկանում, կմախքային մկաններում, երիկամներում, փայծաղում, թոքերում և այլ օրգաններում գլիկոգենի մեծ կուտակումներով: Հիվանդության բնորոշ ախտանշան է արյան մեջ խաղողաշաքարի ցածր կոնցենտրացիան (թերշաքարարյունություն) այն դեպքում, երբ գլիկոգենի պարունակությունը հյուսվածքներում մեծ է, որը չի ենթարկվում ադրենալինի և գլյուկագոնի ազդեցությանը (տես Հորմոններ): Կուտակվելով բջիջներում՝ գլիկոգենն առաջացնում է դրանց կազմափոխություն և մահ: Գլիկոգենոզի դեպքում նկատվում է մկանային թուլություն, աճի կասեցում, ճարպակալում, ախտահարվում են լյարդը և երիկամները: Հիվանդությունները կապված են ածխաջրային փոխանակությանը մասնակցող մի շարք ֆերմենտների բացակայության հետ, ընդ որում՝ յուրաքանչյուր տեսակի գլիկոգենոզի համար բնորոշ է որոշակի ֆերմենտի անբավարարությունը, թեպետ կա նաև խառը տիպի հիվանդություն:

Մարդու և կաթնասուն կենդանիների շարակցական հյուսվածքի ձևավորման և բնականոն գործունեության համար կարևոր նշանակություն ունեն մուկոբազմաշաքարները, օրինակ՝ հիալուրոնաթթուն, քոնդրիոտինսուլֆատները:

Բարդ Ա., սննդի հետ թափանցելով մարդու օրգանիզմ, մարսողության համակարգի բազմաթիվ ֆերմենտներով ճեղքվում են մինչև միաշաքարների, որոնք աղիքներից ներծծվում են արյան մեջ, լուծված վիճակում անցնում են լյարդ և հատուկ ֆերմենտների օգնությամբ փոխարկվում խաղողաշաքարի: Վերջինիս մի մասը վերածվում է գլիկոգենի, մյուսը՝ արյան հոսքով տարվում է օրգաններ ու հյուսվածքներ և օգտագործվում գլիկոգենի, ճարպերի ու փոխարինելի ամինաթթուների սինթեզի համար: Խաղողաշաքարի հաստատուն կոնցենտրացիան արյան մեջ պահպանվում է չափազանց բարդ մեխանիզմի օգնությամբ, որին մասնակցում են մեծ քանակությամբ ֆերմենտներ, հորմոններ (ինսուլին, գլյուկագոն) և նյարդային համակարգը: Սննդի հետ շատ Ա․ օգտագործելիս խաղողաշաքարի բնականոն կոնցենտրացիան արյան մեջ և հյուսվածքներում հնարավոր է պահպանել լյարդի ու հատկապես մկանների բջիջների կողմից՝ դրանից պահեստային բազմաշաքարը՝ գլիկոգենը, սինթեզելու շնորհիվ: Վերջինս անհրաժեշտության դեպքում մի շարք բարձրմասնագիտացված ֆերմենտների օգնությամբ կարող է նորից փոխարկվել խաղողաշաքարի, որը կարևոր նշանակություն ունի բուս․ և կենդ․ բջիջներում ընթացող նյութափոխանակության մեջ, որպես էներգիայի աղբյուր: Ֆերմենտային ռեակցիաների բարդ շղթայի հետևանքով խաղողաշաքարն օքսիդանում է՝ առաջացնելով ածխաթթու գազ և ջուր, որն ուղեկցվում է ադենոզինեռֆոսֆորաթթվի (ԱԵՖ) առաջացմամբ: Վերջինիս մոլեկուլի ֆոսֆոր-թթվածին քիմ. կապի էներգիան այնքան մեծ է, որ կարող է ապահովել էներգիայի ծախսով ընթացող շատ կենսբ. գործընթացներ (սպիտակուցների, նուկլեինաթթուների, ճարպերի, բարդ Ա-ի կենսասինթեզ, մկանային կծկում ևն): Խաղողաշաքարի փոխանակության միջանկյալ նյութերը մի շարք դեպքերում ընդհանուր են դառնում ամինաթթուների և ճարպաթթուների փոխանակության միջանկյալ նյութերի հետ: Բացի այդ, որոշ ամինաթթուներից կարող է սինթեզվել խաղողաշաքար՝ ֆոսֆորային ածանցյալների ձևով, որը գլիկոգենի փոխանակության հետ միասին կարևոր նշանակություն ունի հյուսվածքներում և արյան մեջ խաղողաշաքարի հաստատուն կոնցենտրացիայի պահպանման գործում: Այսպիսով՝ կենդանի օրգանիզմի բջիջներում սերտ կապ գոյություն ունի Ա-ի, սպիտակուցների ու ճարպերի փոխանակության միջև (տես Նյութերի և էներգիայի փոխանակություն): Խաղողաշաքարը մասնակցում է նաև այլ միաշաքարների առաջացման գործընթացներին:

Մեծ քանակությամբ խաղողաշաքարի անցումն աղիքներից արյան մեջ հանգեցնում է սննդային գերշաքարարյունության, որն արդյունք է Ա-ով հարուստ սննդի ընդունման: Խիստ բարձր սննդային գերշաքարարյունության դեպքում խաղողաշաքարը հեռացվում է մեզի հետ (շաքարամիզություն), որն առողջության համար վտանգավոր չէ:

Հուզումների ժամանակ գլխուղեղի կեղևում առաջացած դրդումը տարածվում է երկարավուն ուղեղ, որտեղից սիմպաթիկ նյարդի ճյուղերով՝ մակերիկամների միջուկային նյութին: Դա հանգեցնում է ադրենալինի արտազատման ուժեղացմանը և նպաստում լյարդում գլիկոգենի ճեղքմանը մինչև խաղողաշաքարի, որն