Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/211

Այս էջը հաստատված է

կամ մկանահոդային Զ-յան շնորհիվ օրգանիզմն արձագանքում է տարածության մեջ մարմնի մասերի դիրքի փոփոխությանը:

Գրգռմանն ի պատասխան՝ ընկալիչներում առաջանում են ազդանշաններ (նյարդային ազդակներ), որոնք զգացող նյարդային ուղիներով հաղորդվում են գլխուղեղ, որտեղ տեղի է ունենում ստացված գրգիռների վերլուծություն, և առաջանում է համապատասխան զգացողություն (ցավի, ջերմաստիճանի, հպման, ճնշման ևն): Ընկալիչների կառուցվածքը բազմազան է՝ նյարդային պարզ վերջավորություններից մինչև յուրահատուկ գրգիռներ ընկալող բարդ մասնագիտացված բջիջներ: Ընկալիչների դրդելիությունը հաստատուն չէ և կախված է դրանց վիճակից ու կենտր. նյարդային համակարգից, որը կարող է փոխել ընկալիչների գործունեությունը:

Զգացողության առաջացման համար անհրաժեշտ է, որպեսզի գրգռիչն ունենա բավարար ուժ: Որքան մեծ են գրգռման ուժն ու տևողությունը, այնքան ուժեղ է զգացողությունը: Այսպես՝ մաշկի վրա նվազագույն ուժի որևէ գրգռիչի ազդեցության դեպքում առաջանում է հպման, գրգռիչի ուժը մեծացնելիս՝ ճնշման, իսկ ավելի ուժեղացնելիս՝ ցավի զգացողություն:

Ընկալիչների վրա ազդող գրգիռներն օրգանիզմի համար ինֆորմացիայի աղբյուր են՝ շրջակա միջավայրում և իր ներսում տեղի ունեցող անընդհատ փոփոխությունների բազմազանության մասին: Ցրտի կամ տաքի, հպման կամ ցավի մասին զգայարանների ընկալած տեղեկությունը գլխուղեղ է հասնում միատեսակ ազդանշանների ձևով, որտեղ դրանք ենթարկվում են վերլուծության և ընկալվում միանգամայն որոշակի զգացողության տեսքով: Պարզվել է, որ դա տեղի է ունենում, որովհետև տեղեկությունը նյարդաթելերով գլխուղեղ է հաղորդվում կոդավորված ձևով՝ ազդակների առանձին խմբերի տեսքով կամ, այսպես կոչված, «համազարկով» (միանգամից): Ըստ մեծության և տևողության՝ ազդակները միատեսակ են, բայց տարբերվում են հաճախությամբ և 1 «համազարկում» եղած դրանց թվով, որն ապահովում է բազմազան տեղեկության հաղորդումը գլխուղեղ:

Որոշ զգայարաններում կան ընկալիչներ, որոնք տարբեր կերպ են արձագանքում գրգռիչի ներգործությանը կամ դրա ազդեցության դադարեցմանը: Մի մասը պատասխանում է սոսկ գրգռիչի «միացմանը», մյուսը՝ «անջատմանը», որոշ ընկալիչներ էլ՝ և՛ «միացմանը», և՛ «անջատմանը»: Ըստ զգայարանների վրա ազդող գրգռիչի ուժի՝ դրդվում են շատ կամ քիչ ընկալիչներ, որոնցից ստացվող ազդակները հաղորդվում են տարբեր քանակի նյարդաթելերով: Բազմաթիվ ուղիներով ընկալիչներից ստացվող ազդակները գլխուղեղի համար ծառայում են ծավալուն տեղեկության աղբյուր:

Գրեթե բոլոր ընկալիչների ընդհանուր հատկությունը գրգռիչի ուժին հարմարվելն է: Դա արտահայտվում է մշտապես ազդող գրգռիչի հանդեպ Զ-յան նվազումով, իսկ սուբյեկտիվորեն՝ հաստատուն գրգռիչի (օրինակ՝ հոտի, աղմուկի, լույսի ևն) ներգործությանը հարմարվելով: Մտնելով սենյակ, որտեղ ծխել են, անմիջապես զգացվում է ծխախոտի հոտը, բայց մի քանի ր մնալուց հետո այն անցնում է: Հագնվելիս զգում ենք հագուստի ճնշումը, բայց շատ արագ դադարում ենք զգալ նույնիսկ նրա հպումը: Ճիշտ այդպես էլ հարմարվում ենք աղմուկին, լույսին, նույնիսկ՝ ցավին: Եթե մաշկի մեջ ասեղ մտցնենք և չշարժենք, ապա ծակոցի ցավն արագ կդադարի, և մենք չենք զգա ասեղի առկայությունը: Ցավի զգացումը նորից կառաջանա, եթե փոխենք ասեղի դիրքը, այդ դեպքում գրգռվում են այլ ընկալիչներ, որոնք դեռ չեն հարմարվել:

Զգայնության խանգարումները: Զ-յան յուրաքանչյուր փոփոխություն (նվազում կամ բարձրացում, աղավաղում կամ նույնիսկ լրիվ կորուստ) հանդիպում է տարբեր հիվանդությունների ժամանակ (օրինակ՝ ընկալիչների, նյարդային ուղիների՝ հաղորդիչների և գլխուղեղի կենտրոնների վնասվածքների դեպքերում): Խանգարումները տատանվում են Ջ-յան մի փոքր նվազումից մինչև լրիվ կորուստը: Կարող է լինել նաև Զ-յան բարձրացում, երբ թեթև հպումն անգամ ընկալվում է որպես սաստիկ ցավ: Կարևոր խանգարումներից է ցավի զգացողության կորուստը: Ցավն ազդակ է վնասակար գրգռման մասին: Եվ մարդը, կորցնելով այդ զգացողությունը, ուշադրություն չի դարձնում ազդակներին ու չի կարող ժամանակին խուսափել վտանգից: Ջերմաստիճանային զգացողության հաղորդիչներն անցնում են ցավայինի հետ միասին: Ուստի, սովորաբար ցավի ընկալման խանգարման հետ կորչում է նաև սառը և տաքը զգալու ունակությունը: Այդպիսի մարդը կարող է ուժեղ այրվածք ստանալ և չզգալ, օրինակ՝ ողնուղեղի հիվանդության (սիրինգոմիելիայի) դեպքում, երբ խանգարվում են ցավային և ջերմաստիճանային Զ-ները:

Բնականոն շարժումների համար խիստ կարևոր է սեփական ընկալման Զ-յան վիճակը: Դրա ազդակներն առողջ մարդու օրգանիզմում սովորաբար չեն ամրապնդվում գիտակցությամբ, բոլոր շարժումները կատարվում են ինքնաբեր: Բայց եթե փակեք աչքերը և որևէ մեկին խնդրեք շարժել ձեր մատները, ապա կարելի է ճշտորեն որոշել, թե ինչ շարժում է արվում: Դա նշանակում է, որ կարելի է վերահսկել տարածության մեջ սեփական մարմնի դիրքը: Այդ զգացման կորստի դեպքում շարժումները դադարում են ճշգրիտ, համաձայնեցված լինելուց, և մարդը դժվարությամբ է քայլում, գրում, գդալով ուտում, որևէ աշխատանք կատարում, մանավանդ փակ աչքերով, քանի որ այդ դեպքում անջատվում է շարժումների վրա տեսող. հսկողությունը:

Ներքին օրգանների ազդակներն առողջ մարդը չի զգում: Բայց եթե խանգարվում է սրտի, ստամոքսի, աղիքների, երիկամների և այլ օրգանների գործունեությունը, այդ ազդակները հասնում են գիտակցությանը և ազդանշանում վտանգի մասին: Սկզբում դա կարող է արտահայտվել մարմնի որևէ մասում ոչ հասկանալի, տհաճ զգացողությամբ, օրինակ՝ ծանրություն սրտագդալի շրջանում՝ ստամոքսի հիվանդության դեպքում, ծակոց ենթակողերում կամ որովայնում՝ լեղապարկում լեղականգի ու աղիքներում սննդի վատ մարսման ժամանակ և բութ ցավեր գոտկատեղում՝ երիկամների հիվանդության դեպքում: Երբեմն այդպիսի զգացողությունները վերածվում են սուր ցավերի, օրինակ՝ որդանման ելունի բորբոքման կամ ստամոքսի խոցի պատռման (տես Խոցային հիվանդություն) դեպքերում: Ցավը կարող է անտանելի դառնալ սրտամկանի ինֆարկտի, միզածորանով քարի շարժման՝ երիկամաքարային հիվանդության (տես Միզաքարային հիվանդություն) դեպքերում: Ցավը երբեմն կարող է տեղակայվել օրգանից բավականին հեռու, օրինակ՝ ծոծրակում՝ աղիքների հիվանդության, պարանոցում՝ լյարդի հիվանդության և ձեռնաթաթում՝ կրծքային հեղձուկի դեպքերում: Ցավերի բնույթով բժիշկն ախտորոշում է հիվանդությունը: Որովայնի չախտորոշված ցավերի դեպքում առանց բժշկի խորհրդի չի կարելի ջեռակ օգտագործել, քանի որ այն շատ հիվանդությունների ժամանակ վնասակար է: Բուժումը պայմանավորված է Զ-յան խանգարման պատճառի վերացմամբ: Պետք է հիշել, որ ցավազրկող դեղանյութերը չեն բուժում հիվանդությունը, այլ սոսկ վերացնում են ցավային զգացողությունները: